Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 10,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ վեցերորդ

ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Եվ ես նույն ոգով շարունակելով՝ շարունակեցի Նինային հաճոյախոսել, բայց էդ օրվա իմ ասածներին ու արածներին այլեւս չեմ անդրադառնա, որովհետեւ եթե անդրադառնամ, ստիպված կլինեմ եւս մի քանի հարյուր էջ էդ օրվա մասին գրել, բայց դա չեմ անի՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ օրվա մասին արդեն չափից ավելի գրեցի, այլեւ էն պատճառով, որ էդ օրվան հաջորդած օրն էլ էր չափազանց հետաքրքիր ու չափազանց բովանդակալից, եւ ընդհանրապես՝ էդ մոսկովյան երկու տարիներն ամբողջովին էին չափազանց հետաքրքիր ու չափազանց բովանդակալից, եւ մոսկովյան իմ էդ երկու տարիներին հետագայում ամենայն մանրամասնությամբ պիտի անդրադառնամ, որովհետեւ էդ երկու  տարիները կյանքիս վրա ու կյանքիս մեջ իսկապես էական հետքեր են թողել, եւ, դրանից էլ բացի,  Հակոբյան Տիկոն ինձ շարունակում է հիշեցնել, որ էս վեպիս մեջ դեռեւս մարդավարի չեմ անդրադարձել մոսկովյան մեր էդ տարիներին, եւ Նինայի ու իմ անձնական հարաբերություններին էս թռուցիկ անդրադարձս էլ Տիկոյի հետաքրքրություններից ու պերմանենտ հիշեցումներից լրիվ դուրս է, եւ Նինայի ու իմ անձնական հարաբերություններին չէի վերադառնա ու էսքան չէի անդրադառնա, եթե Իսրայելյան Աննան ժամանակ առ ժամանակ չհիշեցներ, որ Լիզայից հետո էս վեպիս սիրային տեսարաններն էականորեն քչություն են անում, եւ եթե  մինչամուսնական կապերիս  անդրադառնալու թույլտվությունը կնոջիցս կորզած չլինեի, էլի իմ ու Նինայի էդ անձնական առնչություններին էսքան ազատորեն ու էսքան մանրամասնորեն չէի անդրադառնա, եւ եթե էս պահին Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը չգտնվեի՝ էլի դժվար թե իմ ու Նինայի էդ օրվան էդքան մանրամասնորեն անդրադառնայի, որովհետեւ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տան էս թիվ 312 սենյակը չափազանց նման է Նինայի էն սենյակին, եւ էստեղի միջանցքն էլ է Դոբրոլյուբովի հանրակացարանի միջանցքին չափազանց նման, եւ ինչպես մոսկովյան իմ էդ կյանքն էր ժամանակավոր, էդպես էլ Ծաղկաձորի էս տասնութ օրերս են  չափազանց ժամանակավոր, մանավանդ որ՝ էդ տասնութից տասնչորսն արդեն անցյալինն են՝ ինչպես որ մոսկովյան էդ երկու տարիներս են ամբողջովին անցյալինը, էլ չասած՝ որ Ծաղկաձորի էս տասնութից տասնչորսն իմ մոսկովյան խորը անցյալի էդ մի օրվա  պատմությամբ էր առլեցուն, եւ քանի որ Ծաղկաձորում  մնալու եւս երեք ամբողջական օր ունեմ, արագորեն կվերադառնամ ու ավարտին կհասցնեմ իմ ու Նինայի էդ ժամանակավոր սիրո պատմությունը, որովհետեւ, ինչքան էլ կնոջիցս մինչամուսնական կապերիս անդրադառնալու իրավունք կորզած լինեմ, իմ ու Նինայի թեման հենց Ծաղկաձորում էլ կփակեմ ու հետս Երեւան չեմ տեղափոխի՝ ոչ միայն էն պատճառով, որ հատկապես Ծաղկաձորի էս ստեղծագործական տան պայմաններն ու իրավիճակներն են համապատասխանում Դոբրոլյուբովի մեր հանրակացարանի պայմաններին ու իրավիճակներին, այլեւ էն պատճառով, որ էդ օրն իմ ու Նինայի միջեւ առանձնապես նոր ու էական բան տեղի չունեցավ, բայց քանի որ արդեն սկսել եմ՝ պարտավոր եմ շարունակել ու ավարտին հասցնել իմ ու Նինայի էդ չափազանց անձնական պատմությունը, մանավանդ որ՝ դրա համար Ծաղկաձորում դեռեւս երեք ամբողջական օր ունեմ, եւ մանավանդ որ՝ իմ ու Նինայի էդ չափազանց անձնական կապն ընդամենը երկուսուկես ամիս տեւեց՝ միանգամայն օբյեկտիվ պատճառներով, եւ եթե էդ երկուսուկես ամսից էլ հանեմ ծննդյան տոների առթիվ Երեւանում անցկացրած տասնհինգ օրերս, պարզ կդառնա, որ իմ ու Նինայի էդ չափազանց անձնական հարաբերությունները ոչ թե երկուսուկես ամիս են տեւել, այլ ընդամենը՝ երկու ամիս, եւ չնայած մեր էդ չափազանց անձնական հարաբերությունների առաջին երկու ու երեք օրերն իսկապե՛ս դարից երկար ու բովանդակալից էին, ես առանձնապես ավելացնելու բան չունեմ, մանավանդ որ՝ առանց էդ էլ մի քիչ չափազանցրի՝ հատկապես համբույրների մասով, իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես իմ ու իր էդ չափազանց անձնական երկու ամիսներին, մեր հետագա օրերն ընդհանուր առմամբ մեր էդ առաջին երկու ու երեք օրերի թույլ կրկնությունն էին, եւ շարունակելով ասեմ, որ չնայած ուզբեկի տված կոնյակը մեզ հավելյալ տաքություն պարգեւեց, էդ օրվանից առանձնապես այլ բան մեջս չի տպավորվել, եւ չնայած մեր հետագա օրերը չափազանց նման էին իրար, այդուհանդերձ, ես ու Նինան իրարից չէինք ձանձրանում, որովհետեւ, ինչպես մեր առաջին մի քանի օրերի բոլոր ժամերը, րոպեներն ու վայրկյաններն էին կյանքով լեփլեցուն, հաջորդած օրերի ժամերը, րոպեներն ու վայրկյաններն էլ էին լեփլեցուն կյանքով, եւ չնայած հաջորդած օրերի իմ ու Նինայի ասածներն ու արածներն առաջին օրերի մանրամասնությամբ չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ իմ ու իր հետագա օրերն էլ էին կյանքով լեփլեցուն, եւ չնայած ուզբեկի կոնյակից հետո մենք չափազանց երկար ու չափազանց խորը քնեցինք, մեր զարթնելուց հետո էլ էր կյանքը մեջներս եռում, եւ չնայած արթնանալուց հետո՝ հաջորդ առավոտ Նինան աշխատանքի գնաց, եւ չնայած իր գնալուց հետո եւս մի քանի ժամ քնեցի, վերջնականապես արթնանալուցս հետո էլ էր ուշքումիտքս ինքը, բայց քանի որ ինքն իմ մտքից չբացակայելով՝ բացակայում էր Դոբրոլյուբովի հանրակացարանի իր էդ սենյակից, ես հագնվելով ու սուրճն ինքնուրույն եփելով՝ ինձ տեղափոխեցի իր գրասեղանի մերձակայք, եւ, հիշում եմ, սուրճս ըմբոշխնելով՝ թուղթ ու գրիչ էի փնտրում, եւ, հիշում եմ, սուրճը բերնեբերան էի լցրել ու եփել, որ հետագայում եփելու անհրաժեշտություն չառաջանար, եւ, հիշում եմ, թուղթ ու գրիչ չգտնելով՝ սկսեցի դարակները քչփորել, ու, հիշում եմ, վերեւից երկրորդ դարակում գրիչներից ու մաքուր թղթերից բացի՝ գրոտած ինչ-որ թղթեր էլ կային, եւ գրոտած էդ թղթերն աչքի անցկացնելով՝ գլխի ընկա, որ բանաստեղծություններ են, եւ ընթերցանության մեջ ընկղմվելով՝ շուտով հասկացա, որ անձամբ Նինայի գրած բանաստեղծություններն են, որովհետեւ իրեն արդեն էնքան լավ էի զգում ու ճանաչում, որ իր էդ տողերի արանքներից շարունակ իր կենսուրախ ժպիտն ու իր չափազանց ծանր լրջությունն էին հառնում, ու էդ բանաստեղծությունների շնորհիվ ինքը բավական ժամանակ շարունակում էր իր էդ սենյակում ներկա գտնվել, եւ երբ իր էդ բանաստեղծություններից վերջնականապես հագեցա, անկախ ինձանից՝ վերեւից երրորդ դարակը բացեցի, որի պարունակությունն ավելի հետաքրքիր էր, քան նույնիսկ՝ երկրորդ դարակինը, եւ առանց ձգձգելու ասեմ, որ վերեւից երրորդ էդ դարակը լեփլեցուն էր Սոկոլովի ծրարներով, եւ եթե էդ ծրարների վրա Սոկոլովի ազգանունը գրված չլիներ էլ, ես առանց դժվարության՝ ոճից ու բովանդակությունից գլխի կընկնեի, որ էդ նամակները մեր կուրսի ավագի գրչին էին պատկանում, եւ ինչպես ենթադրվում էր, էդ գրությունների գլխավոր ու հիմնական հերոսն իմ համակուրսեցի արձակագիր Ալեքսանդր Ռոդիոնովն էր, եւ չնայած սկզբում ագահաբար ու մեծ հետաքրքրությամբ սկսեցի կարդալ, շուտով ձանձրացա ու ընթերցանությունս դադարեցրի, որովհետեւ էդ նամակների հիմնական բովանդակությունը գրեթե նույնն էր, եւ ինչպես ալթայցի արձակագիր Սանյա Ռոդիոնովի օրերն էին իրար նման, էդպես էլ էդ նամակների բովանդակությունն էր միօրինակ կրկնվում, ու էդ միօրինակությունն ինձ շուտով ձանձրացրեց եւ չէր էլ կարող չձանձրացնել, որովհետեւ էդ բոլոր նամակների մեջ մեր համակուրսեցի արձակագիր Ռոդիոնով Սանյան մի գլուխ խմում ու գոռգոռում էր. այսինքն, մեր ավագ Սոկոլովի էդ նամակները միանգամայն ռեալիստական էին, եւ ոչինչ չափազանցված չէր, ու հենց է՛դ պատճառով էին ձանձրալի ու անհետաքրքիր, ավելի ճիշտ՝ որոշ ժամանակ ա՛նց անհետաքրքիր դարձան, եւ միօրինակությունից ու կրկնություններից հոգնելով ու ձանձրանալով՝ շուտով Նինայի էդ դարակը փակեցի, եւ, հիշում եմ, էդ ընթերցանությունիցս հետո Սոկոլովի հանդեպ զզվանքս առանձնապես չավելացավ՝ երեւի էն պատճառով, որ էդ կարդացածներիս մեջ իմ մասին որեւէ բառ չկար, ու երեւի նաեւ էն պատճառով, որ, ինչպես Սոկոլովն էր պնդում, էդ նամակներից որեւէ մեկն անստորագիր չէր. այսինքն, բոլոր էդ նամակների տակ միանգամայն ընթեռնելի շողշողում էին մեր կուրսի ավագի Եմելյան անունն ու Սոկոլով ազգանունը, ընդ որում՝ մեքենագիր ու միանգամայն ընթեռնելի, եւ անվան ու ազգանվան կողքին էլ գրիչով չափազանց վարժ ստորագրությունն էր, եւ ծրարների վրա էլ էին մեր կուրսի ավագի մեքենագիր անունն ու ազգանունը շողշողում, ընդ որում՝ իր Եմելյան անունը փոքրատառերով էր մեքենագրված, իսկ ՍՈԿՈԼՈՎ ազգանունը՝ գլխատառերով, բայց էդ նամակների բովանդակությունից որեւէ մանրամասն չեմ հիշում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ նամակների բովանդակության մեջ որեւէ առանձնահատուկ բան չկար՝ Սանյայի գինարբուքներից, խումհարներից ու գոռգոռոցներից բացի, այլեւ էն պատճառով, որ էդ նամակներն  ընթերցանությանս պահին արդեն ժամանակավրեպ էին, որովհետեւ էդ ընթերցանությանս պահին արդեն գիտեի, որ Սոկոլովն ամենից շատն էր Սանյայի էդ «Լիտգազետայի» պատմվածքը հավանել, ու նաեւ էդ հանգամանքը հաշվի առնելով՝ էդ պահին արդեն գիտեի, որ Սոկոլովն այլեւս Սանյայի մասին որեւէ բան չի գրելու, եւ չնայած էդ պահին դեռեւս չգիտեի, որ նոր տարուց անց Սոկոլովն ու Սանյան տարիուկես անխափան ընկերություն են անելու, այդուհանդերձ, էդ ընկերության սաղմերն ակնհայտ էին, ավելի ճիշտ՝ սաղմը, ու էդ սաղմը Սոկոլովի համար Սանյայի էդ բազմաչարչար պատմվածքն էր, եւ Սանյայի համար՝ Սոկոլովի կողմից էդ բազմաչարչար պատմվածքի գովաբանութունն ու մեծարումը, եւ ինչպես կյանքը ցույց տվեց՝ էդ պատմվածք սաղմը միանգամայն բավարար էր, որպեսզի հետագա տարիուկեսը Սոկոլովն ու Սանյան անխափան ընկերություն անեին՝ համատեղ ներկայացնելով մեր կուրսի մեծապետական ու մեծառուսական թեւը, եւ որ քիչ առաջ ասացի թե՝ ծննդյան տոներից հետո Սոկոլովը Սանյայի վերաբերյալ որեւէ բան չգրեց, էնքան էլ ճիշտ չասացի, որովհետեւ Սոկոլովն իր նամակագրությունը դադարեցնելով՝ սկսեց վրա-վրա պատմվածքներ գրել, ու էդ պատմվածքներից մեկը՝ որ Սոկոլովը գրեց ու այնուհետեւ տպագրեց իրենց Օմսկի գրական ամսագրում, նվիրված էր «տաղանդավոր գրչեղբորս՝ Ալեքսանդր Ռոդիոնովին», եւ չնայած էդ պատմվածքի գլխավոր հերոսը գյուղական մեխանիզատոր էր, շատ կողմերով եւ հատկապես հայրենասիրությամբ ու մանավանդ մորուքի կարմրությամբ հիշեցնում էր մեր համակուրսեցի արձակագիր Սանյա Ռոդիոնովին, եւ եթե հաշվի առնենք, որ Օմսկի էդ գրական ժուռնալի համապատասխան էջի ու համապատասխան պատմվածքի ամենավերեւում սեւով սպիտակի վրա գլխատառերով գրված էր՝ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳՐՉԵՂԲՈՐՍ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԴԻՈՆՈՎԻՆ, պիտի համաձայնվեք, որ Օմսկի էդ «Լիտերատուրնիյ վեստնիկ» գրական ամսագրում տպագրված դույն պատմվածքն ավելի շուտ Սանյա Ռոդիոնովի հաղթանակն էր, քան՝ Սոկոլովինը, եւ Սանյայի էդ հաղթանակը միանգամայն Սոկոլովի սրտով էր, որովհետեւ Սոկոլովի էդ պատմվածքն Օմսկի էդ ամսագրում տպագրվեց մեր միակ ամառային արձակուրդներին, երբ Սոկոլովն ու Սանյան արդեն անբաժան ընկերներ էին, եւ նրանց մեջ արդեն իմ ու քո չկար ու էդ հաղթանակի կապակցությամբ էլ չէր կարող լինել, եւ իրենց էդ ընկերությունից երկուսն էլ, կարելի է ասել, հավասարապես էին շահել. Սանյան խմելը նկատելիորեն ու էականորեն էր պակասեցրել, իսկ Սոկոլովն սկսել էր քիչումիչ խմել եւ մարդկային որոշակի հատկանիշներով  օժտվել, եւ դրանցից կարեւորագույնն, իհարկե, գրականության ու արձակին իր վերադարձն էր, եւ չնայած Սոկոլովի էդ վերադարձից հիմնական շահողը Ռոդիոնով Սանյան էր, այնուամենայնիվ, Սոկոլովն էլ էր շատ գոհ, որովհետեւ հասկանում ու գիտակցում էր, որ Սանյան հիմնականում ու հատկապես ի՛ր շնորհիվ է շահած, եւ չնայած Սոկոլովի գլխավոր հերոսը գյուղական մեխանիզատոր էր ու խմիչքի հետ էլ առանձնապես սեր չուներ, եւ չնայած գյուղական էդ մեխանիզատորը միանգամայն ա՛յլ անուն ու ազգանուն էր կրում, Ռոդիոնով Սանյան հրաշալի գիտակցում ու հասկանում էր, որ ծայրամասային էդ ամսագրում տպագրված էդ պատմվածքի գլխավոր ու չափազանց դրական հերոսն անձամբ ինքն է, ու մենք էլ էինք էդ բանը հրաշալի հասկանում, որովհետեւ մանավանդ էդ թվերին ընդունված չէր, որ գրական հերոսն ու էդ հերոսի նախատիպը միեւնույն անունն ու ազգանունը կրեին, եւ եթե իմ էս վեպում էդ տեսակ համընկնումներն անթիվ ու անհամար են, դրա պատճառը ոչ միայն էն է, որ էս ընթացքում գրական ու գրողական չափանիշներն ու մոտեցումներն էականորեն են փոխվել, այլեւ էն՝ որ ես ընդամենը սկսնակ արձակագիր եմ ու դեռեւս չեմ տիրապետում գրական ու գեղարվեստական մարմնավորման ու մանավանդ վերամարմնավորման գաղտնիքներին, եւ չնայած էս չորս ու հինգ տարիների ընթացքում բոլորից շատ եմ արձակ գրել, ինքնուս ու սկսնակ լինելս մշտապես զգում ու գիտակցում եմ, որովհետեւ էսքան գրելուց հետո էլ չեմ հասկանում հետեւյալը. եթե կյանքում ու իրականության մեջ Սոկոլովի ազգանունը Սոկոլով էր եւ Ռոդիոնովինը՝ Ռոդիոնով, ինչո՞ւ պիտի դրանց փոխարեն այլ՝ անիրական ազգանուններ բստրելով գրեմ, եւ նմանապես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի Նինայի անվան փոխարեն այլ անուն բստրեմ, եթե կյանքում ու իրականության մեջ իր անունը Նինա էր, եւ եթե կնոջիցս վերջնականորեն կորզել եմ մինչամուսնական կապերիս ազատորեն ու ազատամտորեն անդրադառնալու իրավունքը, ինչո՞ւ պիտի Նինայի անունը փոխեի, եւ ինքներդ եք վկա, որ էդ իրավունքիցս ոչ միայն լիուլի օգտվեցի, այլեւ մի քիչ չարաշահեցի էլ, ու էդ էլ է ինչ-որ առումով բնական, որովհետեւ ընթերցողներիցս շատերն ու մանավանդ Իսրայելյան Աննան արդեն տրտնջում էին, թե՝ Լիզայից հետո վեպիս սիրային տեսարաններն ակնհայտորեն քչություն են անում, ու հիմնականում էդ է պատճառը, որ Նինայի ու իմ հույժ անձնական առնչություններին վերաբերող հատվածներն էդքան երկարացրի ու էդքան չափազանցրի, եւ հատկապես համբույրների մասով ջանջալացրի ու չափազանցրի, եւ չափազանցություններս ու չարաշահումներս էնքան շատ էին, որ երեւի կինս էլ արդեն փոշմանած կլինի գրողական էս իրավունքներն ու ազատությունն ինձ նվիրաբերելու համար, չնայած՝ կարծես ինքն էլ է արդեն հասկացել, որ էսքան երկարուձիգ մի վեպի համար սիրային երկարուձիգ տեսարաններն էլ են միանգամայն պարտադիր, եւ չնայած էս հանգամանքն ամենից ավելի ի՛նքս եմ ըմբռնել, այդուհանդերձ, էս հարցին ըմբռնումով մոտենալով, չեմ կարող իմ բոլոր սերերին մեկ առ մեկ անդրադառնալ՝ թեկուզեւ էն պատճառով, որ նրանք բոլորն էլ արդեն ամուսինների, երեխաների եւ նույնիսկ թոռների տեր են, եւ հատկապես ի՛մ դեպքում է էդ անելն անհարմար ու նույնիսկ վտանգավոր, որովհետեւ, ինչպես հասկացաք, ես ոչ միայն հերոսներիս, այլեւ հերոսուհիներիս անունները չեմ փոխում, եւ եթե Լիզայի դեպքում որեւէ անհարմար ու վտանգավոր բան չկար՝ էն հասկանալի պատճառով, որ, ի վերջո, իմ ու Լիզայի միջեւ որեւէ անհարմար ու աննկարագրելի բան տեղի չունեցավ, Նինայի դեպքում վտանգն իսպառ է բացառվում՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ Նինան ռուս է, ու էս դեպքում վտանգը ոչ էնքան կնոջիցս է ակնկալվում՝ ինչքան մեր գրագետներից, գրականագետներից եւ սերունդների դաստիարակությամբ զբաղված մյուսներից, որովհետեւ իրենք Վայաչյան Լուսոյի արձակին ծանոթ չլինելով՝ իմ ու Նինայի էս կիսաբաց տեսարանների վրա են զարմանալու ու զայրանալու, քանի որ մեր արձակը սիրային տեսարանների առումով «Սպանված աղավնուց» դենը չի անցել, բայց ես էս հարցում չէի կարող Նար-Դոսի ու «Սպանված աղավնու» գիծը պահպանելով շարունակել՝ ոչ միայն էն պատճառով, որ իմ ու Նինայի անձնական հարաբերությունները սպանության ու սարսափի տարրեր չէին պարունակում, այլեւ էն պատճառով, որ, ի տարբերություն Նար-Դոսի, ես կարդացել եմ Վայաչյան Լուսոյի բաց ու սանձարձակ արձակը եւ կարող եմ ինձ որոշ ազատություններ թույլ տալ, եւ ահա՝ կնոջս հանդուրժողականությունից, Լուսոյի արձակից ու Աննայի պերմանենտ հորդորներից քաջալերվելով՝ հիշելով արտագրեցի իմ ու Նինայի էդ մի քանի ժամվա կյանքն ու գործունեությունը եւ էդքանով սահմանափակվելով ու բավարարվելով՝ ուզում եմ ավարտել էս առաջին համարձակությունս՝ ոչ միայն էն պատճառով, որ Վայաչյան Լուսոյի դուխը չունեմ, այլեւ էն պատճառով, որ չնայած արդեն բոլոր արձակագիրներից ավելի շատ եմ արձակ գրել, էդ բոլորից էլ ինքնուս ու սկսնակ եմ, որովհետեւ ընդամենը հինգ տարի է՝ ինչ ռեգուլյար արձակով եմ զբաղվում, եւ ընդամենը հինգ տարի ռեգուլյար արձակով զբաղվելով՝ ազատ ժամանակ չեմ գտնում գեղարվեստական արձակի ժանրային առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, իսկ ինչ վերաբերում է Վայաչյան Լուսինեին, իր մասին հետեւյալը կասեմ. ճիշտ է, Լուսոն էլ է էս վերջին չորս ու հինգ տարիներին սկսել արձակ գրել, բայց, ի տարբերություն ինձ, չափազանց քիչ է գրում եւ ըստ այդմ էլ՝ մտածելու ու ապրելու լիքը ժամանակ ունի. այսինքն, ինքն իր արձակն ինձ պես պատահաբար ու հանկարծակի սկսելով՝ շարունակում է լիարժեք ապրել՝ առանց վայրկյան իսկ բուն կյանքից կտրվելու, ճիշտ այնպես՝ ինչպես ե՛ս էի բանաստեղծ եղածս ժամանակ անում. օրվա մեջ ընդամենը մի քանի րոպե ընդամենը մի քանի տող ոտանավոր էի գրում, իսկ մնացած ամբողջ օրն ապրելով էի զբաղված, ճիշտ էնպես՝ ինչպես հիմա Լուսոն ու ուրիշներն են անում, եւ, բացի այդ, Լուսոն հազարամյակի ամենավերջին տարիներին Պետերբուրգում ու ռուսաստաններում էնպիսի բուռն կյանք է ապրել, որ իր ապրած էդ մի քանի տարիներից ինչ էլ գրի՝ չափազանց հետաքրքիր կստացվի, ու էդպես էլ անում է, ու որ ասում եմ՝ մի քանի տարի Պետերբուրգում ու Ռուսաստանի խորքերում չափազանց բուռն կյանք է ապրել, իր էդ տարիների բոմժությունը նկատի ունեմ, եւ Լուսոն էդ մի քանի տարիների իր բոմժությունն էնպիսի անհուն սիրով ու ճշգրիտ է նկարագրում ու նկարում, որ ցանկացած մեծահարուստ Լուսոյի «Բալագոյե» կոչվող էդ գրությունը կարդալով՝ կուզեր ինքն էլ առնվազն մի քանի օր բոմժ լինել, եւ Վայաչյան Լուսինեն իր էդ մի քանի տարվա  բոմժությունը լիաթոք վայելելով՝ հիմի էդ վայելածն ազատորեն ու անմնացորդ գրի է վերածում, եւ «լիաթոք վայելել» ասելով՝ նաեւ Լուսոյի էդ տարիներին ծխածը նկատի ունեմ, եւ քանի որ իր էնտեղի կյանքը մեր էստեղի կյանքի հետ որեւէ կապ չունի, իր էնտեղի ծխածն էլ մեր ծխած էս սովորական սիգարետը չպիտի լիներ, եւ Լուսոն էդ կյանքը ոչ միայն ապրել, այլեւ վայելել է. այսինքն, ինքը վայելել է էն՝ ինչին մյուսներս չէինք էլ դիմանալու, որովհետեւ ինքը վայելող տեսակ է, ու հիմի էլ իր էդ հիշողություններն է վայելում Վարդուշիկի ու մյուսների հետ Կետիկնոցում նստած. այսինքն, Աստված Լուսոյից խլածը հիմա ավելցուկով է վերադարձնում, եւ Լուսոյի առումով ամենաէականն էն է, որ Լուսոն իրենից խլվածն էլ է տրված համարել ու համարում,  բայց ցավալին էն է, որ Լուսինե Վայաչյանն իսկական գրող դառնալով՝ իսկական գրողների պես արդեն գրելու հետ կապված միանգամայն լուրջ խնդիր ունի, որովհետեւ ինքն արդեն վերջնականապես է հասկացել, որ ռուսաստանների ու ռուս բոմժերի մասին գրելն անհամեմատ հեշտ է, քան՝ Երեւանի ու երեւանյան բոմժերի մասին գրելը, ու երեւի ժամանակին Հրանտ Մաթեւոսյանն էլ է էդ դժվարությունն զգացել, ու երեւի էդ էր պատճառը, որ Հրանտը Մոսկվայից ոչ թե Երեւան վերադարձավ, այլ՝ ուղիղ Ահնիձոր, ու երեւի էդ նույն պատճառով էլ իմ հիմնական ու հիմնավոր սերերը մի կողմ թողած՝ իմ ու Նինայի էդ մի օրվան վերադարձա ու անդրադարձա, ու երեւի չեք  մոռացել, որ հենց Հրանտի «Խումհարի» առիթով Դոբրոլյուբովի էդ հանրակացարան վերադարձա, որովհետեւ ուզբեկի էդ կոնյակն առիթ էր, որ  ես կյանքումս առաջին անգամ առնչվեմ խումհար կոչվող էդ անհասկանալի ու անբացատրելի երեւույթի հետ, եւ Անդրյուշայի ու իմ օղիներից հետո ուզբեկի էդ կոնյակն իսկապես անհասկանալի ու անբացատրելի էր, եւ երբ հաջորդ օրը Նինան ինձ արթնացրեց ու ինքն աշխատանքի գնաց, գլխացավս դեռեւս զգացնել էր տալիս, ու ես վերստին քնեցի, եւ  մի քանի ժամ անց վերջնականապես արթնանալով՝ գլխացավիցս որեւէ հետք չզգացի, ու էդ  երկրորդ անգամ արթնանալով՝ խմելու շատ ուժեղ պահանջ զգացի, բայց ուզբեկի շիշը դափդատարկ էր, եւ շշի դատարկությունից խմելու ցանկությունս ավելի ու ավելի էր ուժգնանում, եւ դա, ըստ ամենայնի, էն ցանկությունն ու պահանջն էր, որ իմ համակուրսեցի արձակագիր Ռոդիոնով Սանյան ամեն օր էր ունենում, ու ես էդ անծանոթ ցանկությունը մեջս սպանելով՝ սրճեփով լիքը սուրճ եփեցի, եւ երբ արդեն սուրճս վայելելով՝ Նինայի էդ  անակնկալ բանաստեղծություններն էի ըմբոշխնում, հանկարծ պայծառատեսորեն կռահեցի, որ ոնց էլ լինի՝ ուզբեկի շշի մեջ գոնե մի քանի կաթիլ կոնյակ մնացած կլինի, եւ երբ կոնյակի շիշը թեքեցի՝ էդպես էլ կար, ու էդ մի քանի կաթիլները հենց շշից կլանելով՝ անմնացորդ վայելեցի, եւ ուզբեկի կոնյակի էդ մի քանի կաթիլը երբեւէ խմածս լավագույն կոնյակն էր, եւ երբ կաթիլներն անէացան, ես ագահաբար սկսեցի շիշը հոտոտել, ու, հիշում եմ, բույրը նույնպես չտեսնված էր, եւ Նինայի բանաստեղծություններն էլ էին չտեսնված, եւ դրանք երբեւէ կարդացածս լավագույն բանաստեղծություններն էին, որովհետեւ  փառահեղորեն էին ապահովում Նինայի ներկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել