Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մտավորականները կոչ են անում նշել ապրիլի 24-ը

Ապրիլ 21,2010 00:00

\"\"\"\" 

Թուրք հայտնի մտավորականները ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես են եկել կոչով՝ ապրիլի 24-ին հավաքվել եւ միասին սգալ 1915-ի զոհվածների համար: Ինչպես փոխանցում է news.am-ը, կոչի մեջ նշվում է. «1915-ին, երբ Թուրքիայի բնակչությունը 13 միլիոն էր, այս հողերում 1.5-2 միլիոն հայ էր ապրում՝ Թրակիայում, Էգեյան հատվածում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում, Սամաթիայում, Շիշլիում եւ այլուր: Նրանք մեր թաղամասերի ընկերներն էին՝ մեր դերձակները, ոսկերիչները, կոշկակարները, ջրաղացպանները, դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, կոմպոզիտորները: Մեր դրկից հարեւաններն էին, մեր հոգսերի կիսողները: 1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին աքսորել: Նրանց կորցրինք: Արդեն չկան: Մեր մեջ չկա այդ մեծամասնությունը: Նույնիսկ նրանց գերեզմանները չկան: Սակայն մեր խղճի մեջ առկա Մեծ աղետի Մեծ ցավը 95 տարի գոյություն ունի եւ ավելի է մեծանում: Մենք կոչ ենք անում այն բոլոր թուրքերին, ովքեր իրենց սրտում զգում են այդ Մեծ ցավը, 1915-ի զոհերի հիշատակի առաջ խոնարհվել: Սեւ զգեստներով, անձայն, վառվող մոմերով ու ծաղիկներով: Որովհետեւ այդ ցավը՝ ՄԵՐ ցավն է: Այդ սուգը՝ ԲՈԼՈՐԻՆՍ է:

Հավաքվում ենք՝ ապրիլի 24-ին, 19:00-ին, Ստամբուլի Թաքսիմի հրապարակում»: Կոչի հեղինակներն են հայտնի մտավորական Բասքըն Օրանը (ձախից), իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը (աջից), հայտնի պատմաբան Նեշե Դյուզելը, Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, թուրքական խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել