Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍԸ» ԱՎԵԼԻ Է ՀԶՈՐԱՆԱԼՈՒ

Ապրիլ 21,2010 00:00

\"\"Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը, ձեւավորվելով անցած գարնանը, մեկ տարում հասցրեց դառնալ Եվրոպայի լավագույն կոլեկտիվներից մեկը եւ Հայաստանի, թերեւս, ամենասիրելի թիմը:

Նոր մրցաշրջանը եվրոպական գավաթների խաղարկության առումով դեռ չի մեկնարկել, սակայն հայ մարզասերներն անհամբերությամբ են սպասում մեր թիմի միջազգային մրցելույթներին եւ ավելի բարձր արդյունքներ են ակնկալում: Ներկայումս ինչո՞վ են զբաղված ակումբն ու բասկետբոլիստուհիները, այս մրցաշրջանում ֆեդերացիան ի՞նչ ծրագրեր ունի իրագործելու: «Առավոտի» զրուցակիցը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն է, որին ՀԱՕԿ-ի գործկոմը հաստատել է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

– Նախ, շնորհավորում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ձեզ վստահելու առիթով: Ծանրաբեռնվածությունը բազմապատկվել է: Դա գործերին չի՞ խանգարի:

– Շնորհակալություն: Գործերս, իրոք, շատացել են, սակայն, կարծում եմ, որ օլիմպիական կոմիտեում աշխատելս կօգնի նաեւ հանրապետությունում բասկետբոլային եւ ընդհանրապես խաղային մարզաձեւերի խնդիրներն ավելի ճիշտ ու արդյունավետ լուծել:

– Խոսենք ձեր հոգեզավակ «Հատիսի» մասին: Ակումբում գործերն ինչպե՞ս են ընթանում:

– «Հատիսը» շարունակվելու է: Ավելի ուժեղ ու նոր թափով: Եթե առաջին տարում մենք ինքներս անփորձ էինք կազմակերպական որոշ առումով, վստահության տեսակետից՝ հիմա ավելի վճռական ենք:

– Մրցաշրջան- 2010-ի ծրագրերը որո՞նք են:

– Գլխավորը՝ Եվրագավաթի խաղարկությանը եւ Ռուսաստանի բաց առաջնությանը մասնակցելը: Իհարկե, անչափ կարեւոր է նաեւ հանրապետության առաջնությունը: Եթե մեզ հաջողվի, օրինակ, Ռուսաստանի առաջնությունում հանդես գալ, թող բոլորն ինձ ներեն, Հայաստանում բասկետբոլը կանգնեցնել այլեւս չի ստացվի, որովհետեւ միայն այնտեղ միջինը քսան խաղ է լինելու ու պատկերացրեք, որ այդ երկրի առաջատար ակումբները, որոնք լավագույններից են Եվրոպայում, գալու են Հայաստան: Իսկ այդ թիմերում հանդես են գալիս եվրոպական ու համաշխարհային մակարդակի լեգենդներ: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, «Հատիսի» անցած տարվա հաջող մրցելույթները հանրապետությունում բասկետբոլային իսկական ալիք են բարձրացրել: Պատկերացրեք, որ մարզերի փնջային առաջնություններում, որտեղ նախկինում մի կերպ տղաների եւ կանանց երեք-չորս թիմ էր լինում հավաքագրել, այսօր արդեն միայն պատանիների ու աղջիկների 7-9 թիմ է հանդես գալիս: Սա, իհարկե, ոգեւորում է: Մասսայականությունից ծնվում է վարպետությունը:

– «Հատիսի» կազմը պահպանվելո՞ւ է: Նոր խաղացողներ գալո՞ւ են:

– Եթե հոկտեմբերին մեկնարկող Ռուսաստանի առաջնությանը մասնակցելն ստացվի, դրան ավելացրած նոյեմբերից եվրագավաթի հանդիպումները, անում է շուրջ 30-35 խաղ: Հասկանալի է, որ այդ դեպքում յոթ-ութ հոգով խաղալ, այն էլ՝ հաղթելու նպատակով, ի վիճակի չենք լինի: Հասկանալի է, որ պահեստայինների նստարանը պետք է երկարացվի: Եթե չորսից հինգ հոգի տեղի բասկետբոլիստուհիներն են, մոտ տասը հոգի էլ լեգեոներ պետք է լինեն:

Ինչ վերաբերում է կազմին, լեգեոներականները հիմնականում կմնան: Միայն Դաբովիչի հարցն է առայժմ առկախ, քանի որ նրա մայրն է վատառողջ, որի պատճառով նա անգամ լեհական ակումբի հետ պայմանագիրն է ընդհատել ու հիմա մորն է խնամում: Զարիցկայան էր վնասվածք ստացել, բայց բարեբախտաբար, լուրջ ու վտանգավոր բան չկա: Կարծում եմ, հետագայում այս կորիզին կմիանան եւս չորս-հինգ լեգեոներներ:

– Ակումբի ծրագրերը մեծանում են: Հետեւաբար, նաեւ բյուջեն պետք է աճի: Դա հնարավո՞ր է:

– Այո, հովանավորչական միջոցներով: Ակումբը իր հովանավորներին, ինչպես ասում են, սեւերես չարեց: Ընդհակառակը, մի բան էլ գերազանցեց տրված խոստումները եւ բոլոր ակնկալիքները: Բոլորովին վերջերս, երբ մեր հովանավոր «VivaCell MTS»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Ամերիկայում էր, Գլենդելի հայկական համայնքը նրան ասել է, թե իրենք հպարտանում են «Հատիսով», հպարտանում են նաեւ «VivaCell MTS»-ով, որը կանգնած է «Հատիսի» կողքին: Սա հաճելի է, ու հովանավորների հետ հետագա համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու հիմքեր է դնում:

– Լեգեոներականների ընտրությունն ինչպե՞ս է կատարվում:

– Սելեկցիային անչափ մեծ կարեւորություն ենք տվել: Մանավանդ, գիտեինք, որ մեր մրցակիցների մեջ է նաեւ «Բեշիկթաշը»: Մեզ պետք էին այնպիսի մարզիկներ, որոնք խաղադաշտում կպայքարեն այնպես, ինչպես իրենց երկրի, հարազատ ակումբի անվան համար: Տեսեք, անցած տարի թիմ հրավիրված մարզուհիները Հայաստանում իրենց վայրկյան անգամ օտար չեն զգացել: Այս կամ այն թեկնածուին ընտրելուց առաջ նրա տվյալները ցույց էինք տալիս նաեւ բժիշկներին, հոգեբաններին: Ինչ թաքցնեմ, անգամ էքստրասենսի մոտ ենք գնացել: Մեզ համար, բացի մարզական վարպետությունից, կարեւոր էր նաեւ հրավիրվողի ներաշխարհը, որպեսզի նրա մենտալիտետը համապատասխանի մերին: Մինչեւ թիմ հրավիրելը, ամեն մեկի հետ ընդհանուր առմամբ մոտ 60 ժամ անհատական աշխատանք է կատարվել: Ու կյանքը ցույց տվեց, որ ընտրությունները ճիշտ են կատարվել: Ժողովուրդը յուրայինի պես ընդունեց բոլորին: Իսկ բասկետբոլիստուհիները, չմոռանանք, որ նրանք կին են, շոյվում էին երկրպագուների ջերմ վերաբերմունքից, խաղից հետո, թե փողոցում իրենց հասցեին ասված ջերմ խոսքերից, մարդկանց՝ իրենց հետ նկարվելու, ինքնագրեր բաժանելու առաջարկներից: Մի անգամ աղջիկներից մեկին հարցրի, թե ինչո՞ւ է Երեւանում մնացել, եթե կարող է արտասահմանյան մեկ այլ ակումբում մի քանի հազար եվրո ավելի վաստակել: Եվ գիտե՞ք ինչ պատասխանեց. «Բաներ կան, որ անգամ մեծ փողերի հետ չես փոխի»:

Ներկայումս մեր ձեռքի տակ տրանսֆերի ենթակա մի քանի տասնյակ թեկնածուների ցուցակ կա, որտեղ յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկություններ կան: Դրանք մեզ տրամադրել ու համագործակցելու առաջարկ է արել բասկետբոլիստների տրանսֆերներով զբաղվող ֆրանսիական մի գործակալություն, որն ամենահեղինակավորներից է Եվրոպայում եւ զբաղվում է Միջին Եվրոպայի ամենաուժեղ բասկետբոլիստներով: Ուզում եմ ասել, որ Եվրոպայում «Հատիսին» արդեն ճանաչում, ընդունում են եւ լուրջ են վերաբերվում: Դեռ նրանց գործերն ենք ուսումնասիրում: Երբ հունիսի վերջին տրանսֆերային պատուհանը բացվի, կանցնենք կոնկրետ աշխատանքի:

– Ասացիք, որ Եվրոպան «Հատիսի» հետ արդեն հաշվի է նստում: Մեր թիմն իր վարկանիշով Եվրոպայում ի՞նչ տեղ է զբաղեցնում:

– Շնորհիվ մեր մրցակիցներ «Նադեժդայի» եւ «Աթինաիկոսի», որոնք հաղթեցին եվրագավաթներում, «Հատիսի» վարկանիշը բավականին բարձրացել է: Այս պահի դրությամբ «Հատիսը» կանանց բասկետբոլում, եվրալիգան էլ հաշված, մոտ 90 ակումբների մեջ բաժանում է 28-31-րդ տեղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել