Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԴԻ՞ ԵՆ, ԹԵ՞ ՔՈՒՐԴ, Ի ՎԵՐՋՈ

Ապրիլ 28,2010 00:00

Դարավոր վեճը շարունակվում է

«Ազգությամբ քուրդ եմ, դավանանքով՝ եզդի». սա մի պարզաբանում է, որ պատճառ է դարձել Հայաստանում ապրող 2 ազգային փոքրամասնությունների միջեւ անհասկանալի եւ խճճված կոնֆլիկտի ձեւավորմանը: Կոնֆլիկտ, որն իր լուծումը երեւի դեռ երկար ժամանակ չի գտնի:

Հայաստանում ներկայումս շուրջ 40 հազար հաշվվող եզդիները պնդում են, որ իրենք առանձին եւ քրդերի հետ ոչ մի կապ չունեցող ազգի ներկայացուցիչներ են, իսկ քրդերը, որ Հայաստանում, ըստ 2001 թվականի վիճակագրության՝ 1500-ն են, պնդում են, որ եզդի ժողովուրդ իրականում չկա, նրանք նույն քրդերն են՝ պարզապես ոչ մուսուլման:

«Հայաստանում քուրդ չկա, բոլորը թողել-գնացել են, ես եմ դրանց ուղարկել»,- պնդում է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ շարունակում. «Կան քրդացած եզդիներ, ովքեր ուզում են, որ եզդիներն աշխարհի երեսից վերանան ու դառնան քրդեր, առանձին իշխանավորներ էլ պաշտպանում են նրանց»:

Մինչ այժմ եզդի եւ քուրդ ժողովուրդների պատմությունը, ավանդույթներն ու ապրելակերպն ուսումնասիրած ազգագրագետները եւ հենց իրենք, 2 ազգերի ներկայացուցիչներն էլ նշում են, որ քրդերին եւ եզդիներին միավորում են թե՛ լեզուն, թե՛ սովորույթներն ու էթնիկական հիմքը, իսկ միակ բաժանող հանգամանքը կրոնն է:

Սակայն Հայաստանում «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ի նախագահ Թաթուլ Դավթյանի կարծիքով՝ եզդիները շատ են տարբերվում քրդերից՝ չնայած որ մշակութային միեւնույն առանձնահատկություններն ունեն, տոներն ու ավանդույթներն էլ համընկնում են:

«Նրանք ոչ քրդերի ուտելիքն են ուտում, ոչ նրանց աղջիկ են տալիս, չգիտես ինչ կպատահի այն եզդի աղջկա հետ, ով կհամարձակվի սիրահարվել քրդի»,-պատմում է Դավալու գյուղում եզդիների հարեւանությամբ ապրող Արեւշատ տատը:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ այս երկու ազգերի միջեւ եղած տարաձայնությունները վերջին շրջանում են սկսել սրվել ու լայն քննարկումներ առաջացնել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի բաժնի պետ Կարինե Գույումջյանը նշում է. «Նրանց միշտ էլ դժվար է եղել հասկանալ: Մարդահամարի ժամանակ մենք հարցնում էինք միայն ազգությունը, իսկ իրենք պատասխանում էին՝ մենք եզդի քուրդ ենք, մենք նրանց խնդրում էինք որոշել՝ եզդի՞, թե՞ քուրդ, կամ եզդի էին ասում, կամ քուրդ: Այնպես չէ, որ իրենք ասել են քուրդ են, իսկ մենք եզդի ենք գրել, եւ այնպես էլ չէ, որ մենք մատիտով ենք գրել եւ հետո գրիչով այլ բան դարձրել: Ի վերջո, մեզ համար ինչ տարբերություն՝ եզդի՞ են, թե՞ քուրդ, իրենց խնդիրն է»:

Այս պատմությունը, Կարինե Գույումջյանի ներկայացմամբ՝ սկսվել է դեռ խորհրդային տարիներից, երբ մարդահամարների ժամանակ եզդիներն ու քրդերը ծածկագրվում էին նույն թվերի տակ, եւ դրանից էլ ծագել է ամեն ինչ: «Իսկ եթե նրանց թիվը պակասել է հետագայում, դա չի նշանակում, թե մենք ենք սխալ հաշվարկել, միգրացիայի արդյունք է, հայերի թիվն էլ է միեւնույն ժամանակ պակասել»,- ասում է Կարինե Գույումջյանը:

Իսկ քրդական «Ռյա թազա» թերթի խմբագիր Գրիշա Չաթոյանի խոսքով՝ այս խնդիրները գալիս են դեռ վաղ պատմական անցյալից. «Դեռ 12-րդ դարում Իրաքում արաբները ստիպել են մեզ իսլամիզմ ընդունել եւ քուրդ ազգի մեծ մասը ընդունել է մուսուլմանությունը: Քրդերի մյուս՝ փոքր հատվածը, որ կարողացել է պահպանել հեթանոսությունը, ընդդիմացել է եւ հավատափոխ չի եղել՝ հեռացել է Իրաքից, եկել Արեւմտյան Հայաստան, իսկ 1915-ի դեպքերից հետո՝ Հայաստան: Հետագայում, որպեսզի նույն այդ քրդերը իրենք իրենց տարբերեն մուսուլման-քրդերից եւ մյուսներին էլ հավատացնեն, որ իրենք մուսուլման չեն՝ սկսել են իրենց եզդի անվանել: Այսինքն՝ սրանք այն քրդերն են, որոնք հավատարիմ են մնացել եզդիզմին»,- պատմում է Գրիշա Չաթոյանը:

Քուրդ ազգի մյուս ներկայացուցիչ, բանաստեղծ Ալիխանե Մամեին զայրացնում է ստեղծված այն կարծրատիպը, թե քրդերը պարտադիր մուսուլման են, սակայն ընդունում է, որ սրա հիմնական պատճառն այն է, որ քրդերի ճնշող մեծամասնությունն ընդունել է իսլամիզմը, իսկ հավատափոխ չի եղել նրանց ընդամենը 1 միլիոնը (այն դեպքում, երբ աշխարհում կա շուրջ 40 միլիոն քուրդ): «Հայերը տարբերակված մոտեցում ունեն եզդիների եւ քրդերի հանդեպ, բայց եզդիները նույն քրդերն են, իրենք տեղյակ չեն: Մարդիկ էլ կան, որ տեղյակ են, պարզապես իրենք չեն ուզում առաջ տանել: Եզդիներ չեն կարող հանդիպել ոչ մի այլ ժողովրդի մեջ՝ բացի քրդերից, բայց մուսուլմաններ ու քրիստոնյաներ կան բոլոր ազգերում»,- ասում է Մամեն:

Իսկ Ազիզ Թամոյանը զայրանում է նման բառեր լսելիս. «Մենք գիտենք մեր պատմությունը եւ ոչ ոք չի կարող գալ ու ասել մեզ, թե որ ազգից ենք: Իրենք քրդացել են, թող իրենց քուրդ համարեն, ինչ ուզում են անեն, ինչո՞ւ են մեզ էլ քուրդ անվանում, ես իրավունք ունե՞մ ձեզ ասելու, թե հայ չեք»: Ինչ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ասում են, որ իրենք քուրդ են՝ դավանանքով եզդի, Ազիզ Թամոյանը նշում է՝ «Կա եզդի ազգ, կա քուրդ ազգ, եզդի-քուրդ չկա: Եզդին ոչ մի ազգի հետ կապ չունի: Մեր լեզուները տարբեր են: Մենք քրդերեն չենք հասկանում, մեր տոները, սովորույթները տարբեր են: Մենք արեւապաշտ ենք, նրանք՝ մահմեդական, մեր կրոնը Շարֆադինն է: Հայաստանում քուրդ չկա, ուրիշ ի՞նչ ապացույց է ձեզ պետք»:

Իսկ երբ Ազիզ Թամոյանին հիշեցնում ենք Հայաստանում եղած քրդական կազմակերպությունների մասին՝ նշում է. «Դրանք արհեստական են, եթե համայնք ունեն, կրոն պետք է ունենան: Դրանք եզդիներ են, որ քրդացել են, գրում են նույն եզդիերենով եւ անվանում են քրդերեն: Նման լեզու գոյություն չունի»:

«Բերեք ինձ գիտականորեն ապացուցեք, որ կա եզդիերեն լեզու, ես քուրդ եմ՝ դավանանքով եզդի, եզդին կրոն է, ինչպես կարելի է կրոնն ընդունել որպես ազգ: Սա աբսուրդ է, ինչ-որ մարդկանց մտքի թռիչքը, որն իրականություն է դարձել»,- ասում է Գրիշա Չաթոյանը:

«Սրանք նույն քրդերն են, որ հայերին ու եզդիներին վերացրին աշխարհի երեսից»,- հիշեցնում է Ազիզ Թամոյանը եւ ավելացնում, որ եզդի համայնքը վիրավորված է հայերից. «Քանի որ հիմա Թուրքիայի քրդերը թշնամացել են թուրքերի հետ, հայերն էլ այստեղ նրանց են պաշտպանում ու մեզ անտեսում են»:

Քրդական համայնքի ներկայացուցիչ Գրիշա Չաթոյանն այն կարծիքին է, թե Հայաստանում ապրող բոլոր եզդիներն էլ գիտեն, որ իրենք նույն քուրդ-եզդիներն են, պարզապես՝ այս մարդկանց մեջ նստած է այն վախը, թե եթե իրենք ասեն, որ քուրդ են, հայերի կողմից բացասական վերաբերմունքի կարժանանան: «Ժամանակին, երբ որոշ մարդիկ կասկածում էին մեր ասածներին, նախընտրեցին գնալ քրդաբնակ գյուղեր եւ այնտեղ հարցումներ անել: Ալագյազում ապրող ծեր մանկավարժ «եզդուն» երբ հարցրել էին՝ քուրդ է, թե եզդի, ասել էր՝ Հայաստանում մենք եզդի ենք, դրսում՝ քուրդ»,- պատմում է Գրիշա Չաթոյանը:

Հայաստանի եզդիների ազգային կոմիտեի նախագահ Թորգոմ Խուդոյանը քրդերի հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ ասում է. «Մենք եղբայր ազգեր ենք եւ մեր մեջ ոչ մի հակասություն չկա»:

Իսկ, ընդհանրապես, Ալիխանե Մամեի կարծիքով՝ եզդի-քուրդ հարաբերությունների սրումը պարզապես ձեռնտու է որոշ մարդկանց. «Բոլորն էլ գիտեն, որ իրականում եզդի առանձին ազգ չկա, մենք բոլորս էլ նույնն ենք, իսկ հիմա մենք, առավել քան երբեւէ, պետք է միավորվենք, որ կարողանանք վերականգնել մեր պետականությունը Թուրքիայի տարածքում»,- ասում է Ալիխանե Մամեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել