Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԱՐԱԳ ԱՐՎՈՂ ԲԱՆ ՉԷ»

Մայիս 05,2010 00:00 Share

Մարտի 1-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության
\"\"կատարման մշտադիտարկման (մոնիտորինգի) մասին այս կարծիքին է աշխատանքային խմբի անդամ Արտյուշա Շահբազյանը:

Մարտի 1-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը մեր թերթի հետ զրույցում հորդորել էր մարտի 1-ի զոհերի հարազատներին առավել հետեւողականորեն պահանջներ դնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջ, որը զբաղվում է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ առաջ քաշված հարցերի կատարման մոնիտորինգով: Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի կունենա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստը, որում կքննարկվի մարտի 1-ի հանձնաժողովի կողմից առաջ քաշված մի շարք հարցերի կատարման ընթացքը: Աշխատանքային խմբի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի անգամ դիմել են եւ կառավարությանը, եւ Հատուկ քննչական խմբին, նրանցից ստացել են պատասխաններ, եւ այդ պատասխանները քննարկվել են պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ խորհրդարանի մի շարք հանձնաժողովների համատեղ նիստերում: Իսկ օրերս կառավարությունը մշտադիտարկում անցկացնող հանձնաժողովին է ուղարկել ցուցակ, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու ապագայում. «Բնականաբար, հիմնականում խոսքը ոստիկանությունում ձեռնարկված միջոցառումների մասին է, օրինակ՝ նախատեսվում են փոփոխություններ համապատասխան օրենքներում, նաեւ, քանի որ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացության մեջ սոցիալ-տնտեսական բաժին կար, նախատեսվում են նաեւ ծրագրեր սոցիալ-տնտեսական ուղղություններով: Կան նաեւ այլ նախաձեռնություններ:
Հիմա մենք դրանք քննարկել ենք, մասնավորապես, նաեւ այլ հանձնաժողովների կողմից, օրինակ՝ ֆինանսաբյուջետային եւ սոցիալական հարցերի, նաեւ՝ տնտեսական հարցերի հանձնաժողովների հետ որոշ հարցեր արդեն քննարկել ենք: Հավանաբար, նաեւ համապատասխան եզրակացություն կներկայացվի: Ենթադրվում է, որ մոնիտորինգը կշարունակվի մինչեւ այս գումարման խորհրդարանի գործունեության ավարտը, քանի որ, բացի մոնիտորինգից, կան նաեւ մի շարք առաջադրանքներ, որոնք կարճ ժամանակում լուծել հնարավոր չէ, եւ որոնք ենթադրում են ավելի երկարատեւ գործընթաց»:
Մենք հետաքրքրվեցինք՝ կառավարության կողմից ուղարկված այդ միջոցառումների փաթեթը իրենից ինչ-որ իրական, կոնկրետ արդյունք ենթադրո՞ւմ է, թե՞ դրանք զուտ ձեւական միջոցառումներ են, ուղղակի «պտիչկա» դնելու նպատակով: Պարոն Շահբազյանը համամիտ չէր, թե ձեւական ինչ-որ բան է կատարվում, եւ նկատեց, որ կառավարության կողմից ուղարկված միջոցառումների շարքից որոշներն արդեն կատարված են: Մասնավորապես նկատի ուներ որոշ օրենքներում կատարված փոփոխությունները:
Արտյուշա Շահբազյանի ներկայացմամբ. «Հստակություն է մտցված, օրինակ, մասսայական միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողություններում, կամ՝ թե ինչպես պիտի կիրառվեն հատուկ միջոցները եւ այլն: Այսինքն՝ ոստիկանության գործունեության հետ կապված բավականին բան է արվել, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հասարակական կարգի պաշտպանությանը»:
Դաշնակցության ներկայացուցչին հարցրինք՝ արդյոք ժամանակին իրենց կողմից առաջարկված հատուկ ժամանակավոր հանձնաժողովն ավելի արդյունավետ չէ՞ր աշխատի, քան պետաիրավականը: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց, որ դեռ աշխատանքի սկիզբն է, եւ դեռ վաղ է գնահատականներ տալը. «Դեռ աշխատանքի սկիզբն է, եւ ես չեմ կարող ասել, որ աշխատանքը թերի է արվում կամ ձգձգվում է: Բայց եկեք հասկանանք. մենք արել ենք քննարկումներ, կատարել ենք հարցադրումներ եւ ուղարկել ենք կառավարությանը, Հատուկ քննչական ծառայությանը եւ ստացել ենք պատասխաններ: Այդ պատասխանները քննարկել ենք մեր հանձնաժողովի նիստում, քննարկումներ ենք ունեցել այլ հանձնաժողովների հետ: Բա ինչպե՞ս եք պատկերացնում: Սա արագ արվող բան չի: Ինչ վերաբերում է եզրակացություններին, այո, երբ որ հանձնաժողովը եզրակացություններ կներկայացնի, ես ինքս հնարավորություն կունենամ իմ անձնական կարծիքը հայտնել, թե որքանով է արդյունավետ: Թեպետ հիմա էլ համոզված եմ, որ գուցե այս աշխատանքն ավելի օգտավետ կլիներ, եթե նրան մասնակցեին նաեւ արտախորհրդարանական ուժեր: Բայց սա չի նշանակում, որ այսօր արդեն ինձ թույլ կտամ գնահատել հանձնաժողովի աշխատանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել