Լրահոս
Օրվա լրահոսը

«21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԸ ԱՆՈՄԱԼԻԱ Է»

Մայիս 05,2010 00:00 Share

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց նախագահ Սարգսյանի որոշումը՝ կենդանի պահել գործընթացը։ «Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության եւ հաշտեցման տեսլականի ուղղությամբ: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ շարունակում է կողմերին հորդորել՝ անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու համար»,- մանրամասնեց ԱՄՆ-ի դեսպանը։ Արձանագրությունների վավերացման կասեցումը հայկական կողմը բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքիան խախտել է բոլոր խելամիտ ժամկետներն ու շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Վաշինգտոնն ընդունո՞ւմ է, որ գործընթացի կասեցման մեղքն իսկապես թուրքական կողմինն է, Մարի Յովանովիչը պատասխանեց. «Համոզված չեմ, թե տվյալ դեպքում մեղավոր փնտրելը կոնստրուկտիվ կլիներ: Կարող եմ արձանագրել միայն, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում միշտ հստակ է եղել։ Վերահաստատեմ այն՝ հայ-թուրքական մերձեցման գործընթացը պետք է առաջ գնա խելամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների»։ «Այսօր ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ժողովուրդները հասկանում են, որ սա ինչ-որ առումով պատմական անոմալիա է, երբ 21-դարում Եվրոպայում կան փակ սահմաններ, եւ այդ վիճակը չի կարող շարունակվել։ Ժողովուրդների, սովորական մարդկանց փոխճանաչումն ու մերձեցումը հենց այն հիմքն է, որի օգնությամբ պետք է ծավալվի հետագա քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը»,- կարծիք հայտնեց Մարի Յովանովիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել