Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտություն՝ առանց նահանջի

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"Անդադար տեղացող անձրեւների ուղեկցությամբ Երեւանում որոշակի ուշացումով մեկնարկեց ու ավարտվեց թենիսի 2010 թվականի կանանց «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը: Ցավոք, մրցաշարում չափազանց անհաջող ելույթ ունեցան «B» խմբում հանդես եկող հայ թենիսիստուհիները՝ խմբային բոլոր հանդիպումներում պարտություններ կրելով: Մեր հավաքականը Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հավաքականներին զիջեց միեւնույն՝ 1:2 հաշվով, Վրաստանի թիմին պարտվեց 0:2 եւ խմբում զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը։ Միակ սփոփանքն այս անհաջող ելույթների համատեքստում այն է, որ մեր աղջիկները կարողացան խուսափել ավելի ցածր խումբ տեղափոխվելու ճակատագրից: Ըստ մրցաշարի կանոնակարգի, հայ թենիսիստուհիները մասնակցեցին անցումային հանդիպման, որում էլ 2:1 հաշվով հաղթեցին «A» ենթախմբում նախավերջին հորիզոնականը զբաղեցրած ՀԱՀ հավաքականին՝ այդպիսով ապահովելով հաջորդ տարի իրենց մասնակցությունը եվրոաֆրիկյան գոտու երկրորդ խմբում: ՀԱՀ հավաքականից բացի, երրորդ խումբ տեղափոխվեց նաեւ Նորվեգիայի ընտրանին: Իսկ ահա 1-ին խմբի ուղեգրեր վաստակեցին մրցաշարում հիանալի հանդես եկած Հունաստանի ու Լյուքսեմբուրգի թենիսիստուհիները:
Ինչ վերաբերում է մեր աղջիկների ցուցադրած արդյունքին, ապա սա, թերեւս, վատագույն ցուցանիշն էր 2008 թվականից ի վեր, երբ մեր թիմը վեց տարի դադարից հետո վերականգնեց իր մասնակցությունը «Fed Cup» մրցաշարում:
2008-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրեց Երեւանում անցկացված եվրոաֆրիկյան գոտու երրորդ խմբի առաջնությունում, իսկ արդեն հաջորդ տարի Մալթայում մերոնք ենթախմբում հաղթող ճանաչվեցին՝ հնարավորություն ստանալով հանդես գալ արդեն կարգով մեկ աստիճան բարձր խմբի մրցաշարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել