Ձեռքերի լվացումը առաջին հայացքից պարզ ու մանկությունից մեզ ծանոթ գործողություն է: Սակայն շատերի համար այն չի դարձել թիվ մեկ սովորությունը: Ամերիկայի հիգիենիստների հետազոտությունները 6000 մարդու շրջանում ցույց տվեցին, որ զուգարանից օգտվելուց հետո կանանց միայն 78%-ը եւ տղամարդկանց 68%-ն է միշտ լվանում ձեռքերը: Այդ է պատճառը, որ ամեն տարի մոտ 40 մլն ամերիկացի հիվանդանում է գրիպով, հեպատիտ A-ով (վարակիչ դեղնախտ), դիզենտերիայով, ճիճվային հիվանդություններով ու աչքի բորբոքումներով: Իսկ այս բոլորը փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով: Գերմանացի բժիշկների կարծիքով, պետք է զգույշ լինել թղթադրամներից, որոնք անցնում են ձեռքից ձեռք եւ կարող են որոշակի ժամանակ իրենց վրա պարունակել հիվանդությունների մանրէներ եւ սրատուտ մակաբույծի ձվեր: Այնպես որ, թղթադրամներին ձեռք տալուց հետո լվացեք ձեր ձեռքերը:
Անգլիայում վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ չեն սահմանում կարանտին (որոշակի համալիր արգելիչ միջոցառումներ), քանի որ այնտեղ սանիտարահիգիենիկ բարձր կուլտուրա կա: Պետք է միայն լվանալ ձեռքերը՝ ասում են բրիտանացիները:


















































