Լրահոս
Օրվա լրահոսը

2009-ի մրցանակակիրները

Մայիս 14,2010 00:00

ՀՀ նախագահի մրցանակի 2009 թվականի արժանիներն արդեն հայտնի են: Երեկ նախագահի նստավայրում կայացավ «Պողոսյան» հիմնադրամի կողմից հովանավորվող մրցանակի հանձնման արարողությունը:

Սերժ Սարգսյանն առանձնացրեց երկու մրցանակակիրների, որոնց գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանն ու դրա ժխտմանը հակազդելու առաքելությանը: Խոսքը վերաբերում էր մասնավորապես շվեյցարական Suisse-Armenie ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանին եւ Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Վիլիամ Շաբասին:

13 անվանակարգերում մրցանակի հավակնող 137 մասնակիցներից մրցանակներ շնորհվեցին գիտության, արվեստի, գրականության, կերպարվեստի եւ կինոյի, ինչպես նաեւ երաժշտության բնագավառների 21 լավագույններին:

Ս. Շահինյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նոր կազմակերպություն լինելով՝ քաղաքականության ոլորտում մեր վարած գործունեությունը կարողացավ հանդիսանալ էքսպերտների հանձնախմբի ճանաչմանը եւ հետո նոր նախագահի, այսինքն՝ կառավարական, վարչական մակարդակի: Դա մեզ համար ամենակարեւոր հատկանիշն է: Կցանկանայի, որ հետագայում լինեին հետեւողական քայլեր համագործակցության պլատֆորմի վրա»:

Մրցանակակիր Վիլիամ Շաբասը չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը: Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում «Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» հոդվածաշարի համար մրցանակ ստացած ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Մելիքյանը նշեց. «Միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում նախկինում ունեցել է մեծ ավանդույթներ: Այս մրցանակը կխթանի ավանդույթների վերականգնմանը եւ Հայաստանի դերի բարձրացմանը՝ բնագավառում»:

Չէր մոռացվել նաեւ անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի եւ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի «Ներսես Աշտարակեցի» հուշարձանը: Գ. Բաղդասարյանի փոխանցմամբ, հուշարձանի աշխատանքները տեւել են 4 տարի: Ըստ Ջ. Թորոսյանի էլ, այն այժմ գտնվում է Աշտարակում. «Հրապարակի վրա է: Միտք ունեինք ավելի բնական շրջապատում ունենալ, այսինքն՝ լանջի վրա կամ քաղաքի մուտքի մոտ: Սակայն տեղի իշխանությունների ցանկությամբ այն տեղադրվեց Աշտարակի գլխավոր հրապարակում»:

Երիտասարդական մրցանակներ տվեցին կերպարվեստի եւ կինոյի, դասական երաժշտության եւ գրականության ոլորտները: Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգի մրցանակակիր, սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը առաջին փողային գործիք նվագողն է, որ 10 տարվա ընթացքում արժանացել է մրցանակի: Մեզ հետ զրույցում նա նկատեց, որ նախագահի մրցանակն իր համար ստեղծագործական ազդակ կհանդիսանա: Նույն անվանակարգի մեկ այլ մրցանակակիր՝ դաշնակահար Սոնա Բարսեղյանն էլ շեշտեց. «Դասական երաժշտությունը ինչպես միշտ ստվերում է՝ մյուսների համեմատ: Սա խթան կհանդիսանա նախագահի հովանու ներքո նոր շունչ ստանալու դասական երաժշտությանը»: «Երգեցողություն» անվանակարգի միակ հաղթող Գուրգեն Բավեյանն էլ ընդգծեց. «Մրցանակ ստանալը պարտավորեցնում է՝ յուրաքանչյուր անգամ բեմ դուրս գալիս գիտակցես, որ նախագահն է քեզ գնահատել եւ հանդես գաս ըստ արժանվույն»: Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում մրցանակակիրը նկարչուհի Օվսաննա Շեկոյանն էր, գրականության բնագավառում՝ Արամ Պաչյանը: Մրցանակի արժանացավ նաեւ դաշնակահար Պետրոս Սիմիդյանը:

«Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր» բնագավառն այս տարի կրկին պասիվ էր. այդ ոլորտին մրցանակ չտրվեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել