Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ՄՈՆՏԻԵԼ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Հունիս 05,2010 00:00

Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբի հրավիրած ասուլիսի հյուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, երեք վարկածների գոտիների տիրակալ Վախթանգ (Վիկ) Դարչինյանն էր:

\"\"
Անբաժան ընկերները (ձախից՝ աջ) Մուրադ Սարգսյան, Վիկ Դարչինյան, Արմեն Ղալաչյան եւ Արմեն Գյուրջյան:

Օրերս «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում շոշափված թեմաներին լրատվամիջոցների ներկայացուցիչների այդ հանդիպման ժամանակ ավելացած, թերեւս, միակ հստակ նորությունն այն էր, որ նախորդ օրը «Կատաղի Ցուլը» պաշտոնապես իրազեկվել էր, որ հաջորդ մրցակիցը լինելու է երկու վարկածների աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Ֆեռնանդո Մոնտիելը՝ 53,5 կգ քաշային կարգ: Կայանալիք այս մենամարտի մասին Վախթանգը լրագրողներին ասաց. «Մոնտիելը լուրջ մրցակից է, որը վերջերս Ճապոնիայում շատ արագ նոկաուտով հաղթեց ճապոնացի բռնցքամարտիկին, որը մոտ վեց տարի իր գոտին ոչ ոքի չէր զիջել: Ես ավելի շատ սպասում էի Նոնիտո Դոների հետ ռեւանշ մրցամարտին եւ մեկ քաշ ցածր կարգում գոտիներս թափուր չէի հայտարարել, քանի որ մտադիր էի այն գրավ դնելով հանդիպել հատկապես նրա հետ: Սակայն արդեն այս ընթացքում Դոները, չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, ցանկացած պատրվակ հորինելով՝ փախչում է ինձ հետ նոր հանդիպումից: Ես էլ պատասխանել եմ, որ այլեւս նրա անունը չեմ ուզում լսել, քանի որ արդեն երեք տարի քաշային կարգս չէի փոխում նրա հետ երկրորդ անգամ ռինգ մտնելու եւ իրեն հասանելիք իսկական տեղը ցույց տալու համար»:
Լրագրողների հարցին, թե ե՞րբ է կայանալու Դարչինյան-Մոնտիել մարտը, Վախթանգը պատասխանեց. «ամենայն հավանականությամբ՝ այս տարվա սեպտեմբերին, որովհետեւ ճկույթիս կոտրվածքը պետք է լիովին բուժեմ»:
Հայաստանում Վիկի բազմահազար երկրպագուները սովոր են հեռակա հետեւել մարտերի ընթացքին: Մենք մշտապես հեռուստաէկրաններին՝ ռինգում նրա կողքին տեսնում ենք «Darchinyan Time»-ի մի քանի տղաների, որոնք Վախթանգի մենամարտերից օրեր կամ շաբաթներ առաջ Երեւանից մեկնում են մրցավայր ու իրենց ներկայությամբ սատարում են նրան: Բարսելոնայի հետ մարտին նրանք Ավստրալիայում չէին: «Առավոտը» հետաքրքրվեց, թե նրանք ինչպե՞ս էին տանում, գուցե, առաջին անգամ մյուսների պես հեռուստաէկրանի առջեւ մարտին հետեւելը:
Արմեն Գյուրջյան: «Մենք ընկերներով միմյանց երբեք պատասխանատու պահերին մենակ չենք թողնում: Այս անգամ մեր կամքից անկախ այդպես ստացվեց, քանի որ, ինչպես գիտեք, Հայաստանում Ավստրալիայի դեսպանատուն չկա ու վիզա ստանալ չհասցրինք: Դժվար էր: Բայց հաջորդ անգամ նման բան չի լինի»:
Մուրադ Սարգսյան: «Հոգեվիճակը դժվար է նկարագրել: Երբ ռինգի մատույցներում ես, մարտի ընթացքում եւ ռաունդների միջեւ հանգստի րոպեին մի բառ ասում ես, թեթեւանում, թեեւ գիտես, որ այդ պահին նա քեզ, գուցե, չի էլ լսում: Բայց, միեւնույն է, մխիթարվում ես նրանով, որ ընկերոջդ կողքին ես»:
Արմեն Ղալաչյան: «Թեեւ Վիկն սկսած առաջին ռաունդից անվերապահ առավելություն ուներ, միեւնույն է, տեղս չէի գտնում: Գիտեի, որ մարտը վարում է կոտրած ճկույթով: Դրա համար էլ, քանի դեռ վերջին գոնգը չէր հնչել, անհանգիստ էի: Մի տեսակ՝ ինձ չէի ներում, որ այդ պահին նրա կողքին չեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել