Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻԼԻԿՈՆԵ ԿՐԾՔԵՐԸ ՄՈԴԱՅԻԿ ԵՆ…

Հունիս 15,2010 00:00

Իսկ երբեմն պլաստիկ վիրաբույժին դիմում են՝ թիթիզանալու նպատակով

«Կնոջ կուրծքը պետք է համապատասխանի մարմնի կառուցվածքին»,- ասում է պլաստիկ վիրաբույժ Սամվել Վարդանյանը ու հավելում, որ միայն այդ դեպքում այն կարող է լինել սեքսուալ եւ գրավիչ:
Բժշկի փոխանցմամբ, այսօր պլաստիկ վիրաբուժության կենտրոնում հիմնականում արվում է կրծքի չորս տեսակի վիրահատություն՝ կրծքի մեծացում, կրծքի փոքրացում, կրծքագեղձերի ձգում, հեռացված կրծքագեղձի վերականգնում: Ս. Վարդանյանը նշում է. ըստ հաճախականության՝ ամենատարածված վիրահատությունը կրծքագեղձերի ձգումն է, այդ վիրահատությունը ցուցված է ավելի շատ հետծննդաբերության շրջանում, ինչպես նաեւ այն անհատներին, ովքեր ձերբազատվել են ավելորդ քաշից:
«Մեզ հաճախ դիմում են երիտասարդ աղջիկներ՝ հիմնականում փոքր կրծքագեղձերը մեծացնելու նպատակով: Լինում են բավականին փոքրիկ կրծքագեղձեր, որը ցանկալի է, որ մեծացնեն, քանի որ նրանց մարմնակազմությունը այդ կերպ գրեթե տղամարդու է հիշեցնում: Եվ սովորաբար այդ աղջիկները ստիպված են լինում կրծկալի մեջ լաթեր դնել, որպեսզի կրծքագեղձը մեծ երեւա»,- պատմում է Ս. Վարդանյանը ու շարունակում, որ պատահում է նաեւ, երբ այցելուն ունենում է ճիշտ հակառակ խնդիրը՝ կուրծքը փոքրացնելու: Ըստ պլաստիկ վիրաբույժի, վիրահատության այս տեսակը ունի ոչ միայն էսթետիկ ցուցումներ, այլ նաեւ ֆունկցիոնալ:
«Շատ մեծ կրծքագեղձերը առաջացնում են ողնաշարի ծռվածություն, քրտնարտադրություն, ծալքերի շրջանում խոցոտում, վերքոտում, բացի դրանից՝ առաջացնում են դաշտանային ցիկլերի խանգարումներ, ինչը բավականին լուրջ խնդիր է»,- մեջբերում է Ս. Վարդանյանը:
Բժիշկը տեղեկացրեց նաեւ, որ ավելի քիչ են հանդիպում այն այցելուները, որոնք ցանկանում են վերականգնել կրծքագեղձերը:
«Այս վիրահատությունը դեռ քննարկման փուլում է, քանի որ կուրծքը հիմնականում հեռացվում է ուռուցքների կապակցությամբ եւ դրանից հետո օտար մարմին տեղադրելը, պլաստիկ վիրահատության դեպքում սիլիկոնային իմպլանտներ տեղադրելը կնոջը հոգեբանական խնդիրների առաջ է կանգնեցնում»,- ասում է վիրաբույժը եւ վստահեցնում, որ երկարատեւ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սիլիկոնային իմպլանտներ տեղադրելը այս դեպքում անվնաս է, թեեւ նմանատիպ վիրահատությունները մոտ 10 տարի արգելված են եղել:
Հետաքրքրվեցինք, թե պատահո՞ւմ է, որ մերժեն այցելուին կրծքի պլաստիկ վիրահատություն կատարել:
«Իմ պրակտիկայում նմանատիպ մի քանի դեպք գրանցվել է, որ այցելուին պարզապես խորհուրդ չեմ տվել վիրահատվել: Բանն այն է, որ այդ այցելուհիները իրենք էլ չէին գիտակցում, թե ինչի համար են ուզում վիրահատվել: Հավանաբար, թիթիզանալու նպատակով, որ պլաստիկ վիրահատություն են տարել…»,- անկեղծանում է բժիշկը եւ հավելում, որ նման անլուրջ եւ մոդային տուրք տվող այցելուների հետ մասնագիտական զրույցը բավական արագ է ավարտվում:
Ինչ վերաբերում է լուրջ խնդիր ունեցող անհատներին, ապա մինչ վիրահատությունն այցելուն պարտադիր հետազոտվում է: Առաջին հերթին կատարվում է մամոգրաֆիա, իսկ վիրահատությունը տեւում է մոտ 3-4 ժամ:
Բժշկի հետ խոսեցինք նաեւ իրենց՝ Պլաստիկ վիրաբուժության կոսմետոլոգիայի կենտրոնում հայտարարված զեղչերի մասին: Թե ինչո՞վ է պայմանավորված ակցիան, եւ արդյոք այն չի՞ ազդի որակի վրա: «Չէ, խնդիրն ամենեւին այցելուներ շատացնելու մեջ չէ, պարզապես այս ամիսներին հիմնականում վիրահատվում են ուսանողները, իսկ ուսանողների համար ֆինանսական առումով, ինչպես գիտեք, հեշտ չէ, մանավանդ գների որոշակի բարձրացումից հետո: Այս կերպ մենք փորձեցինք որոշ չափով թեթեւացնել վիրահատության ենթարկվող ուսանողների բեռը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է վիրահատության գների հետ կապված մեր հարցին, ապա բժիշկը չցանկացավ խոսել կլինիկայում գործող գների մասին, ասաց, որ բավական մատչելի են: Իսկ մեր տեղեկություններով, մեծ կրծքի մասին երազողները այն կարող են իրականացնել 350-450 հազար դրամով, ինչը, համեմատած, օրինակ, Մոսկվայի հետ՝ առնվազն 8 անգամ էժան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել