Տարածաշրջանային խնդիրների մասնակի լուծումները ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ երկարատեւ հեռանկարում խնդիրների հաստատուն լուծման չեն բերի: Այդ մասին Today’s Zaman-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզուգերինը՝ մեկնաբանելով Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կատարած հայտարարությունը: «Արմինֆոն» հիշեցնում է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ այժմ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, եւ կոչ է արել Անկարային կատարել իր վրա վերցրած պարտականությունները: Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրներն իրենց հերթին հաղորդել են Today’s Zaman-ին, որ չնայած Անկարայի բոլոր բարի մտադրություններին, հայկական կողմում զարգացումները, մասնավորապես Սահմանադրական դատարանի որոշումը, որը նախապայմաններ եւ սահմանափակումներ էր պարունակում, թույլ չեն տվել տեղաշարժել գործընթացը:


















































