Կամ լրացուցիչ փուլին մասնակցելու պատճառները
Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում կայացավ միասնական քննությունների լրացուցիչ փուլի հերթական քննությունը` մաթեմատիկա առարկայից: Ըստ քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանի, քննություն անցկացնելու համար Հայաստանում եւ ԼՂՀ-ում ձեւավորվել է մեկական քննական կենտրոն: Գնահատման եւ թեստավորման կենտրոն մաթեմատիկա առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 381 դիմորդ, 10-ն էլ՝ ԼՂՀ -ից: Երեւանում ձեւավորված քննական կենտրոնում քննության չի ներկայացել 14 դիմորդ:
Մաթեմատիկա առարկայից առաջին փուլի միասնական քննության միջին միավորը կազմել է 10,3%, 20 միավոր ստացել է 5 դիմորդ, իսկ դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 25,43%-ը:
Ինչպես նկատեցինք՝ Երեւանում ձեւավորված քննական կենտրոնում դիմորդները հիմնականում տղաներ էին, որոնք ներկայացել էին զինվորական համազգեստով:
Նրանց շարքերում էին բանակից զորացրված, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմած, ինչպես նաեւ Սփյուռքի դիմորդները, բժշկի տեղեկանք ներկայացրած եւ լրացուցիչ փուլին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ երկրորդ փուլում կոնտինգենտը գրեթե չի փոխվել՝ հիմնական կորիզը, հարգելի պատճառներով բացակայած կամ ընդհանրապես չներկայացածներն են: Երբ հետաքրքրվեցինք՝ հարգելի ի՞նչ պատճառներ են բերվել դիմորդների կողմից, ԳԹԿ տնօրենը քմծիծաղով պատասխանեց. «Այդ պատճառների շարքում լիքը նոր մեզ համար անծանոթ հիվանդություններ ենք հայտնաբերել: Բայց դե՝ բժիշկն է որոշողը, մեր դատելու բանը չէ»:
Անդրադառնալով քննությանն ու այս տարվա մաթեմատիկայի քննական թեստերին՝ ԳԹԿ մաթեմատիկոս տնօրենը բարձր գնահատեց թեստ կազմողների աշխատանքը. «Մաթեմատիկայի նախկին քննության արդյունքները այդքան էլ բարձր չէին՝ միջին միավորը 11 բալ էր: Այնպես որ, այս քննությունից էլ բարձր միավորներ չեմ ակնկալում: Թեստ կազմողներին միանշանակ վստահում եմ, որովհետեւ նրանք որակյալ մասնագետներ են, գիտությունների թեկնածուներ, անձամբ եմ ճանաչում: Թեստերը վատը չեն, դիմորդների մակարդակն է իջել, ինչում մեղավոր են դպրոցները»: Նա լրագրողներին առաջարկեց քննության վերջում ծանոթանալ թեստերին, համոզվելու համար, որ բարդ խնդիրներ չկան:
Չնայած ԳԹԿ տնօրենի պնդումներին, քննության մեկնարկից 10 րոպե էլ չանցած, քննասենյակից մի տղա հրթիռի պես դուրս վազեց քննական կենտրոնից՝ թեստերի պատասխանների ձեւաթուղթը ձեռքին: Ապա նրանից մի փոքր ուշ՝ զինվորական համազգեստով մեկ ուրիշ դիմորդ՝ Էդգար Վարդանյանը դուրս եկավ: Մեզ հաջողվեց հասնել վերջինիս ետեւից եւ իմանալ պատճառը: «Բարդ էր. միայն մի քանիսը լուծեցի… Հիմա ծառայության մեջ եմ: Ամսի 1-ից արդեն կտեղափոխվեմ զորամաս, եթե, իհարկե, չընդունվեմ: Թեստերը լուծելու համար «վունդերկինդ» պետք է լինես»,- սրտնեղած ասաց նա:
Մինչ քննությունների մեկնարկը որոշ դիմորդներից պարզեցինք քննության առաջին փուլին չներկայանալու պատճառները:
Դիմորդ Գառնիկ Գեւորգյանը միասնական քննության լրացուցիչ փուլին մասնակցում է առաջին փուլում քննությունից կտրվելու պատճառով: Ինչպես նա ասաց՝ «քննությունը հանձնեցի, բայց առողջական պատճառով չկարողացա լավ լուծել խնդիրները, որովհետեւ ուղեղի ցնցում էի ստացել»:
Կարինե Բդոյանը մասնակցում է լրացուցիչ փուլին՝ մասնագիտությունը փոխելու պատճառով: Դիմորդ Ալբինայի մայրը՝ Վարդուհի Մովսիսյանն էլ նշեց, որ իր աղջիկը հիմնական քննությանը չի ներկայացել՝ բարձր ջերմության պատճառով:


















































