Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՈՒԶԵՆ՝ ԿՏԱՐԱԾՎԻ

Հուլիս 27,2010 00:00

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել է Կոսովոյի նախադեպի կիրառության հնարավորությունը: «Ինչպես հայտնի է, մենք վճռականորեն պաշտպանում ենք Կոսովոյի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը համապատասխանում է մեր տեսակետին: Կոսովոյի վերաբերյալ վճիռը ընդունվել է դրա հարցի յուրահատկությունների պատճառով: Սա բացառապես Կոսովոյի հարցով վճիռ էր: Այլ տարածքների մասին խոսք չի եղել: Այս որոշումը չի կարող նախադեպ լինել այլ տարածաշրջանների համար»,- ասել է Գորդոնը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում՝ Սերբիան եւ Կոսովոն միասին շարժվեին առաջ հանուն Բալկաններում կայունության, եւ կոչ է անում այն պետություններին, որոնք դեռեւս չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:
Երեկ Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, որում մասնավորաբար ասվում է. «Արդարադատության միջազգային դատարանը ս.թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ որոշումն ունի չափազանց կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել