Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ Է

Օգոստոս 03,2010 00:00

\"\"Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահն ասում է, որ ՀԱԿ-ը կայացած եւ արդեն բյուրեղացած ուժ է

2008թ. օգոստոսի 1-ը հայաստանյան ներքաղաքական կյանքում շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: Հատկապես նախագահական կեղծված ընտրություններից ու մարտիմեկյան սպանդից, ընդդիմադիր գործիչների զանգվածային կալանավորումներից հետո, երբ թվում էր, թե նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից ի վեր ծավալված Համաժողովրդական շարժումը մարելու է, ծնվեց Հայ ազգային կոնգրեսը: Հենց Շարժման հենքի վրա ընդդիմադիր այդ միավորման ձեւավորման մասին հայտնի էր դեռ 2008-ի ապրիլին: Իսկ արդեն օգոստոսի 1-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Համաժողովրդական շարժման հենքի վրա Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման մասին: Հենց Մատենադարանի հարթակում հայաստանյան թվով 16 քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ ստորագրեցին Կոնգրեսի ձեւավորման հռչակագրի տակ: Հռչակագիր, որը, ընդդիմության հավաստմամբ, «կարեւոր հանգրվանային նշանակություն կունենա ազատության, իրավական պետության, սահմանադրական կարգի վերականգնման, ինչպես նաեւ երկիրը բռնակալական կապանքներից եւ ավազակապետական համակարգից ազատելու նպատակով մեր ժողովրդի ուժերը համախմբելու եւ գործը հաղթական ավարտին հասցնելու առումով»: Հետագա երկու տարիներին հստակեցվեցին նաեւ ընդդիմադիր միասնական այդ ուժի առանցքային պահանջներն իշխանություններից՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում 10 սպանությունների հանգամանքների բացահայտում, այդ դեպքերի համար իրական մեղավորների պատասխանատվության ենթարկում: Պահանջներ, որոնք այսօր էլ շարունակում են մնալ ընդդիմության օրակարգում:
Անցած կիրակի՝ օգոստոսի 1-ին, Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում, որտեղ ամեն օր «քաղաքական զբոսանքներ» են տեղի ունենում, ՀԱԿ-ը նշեց իր ծննդյան 2-րդ տարեդարձը, որին մասնակցելու համար Կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները նաեւ մարզերից էին ժամանել: Բայց մինչ Կոնգրեսի անցած ճանապարհի մասին խոսելն ու գնահատականներ տալը՝ հավաքվածները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին բանակում խաղաղ, բայց «բեսպրեդելի» պայմաններում զոհված զինծառայողների հիշատակը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ինչպես բանակում, այնպես էլ երկրի մյուս ոլորտներում տեղի ունեցած անօրինականություններին վերջ տալու միակ ելքը իշխանությունը ժողովրդին վերադարձնելն ու երկրում սահմանադրական կարգը, օրինականությունը վերահաստատելն է: Ընդհանրապես, անցած երկու տարիներին Կոնգրեսը ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծումը համակարգային հիմնախնդիր է համարել՝ վստահ լինելով, որ դրանց լուծմանը հնարավոր է հասնել բացառապես իշխանափոխության ճանապարհով եւ դրա արդյունքում:
Նույն պնդումներն արվեցին նաեւ օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի երկրորդ տարեդարձի հրապարակային արարողությանը ոստիկաններ չկային, իսկ միջոցառումն ավարտվեց հայրենասիրական եւ ազատագրական երգերով:
Վերլուծելով ՀԱԿ-ի անցած երկու տարվա գործունեությունը՝ Կոնգրեսին մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե «վերջապես վերջին 10-15 տարիների ընթացքում՝ ի դեմս ՀԱԿ-ի, Հայաստանում ձեւավորվեց կայուն եւ արդեն կայացած քաղաքական ուժ, ինչը շատ կարեւոր է»: Նա հիշեցրեց, որ մինչ այդ՝ անցած տարիներին ընդդիմությունը համախմբվելու, կուռ եւ միասնական կառույց դառնալու բազմաթիվ, բայց ապարդյուն փորձեր էր արել: «Հիշո՞ւմ եք՝ մեր նման փորձերը 2003թ. ընտրությունների, հանրաքվեի, 2007թ. ընտրությունների ընթացքում, հակակրիմինալ շարժում ձեւավորելիս եւ այլն: Մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան, որովհետեւ իշխանությունը ներդնում էր իր արբանյակներին, եւ նրանք գալիս, հետո գնում վաշխառություն էին անում: Իսկ հիմա ձեւավորվել է մի բավական լուրջ եւ բյուրեղացած քաղաքական ուժ: Միգուցե, նրա գործողություններն արտաքուստ դանդաղ կամ աննպատակ են թվում ոմանց, բայց իրականում այդպես չէ: Մեր նպատակը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն ու իշխանափոխությունն է: Այդ հարցն այսօր էլ մեր օրակարգում է եւ առաջ է տարվում՝ առանց շտապելու եւ ցնցումների, որովհետեւ երկրի առջեւ անվտանգության, Արցախի հարցի հետ կապված լրջագույն հիմնախնդիրներ են ծառացել: Կարծում եմ, Կոնգրեսն իր մարտավարությունում կողմնորոշվել ու ճիշտ քաղաքականություն է որդեգրել: Դրա համար էլ մենք ՀԱԿ-ին մաս կազմելով մնում ենք այդ կառույցում եւ շարունակելու ենք պայքարը, քանի դեռ Կոնգրեսը կա, իսկ ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը դեռ երկար կգործի, որովհետեւ ասպարեզում ուրիշ կենսունակ ընդդիմադիր ուժ չկա»,- ասաց Գ. Մարգարյանը՝ նկատելով, թե ժամանակին իր եւ իր կուսակից ընկերների համար, առանձին խնդիրների պատճառով, հեշտ չի եղել Կոնգրես գալը, բայց նրանք նման որոշում են կայացրել, որովհետեւ տեսել են, որ այդ կառույցն իր գործունեությամբ եւ ապագային միտված քայլերով ի նպաստ երկրի եւ ժողովրդի է գործում:
Մեր հարցին ի պատասխան՝ կուսակցության ղեկավարն ասաց, թե Կոնգրեսի երկարակեցությունը, իհարկե, օբյեկտիվորեն պայմանավորված է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուժեղ քաղաքական գործիչ եւ անհատականություն լինելով, բայց ոչ միայն դրանով: «Ժամանակն իրենն արեց. ընդդիմության շարքերն էլ զտվեցին, իշխանությունների արբանյակ ուժերը գտան իրենց տեղերը իշխանական տարբեր կառույցներում, իսկ մաքուր կուսակցություններն ու անհատները, հասարակական կազմակերպությունները դարձան ՀԱԿ-ի բյուրեղացված այն օղակները, որոնք իրենց նվիրել են ազգի, պետության կայացմանը»,- ասաց Գ. Մարգարյանը: Նրա ասելով, Կոնգրեսն այսօր միակ ուժն է, որը չնայած նրա հակառակորդների կանխատեսումներին, ոչ թե մարում, այլ ակտիվորեն գործում է. «Ասե՛ք, խնդրում եմ՝ նախկինում եղե՞լ է մի քաղաքական ուժ, առավել եւս ընդդիմադիր, որը տնտեսական եւ ապագային միտված ծրագրեր է մշակել եւ հանրությանը ներկայացրել տնտեսության առողջացման, գիտության ու կրթության, առողջապահության, կենսաթոշակային ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ: Այսօր նույնիսկ իշխանությունները նման ծրագրեր չունեն, որովհետեւ գիտեն, որ լեգիտիմ չեն ու ժամանակավոր են»:
Գ. Մարգարյանը հավելեց նաեւ, թե Կոնգրեսը հեռանկարային ուժ է՝ հավաստիացնելով, որ առաջիկայում՝ աշնանը, վերսկսվելու է շատ ակտիվ գործունեության ժամանակաշրջան, որը, նրա ձեւակերպմամբ՝ դրական արդյունքների է հանգեցնելու: Գ. Մարգարյանն ասաց, թե ինքն անուղղելի լավատես չէ, բայցեւ ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների հիման վրա որոշակի հաշվարկներ անել կարողանում է եւ ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ են լինելու:
Խոսելով քաղբանտարկյալների ազատ արձակման ու «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ Կոնգրեսի ձեռնարկած քայլերի մասին՝ կուսակցության նախագահն ասաց, թե ՀԱԿ-ն այդ իմաստով արել է առավելագույնը, ու քաղբանտարկյալների մեծ մասն այսօր ազատ են արձակվել հենց Կոնգրեսի հետեւողական պայքարի արդյունքում: Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ին, ապա, նրա ասելով, ՀԱԿ-ն ավելին անել այս պահին չի կարող. նա իշխանություն չէ, դատարան ու դատախազություն չէ:
Նա անդրադարձավ նաեւ ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությանը՝ ասելով, թե այդ հարցում լիովին համաձայն է Կոնգրեսի քաղաքականության հետ. «Երբ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, սեղանին կդրվի իշխանափոխության ժամանակացույցը, ես էլ՝ որպես ՀԱԿ-ի անդամ, կառաջարկեմ գնալ երկխոսության: Բայց քանի դեռ այդ փաթեթները սեղանին դրված չեն՝ երկխոսությունը պետք է բացառվի: Հակառակ դեպքում «Հայրենիք ու պատիվը» Կոնգրեսում չի լինի: Իհարկե, ՀԱԿ-ն այդ քայլին չի գնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել