Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայարանը»՝ «Համազգայինում»Նոր ներկայացումը տպավորիչ չէր

Օգոստոս 03,2010 00:00

Օրերս «Համազգային» թատրոնում Հ. Մաթեւոսյանի «Կայարան» պատմվածքի հիման վրա բեմադրված «Կայարան» պիեսի պետական հանձնումն էր: Առաջնախաղը դեռ առջեւում է: Ըստ ներկայացման ռեժիսորի, այն կկայանա աշնանը: «Առավոտ»-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Սաթենիկ Մաթեւոսյանը հայտնեց, որ «Համազգային» թատրոնի նոր թատերաշրջանը նվիրված կլինի Հրանտ Մաթեւոսյանին եւ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հենց այս ներկայացման առաջնախաղով:
Ասենք, որ սա ռեժիսորի թվով երկրորդ գործն է «Համազգային» թատրոնում: Նա բեմադրել է նաեւ «Ռոմանտիկներ» պիեսը, որը մինչ այսօր թատրոնի խաղացանկում է: Ս. Մաթեւոսյանի ռեժիսորական աշխատանքներին թատերասեր հանրությունը ծանոթ է «Փոսի» թատրոնից:
«Առավոտի» այն հարցին, մի՞թե ստեղծագործական դադար էր հայտարարել ռեժիսորը, Ս. Մաթեւոսյանը այսպես պատասխանեց. «Որպես այդպիսին ստեղծագործական դադար չեմ հայտարարել: Թատերական ինստիտուտում կուրսի ղեկավար էի, երեք դիպլոմային ներկայացում ենք հանձնել: Այն, որ այս ընթացքում որեւէ ներկայացում չեմ բեմադրել, դա էլ նորմալ է, քանի որ ստեղծագործող մարդուն անհրաժեշտ է մի պահ դադար տալ՝ նոր լիցքեր ու պաշար հավաքելու համար»:
Խոսելով «Կայարան» պիեսի մասին, որի բեմականացումը, ի դեպ, ռեժիսորը արել է Վալերի Թումասյանի հետ համատեղ, ասաց նաեւ, որ «Կայարան»-ը շատ գողտրիկ պատմվածք է, որի առանցքում շատ փոքրիկ ինտրիգ է: Մարդը եկել է կայարան եւ չի կարող հասնել իր տուն…
«Հ. Մաթեւոսյանը կարողանում է մեկ հերոսի միջոցով ներկայացնել մի ամբողջ ժամանակաշրջան՝ իր անցուդարձով, ելեւէջներով: Այս պատմվածքում կոնկրետ այս ամենը բացահայտվում է գլխավոր հերոս Հրանտ Քառյանի միջոցով»,- նշում է ռեժիսորը:
Տիկին Մաթեւոսյանը, ընդհանուր առմամբ, գոհ էր իր կատարած աշխատանքից, դերասանական անձնակազմից: Ս. Մաթեւոսյանը ասում է, որ դերասանները, թեպետ խորապես ծանոթ չեն եղել Հ. Մաթեւոսյանի գրականությանը, բայց աշխատել են մեծ նվիրումով ու սիրով: «Անհրաժեշտ է կարդալ Հ. Մաթեւոսյան, որպեսզի զգաս բառի երաժշտականությունը, նախադասությունների կառուցման եղանակը: Ներկայացումը դեռ շտկվելու տեղ ունի»,- հայտնում է Ս. Մաթեւոսյանը ու չի համաձայնվում մեր  դիտարկմանը, ե դերասանների խաղում առկա էին կեղծ նոտաներ, «պիժոնություն»: «Սա սկզբունքն է. Հրանտ Քառյանը, ում դերը մարմնավորում է դերասան Վարշամ Գեւորգյանը, ներկայանում է երկու կերպարով, ինչպես ինքը կա իրականության մեջ եւ ինչպես ինքն իրեն պատկերացնում է, ինչպիսին կուզեր լինել: Հնարավոր է, այս անցումները ձեզ կեղծ են թվացել, ինչը նպատակային է արված»,-բացատրեց նա:
Փաստենք, որ ներկայացման մեջ ընգրկված է թատրոնի հիմնական դերասանական անձնակազմը՝ Մխիթար Ավետիսյան (Սանասար), Տաթեւիկ Ղազարյան (Բերսաբե), Արման Նավասարդյան (միլիցիոներ), Արմինե Պողոսյան (հեռախոսավարուհի), Կարապետ Բալյան (կայարանապետ) եւ այլք:
Ներկայացման երաժշտական ձեւավորումը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանինն է, նկարչական ձեւավորումը՝ Գրիշա Սահակյանինը:
Ներկա հանդիսականը ներկայացման ավարտին թեեւ, ընդունված կարգի համաձայն, ծափահարում էր, դահլիճը լեփ-լեցուն էր, բայց այն լքելուն պես շատերը արձանագրում էին, որ ներկայացումը ձանձրալի էր, տեղ-տեղ ձգձգված ու ոչ այնքան տպավորիչ. չկային ռեժիսորական որոնումներ ու դերասանական անկեղծություն, ինչը շատ ակնհայտ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել