Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվեգիայում աշխարհը վերվերի էր պարում

Օգոստոս 18,2010 00:00

Օսլոյում անցկացված «Norwey Cup» մրցաշարի աղջիկների պայքարում երրորդ մրցանակակիր դարձած՝ Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների ֆուտբոլի թիմը վերադարձել է:

\"\"

Երեկ «Առավոտը» զրուցեց քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյանի հետ:
– Նախ շնորհավորում ենք այս հերթական հաջողության կապակցությամբ: Սա ձեր ո՞րերորդ նվաճումն է միջազգային ասպարեզներում:
– Եթե նկատի ունեք ակումբային մակարդակը, ապա՝ երրորդ: 2007 թվականին նույն մրցաշարում էլ էինք դարձել երրորդ մրցանակակիր, որից մի քանի օր հետո կրկին Նորվեգիայում հաղթել ենք առաջին անգամ կազմակերպված Քրիստիանսունի միջազգային մրցաշարում:
– Աշխարհի տասնյակ ֆուտբոլային երկրների հարյուրավոր թիմերի մասնակցությամբ երրորդ տեղը գրավելը Հայաստանի համար նշանակալից ձեռքբերում է, եթե նկատի ունենանք, որ մեզանում կանանց ֆուտբոլի շատ թե քիչ առաջնություն էլ չի անցկացվում:
– Ձեր հարցը շոշափում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ կողմերից մեկը: Ասել, թե Հայաստանում կանանց (աղջիկների) ֆուտբոլ չկա, ճիշտ չի լինի. կան մի քանի թիմեր, հանրապետության առաջնություն էլ է անցկացվում: Բայց աղջիկների (կանանց) ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը, եթե ամբողջ հանրապետությունում մոտ 60 աղջիկ է այս մարզաձեւով զբաղվում, այն էլ՝ բոլոր տարիքային խմբերը միասին վերցրած: Իսկ կանոնավոր թիմ պահում ենք, թերեւս, միայն մենք (էնտուզիազմի հաշվին) եւ «Բանանց» ակումբը: Եվ անգամ այս ամենով հանդերձ, մեր աղջիկները Օսլոյում գերազանց հանդես եկան: Պատկերացրեք, որ մեր բախտը չբերեց եզրափակիչ տանող ճանապարհի վերջին խաղում, որը ոսկե գոլի կանոններով զիջեցինք մրցակցին: Երկու գնդակի տարբերությամբ պարտվելիս՝ հավասարեցրինք հաշիվը: Խաղը դեռ չէր ավարտվել, մի այնպիսի անձրեւ սկսվեց, որ մի քանի րոպեում խաղադաշտը պատվեց ջրի մի քանի սանտիմետրանոց շերտով: Հիմնական ժամանակի մեր հերթական գրոհներից մեկի ժամանակ գնդակը մրցակցի անպաշտպան դարպասի գրեթե գծի վրա կանգ առավ, եւ դարպասապահը կարողացավ շրջվել եւ այն վերցնել: Եթե չարաբաստիկ լճակը չլիներ, գնդակը կհատեր գիծը եւ մենք կհայտնվեինք եզրափակչում:
– Որքան տեղյակ ենք, հովանավորներ չունեք: Ի՞նչ միջոցներով մեկնեցիք Նորվեգիա:
– Ինչպես միշտ՝ նորվեգական կողմի հատկացրած գումարներով, որի հայթհայթման ուղղությամբ տարիներ շարունակ Հայաստանում աղջիկների ֆուտբոլը պահպանելու եւ զարգացնելու նպատակով Օսլոյում աշխատում է տեղաբնակ բարերար Ջիմմի Վարթիվարյանը: Սակայն այս անգամ «Norwey Cup»-ի շրջանակներում առանձին՝ մշակութային ծրագիր ուներ նաեւ Եվրամիության գրասենյակը, որում ընդգրկված հինգ առաջին երկրների մեջ էինք նաեւ մենք եւ ներկայացնում էինք Հայաստանը: Փաստորեն, մենք այս երկու առիթները համատեղեցինք:
– Նկատի ունեք ազգային պար, երգ, տարազ, ճաշատեսակ ներկայացնե՞լը:
– Այո: Եվ պատկերացրեք, որ այստեղ մեր թիմի աղջիկները, գերազանցեցին բոլոր սպասելիքները եւ ավելի մեծ հաջողության հասան՝ շահելով առաջին տեղը: Խոսքերով փոխանցել հնարավոր չէ, թե ինչպես Օսլոյի քաղաքապետարանում այդ առիթով կազմակերպված հատուկ ընդունելությունում, քաղաքապետից միչեւ Նորվեգիայի օլիմպիական կոմիտեի նախագահ, «Միասնության շուրջպար» էին բռնել, որից հետո վերվերի էին պարում: Իսկ դրանից հետո միջոցառմանը մասնակցած տեղացիները եւ բոլոր երկրների պատվիրակները մի քանի օր Կոմիտաս էին երգում, հայկական պարեր պարում: Մտադիր էինք հայկական խոհանոցից ներկայացնել մեր հրաշալի թփով տոլման: Սակայն Օսլոյում գործող թուրքական խանութներում այդքան թուփ չգտնվեց, ու աղջիկները պատրաստեցին հայկական տարբեր տեսակի աղցաններ: Հավատացեք, որ բոլորն էլ, ինչպես ասում են, «մատներն էլ հետն էին ուտում»: Կազմակերպիչները մի անակնկալ էին պատրաստել: Առաջարկեցին Հայաստանը ներկայացնել աշխարհին հայտնի մեծանուն զավակներով: Հասկանալի է, որ աղջիկները հատկապես այստեղ խնդիր, հաստատ, չունեցան: Մի հսկայական ցուցակ եղավ՝ Շարլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Մարտիրոս Սարյան, Վիլյամ Սարոյան, Գառզու, Տիգրան Պետրոսյան, Դավիթ Նալբանդյան, Յուրի Ջորկայեֆ, Անդրե Աղասի ու էլի տասնյակ անուններ: Ու ի՞նչն էր հաճելի. ներկաների ճնշող մեծամասնությունը լսել էր այդ անունները, գիտեր նրանց: Մի խոսքով, «Norwey Cup»-ն ու Եվրամիության գրասենյակը մեզ ընդունեցին եւ սիրեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել