Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎՐՈՎԻ ՄԵՍԻՋԸ ԲԱՔՎԻՆ

Օգոստոս 20,2010 00:00

«ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցներում հնչած գնահատականների տրամաբանությունը հայ-ռուսական ռազմաստրատեգիական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ բավական մոտ են»,- նման կարծիք հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, եզրակացնելով, որ սա եւս վկայում է կարեւորագույն հարցերի շուրջ 2 ռազմավարական գործընկերների միմյանց տեսակետները կիսելը: Շարմազանովը ընդգծեց, որ 2 երկրների արտգործնախարարներն էլ բարձր են գնահատել ՌԴ նախագահի պետական այցը Հայաստան՝ որակելով այն որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման  նոր եւ լուրջ խթան: «Կրեմլի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը մեսիջ  է պաշտոնական Բաքվին, որի լեյտմոտիվը հստակ է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Բացի դրանից, Լավրովն անուղղակիորեն նկատելով, որ Բաքվի ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները հիմնականում ներքին սպառման համար են, նշել է, որ դա անիմաստ եւ անօգուտ գործ է»,- ասաց ՀՀԿ խոսնակը, հավելելով, որ 2008թ. վրաց-օսական պատերազմին Ռուսաստանի արտգործնախարարի կողմից արված հղումը հիշեցում է ռազմատենչ հռետորաբանության հեղինակին, որ պատերազմը միմիայն վատ հետեւանքներ է ունենում: Փաստորեն, Լավրովը չհերքեց ռուսական C-300 համակարգի վաճառքի մասին լուրերը: Մեր դիտարկմանը Շարմազանովը պատասխանեց, որ պետք է ուշադրություն դարձնել ՌԴ ԱԳ նախարարի խոսքերին, մեջբերելով. «Մենք երբեք զենք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը»: «Սա նշանակում է, որ Ռուսաստանը ուղիղ ասած՝ բացառում է պատերազմը»,- ամփոփեց Է. Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել