Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԵԼ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 24,2010 00:00

\"\"ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցին

– Ինչպե՞ս է Հայ ազգային կոնգրեսը գնահատում Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. պայմանագրում կատարված փոփոխությունների ստորագրումը ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված ժամկետից շուտ պայմանագրում կատարված փոփոխությունները, եւ արդյոք որեւէ կապ տեսնո՞ւմ եք պայմանգարում կատարված փոփոխությունների եւ Ադրբեջանին C-300 ռազմական համակարգեր վաճառելու միջեւ:
– Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին 1995 թ. պայմանագրում փոփոխությունների ստորագրումը եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 ռազմական համակարգերի տրամադրումը արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը տարածաշրջանում:
C-300 հակաօդային համակարգերի ձեռք բերումը կսահմանափակի Ադրբեջանի լայնածավալ հարձակումը զսպելու՝ հայկական զինված ուժերի կարողությունը: Սպառազինությունների, մասնավորապես հրթիռային մարտկոցների ինտենսիվ գնումը եւ ռազմական պատրաստությունները, այդ ջանքերի դիվանագիտական ապահովումը Ադրբեջանի կողմից մեծացնում են ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի հավանականությունը:
Պատերազմական գործողությունների վերսկսմամբ հղի այս իրավիճակում 1990-ականներին ստեղծված հայ-ռուսական համատեղ (եւ երկկողմանի, եւ կոլեկտիվ) անվտանգության համակարգի ամրապնդումը եւ անվտանգության երաշխիքների ընդլայնումը կարեւոր նշանակություն ունեն, հաշվի առնելով մանավանդ այն հանգամանքը, որ Արեւմուտքը ղարաբաղյան խնդրի կարգավորումը չի համարում իր առաջնայնությունների ցանկում եւ պատրաստ չէ ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ տրամադրելու եւ հնարավոր ռազմական հակամարտությունը կանխելու հարցում:
Սակայն այս ուղղությամբ գործադրված ջանքերը անբավարար են եւ ըստ էության կարող են ապահովել ընդամենը ռազմական հակամարտության լոկալիզացիան: Որքան էլ լոկալ բնույթ կրի այդ պատերազմը, այն ավերիչ է լինելու Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանի համար, նշանավորվելու է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստով եւ տնտեսական քայքայմամբ, խորացնելու է ժողովուրդների միջեւ թշնամանքը, տարածաշրջանային անկայունությունը:
Տարակուսանք է առաջացնում նաեւ ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետների վերանայումը սպառման ժամկետից տասը տարի առաջ առանց որեւէ հրապարակային հիմնավորման: Ժամանակից շուտ նման հարցին անդրադառնալը վկայում է սոսկ այն մասին, որ Ռուսաստանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի եւ նրա կոռումպացված ռեժիմի, չի տեսնում հուսալի, երկարաժամկետ եւ վստահելի գործընկերոջ եւ փորձում է վստահության պակասը լրացնել չափազանցված իրավական երաշխիքների ապահովմամբ:
Տարածաշրջանում լարվածության աճը հետեւանք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական բալանսի փոփոխության՝ հօգուտ Ադրբեջանի, ինչը զգալիորեն թուլացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգը: Դրա ողջ պատասխանատվությունը կրում է քոչարյանասերժական ռեժիմը, որը տապալելով սահմանադրական կարգը եւ երկրում հաստատելով ավազակապետական համակարգ՝ տարիներ շարունակ ոչինչ չի արել Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հզորացնելու եւ շենացնելու ուղղությամբ, հակառակը՝ հանգեցրել է աղետալի արտագաղթի, վարել է ղարաբաղյան խնդիրը չկարգավորելու քաղաքականություն, կեղծված ընտրություններով, մարտիմեկյան սպանդով եւ քաղբանտարկյալներին բանտերում պահելով խաթարել է Հայաստանի միջազգային վարկը, բացառապես սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով ընդգրկվել կասկածելի քաղաքական գործընթացների մեջ, որի ամենավառ օրինակն է Հայաստանի դիրքերին խոշոր հարված հասցրած, այսպես կոչված, «նախաձեռնողական ֆուտբոլային դիվանագիտությունը»:
Ստեղծված լուրջ իրավիճակը պահանջում է չափազանց պատասխանատու գործելակերպ ու վճիռներ թե գործող իշխանություններից, թե միացյալ ընդդիմությունից՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, քանի որ այդ վճիռները բախտորոշ ազդեցություն կունենան հայ ժողովրդի անվտանգության վրա: Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ճշգրտորեն գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը եւ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների կայացումը, ինչպես նաեւ վճռական քայլեր կատարել ներքին քաղաքական առճակատման հաղթահարմանը խոչընդոտող խնդիրների լուծման (որոնցից ամենահրատապն է քաղբանտարկյալների ազատումը), քաղաքական համակարգի առողջացման եւ ժողովրդավարացման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել