Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստական միտքը՝կուրատորական խմբին

Օգոստոս 27,2010 00:00
Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը այս սկզբունքով է ձեւավորելու ազգային տաղավարը:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը, որը տաղավարի գեղարվեստական միտքը վստահել է կուրատորական խմբին: Հիշեցրել էինք նաեւ, որ 1999-2009 թթ. Հայաստանը Վենետիկի բիենալեում ներկայացրել է ՆՓԱԿ-ը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2011-ին Վենետիկում կայանալիք բիենալեին Հայաստանը ներկայացնող արվեստագետների խումբը՝ հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ու 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կուրատորները խոսեցին մանրամասներից, իհարկե՝ անակնկալները թողնելով հետոյին:

Ըստ Վ. Մնացականյանի, հայկական խումբն ամեն ինչ անում է՝ Վենետիկի 54-րդ բիենալեին հավուր պատշաճի ներկայանալու համար: Կուրատոր Ռուբեն Արեւշատյանն էլ նկատեց, որ դրա համար կարեւոր նախապայման է տաղավարի բովանդակությունը: Ինչպես նշեց հայկական տաղավարի կուրատոր Վարդան Ազատյանը, այս անգամ փորձ է արվելու ներկայանալ բազմակողմանի ծրագրով. «Բացի այդ, փորձելու ենք քննարկումների, սեմինարների միջոցով ապահովել տաղավարի նկատմամբ ակտիվությունը»:

Ի դեպ, յուրաքանչյուր բիենալե ունենում է իր թեման: 2011-ի 54-րդ բիենալեն կրելու է «Տիեզերքները՝ տիեզերքում» խորագիրը, որը կանցկացվի հունիսի 4-ից նոյեմբերի 27-ը:

Վ. Մնացականյանը նշեց. «Յուրաքանչյուր երկիր, բացի մասնակիցներից եւ կոմիսարից, ունենում է նաեւ կուրատորներ, որոնք պատասխանատու են ազգային նախագծի ներկայացումը բիենալեի չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հայկական տաղավարն ըստ արժանվույն ներկայացնելու համար «Gallery 1» ցուցասրահի հիմնադիր-տնօրեն, կուրատոր Արմինե Անտիկյանը, արվեստաբան, փիլիսոփայության թարգմանիչ Վարդան Ազատյանը, արվեստագետ, արվեստաբան Ռուբեն Արեւշատյանն ու արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը կաշխատեն մասնագիտական թիմով: Վերջիններս իրենց փորձն ու ժամանակակից արվեստի համաշխարհային դաշտի վերաբերյալ գիտելիքները կներդնեն՝ Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար»: Ն. Կարոյանն ասաց, որ Հայաստանը բիենալեի ժամանակ տաղավար կունենա «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանում եւ նաեւ կփորձի տաղավար ձեռք բերել Վենետիկի զենքերի եւ նավերի նախկին պահեստատեղի Արսենալեում։ Կարոյանի կարծիքով՝ բիենալեն ենթադրում է թիմային աշխատանք. «Բոլոր համադրողների հմտությունները եւ գիտելիքները պետք է միահյուսվեն եւ իրենց արդյունքը ցույց տան»:

Ռ. Արեւշատյանն էլ նշեց. «Բովանդակային առումով այս տարի փորձ ենք անելու աշխատել որոշակի համատեքստերի հետ, որոնք առնչվում են Հայաստանի թե՛ ներկային, թե՛ անցյալին։ Փորձելու ենք խոսել այդ իրականության մասին արտիստական եւ քննադատական տեսանկյունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել