Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճընի հերոսամարտին ընդառաջ

Օգոստոս 27,2010 00:00

Ազգային վեհ գաղափարները միշտ պետք է վառ պահել ժողովրդի գիտակցության մեջ, որպեսզի ապագայում ունենանք ճիշտ ձեւավորվածազգային մտածելակերպ, որը կփոխանցվի սերունդներին եւ կդառնա կենսաձեւ:

Հայրենակցական միությունները սկսեցին ձեւավորվել Մեծ եղեռնին հաջորդող տարիներին, երբ ցեղասպանությունից մազապուրծ հայերը աշխարհի տարբեր ծայրերում ապաստան գտնելուց հետո, սկսեցին փնտրել իրենց հարազատներին ու ազգականներին: Այդ տարիներին տպագիր մամուլում հաճախ կարելի էր հանդիպել «Փնտրվում է…» արտահայտությանը: Այսպես սկսվեց ազգականների, հայրենակիցների մեկտեղումը, որի նպատակը միմյանց օգնելն ու նեցուկ լինելն էր: Մեկտեղումը մեր ազգային հիշողությունը պահող ազդակներից կարեւորագույնն է, որովհետեւ հիշողությունը կորցնող ժողովուրդը վաղ թե ուշ դադարում է ազգ լինելուց: Հայրենասիրական, միասնական, միաբան ոգին, նվիրական ու համակարգված աշխատանքը, ապագայի նկատմամբ լավատեսությունը, չխամրող հույսն ու հավատը հայրենակցական միություններին առաջնորդող մշտավառ ջահերն են, հայրենակցական գիտակցության ոգին մարմնավորող ուժը:

Այսպես է ստեղծվել նաեւ «Հաճըն» հայրենակցական միությունը: Ստեղծվել է 1910 թվականին՝ Ադանայի ջարդերից անմիջապես հետո, Սիս քաղաքում: Բայց որպեսզի միությունը զերծ մնար թուրքական կառավարության կողմից որպես «Քօմիթէճիներ» ամբաստանվելու վտանգից, ընտրվեց «Հաճընցի Աղետեալներուն Օգնութեան Տիկնանց Միութիւն» անունը՝ նախընտրելով գործն առաջ տանել իրենց տիկնանց անուններով:

Միությունը ստանձնել էր դժբախտ հայրենակիցներին հավաքելու, նրանց կարիքները հոգալու, ապա Հաճըն վերադարձնելու աշխատանքները: Հիմնադրումից ոչ շատ անց՝ 1912-13 թվականներին, «Հաճընցի Աղետեալներուն Օգնութեան Տիկնանց Միութիւնը» դառնում է Ադանայում ստեղծված «Հաճըն» հայրենակցական կենտրոնական միության մասը: Սկսած 20-րդ դարի 20-ական թվականներից, «Հաճըն» հայրենակցական միություններ են հիմնվել Արգենտինայում, Ֆրանսիայում, Ուրուգվայում, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում, Բրազիլիայում, Հունաստանում եւ այլուր: Աշխարհատարած շուրջ 7065 հաճընցիներից մոտ 2000-ը ապրում են Հարավային Ամերիկայում եւ այսօր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում է «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչությունը, այստեղ լույս է տեսնում «Նոր Հաճըն» ամսագիրը:

Կիլիկիոյ Հաճըն քաղաքը Մեծ եղեռնի տարիներին Ֆրանսիայի եւ Անգլիայի երկերեսանի քաղաքականության զոհը դարձավ: Առաջին համաշխարհային պատերազմի օրերին՝ 1916 թվականին, Անգլիայի եւ Ֆրանսիայի պայմանավորվածությամբ, Թուրքիայի պարտության դեպքում 2.6000.000 մշակովի, բերքառատ հողեր ունեցող Կիլիկիան անցնելու էր Ֆրանսիայի հովանավորությանը, եթե հայ կամավորները կռվեն Թուրքիայի դեմ: Թուրքական բանակից, աքսորի ճամփաներից ու տարբեր վայրերից, նույնիսկ հեռավոր Ամերիկայից ժամանած հայ երիտասարդները զինվորագրվում են ֆրանսիական բանակին՝ ստեղծելով Արեւելյան (Հայկական) լեգեոնը: Գեներալ Ալեբին 1918 թ. հոկտեմբերի 12-ին Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշային հղած հեռագրում գրել է. «Ես հպարտ եմ՝ իմ հրամանատարության տակ հայկական զորամաս ունենալուս համար: Նրանք կռվեցին փայլուն կերպով եւ մեծ բաժին ունեցան յաղթանակի մեջ»: Պատերազմից հետո կնքված Սեւրի պայմանագրով թուրքերին հաջողվում է լեզու գտնել դաշնակից տերությունների հետ եւ ստիպել ֆրանսիացիներին իրենց խաղաղապահ զորքերը դուրս բերել Կիլիկիայից:

Ութամսյա երկարատեւ ու համառ, հերոսական դիմադրությունից հետո Հաճընն ընկնում է: Այն վերածվում է աննշան մի գյուղաքաղաքի՝ Սաիմբեյլի անվամբ:

Ինչպես ցանկացած հայ, հաճընցին եւս կարողանում է փյունիկի նման, թեեւ վիրավոր ու սգավոր, հարություն առնել՝ սփռվելով աշխարհով մեկ, եւ ապացուցում, որ հնարավոր չէ սպանել նրան, ով չի ուզում մեռնել:

Աստիճանաբար սկսվում է հայրենադարձության ալիքը՝ մայր հայրենիք: Հայրենադարձված եւ աշխարհասփյուռ հաճընցիների խնդրանքով Հայաստանի Սիլավոյ կոչվող բնակավայրը՝ ի հիշատակ Կիլիկիայի Հաճըն քաղաքի, 1958թ. նոյեմբերի 4-ին վերանվանվում է Նոր Հաճըն: Այստեղ ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով հիմնադրվել է նաեւ Կիլիկիոյ Հաճըն թանգարան- հուշարձանը, աշխարհասփյուռ հաճընցիները իրենց աջակցությունն են ցուցաբերում քաղաքի կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալ-տնտեսական բնագավառներին: 1955 թվականին մի խումբ հայաստանաբնակ հաճընցիներ միավորվելով, ստեղծում են Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը՝ Գեւորգ Գրբեկյանի գլխավորությամբ:

Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը որոշել է մեծ շուքով տոնել Հաճընի ութամսյա հերոսամարտի 90-րդ տարելիցը, որ լրանում է հոկտեմբերի 10-ին: Արգենտինայի «Հաճըն» հայրենակցական միության կենտրոնական վարչությունն ու Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության խորհուրդը նախատեսել են գիտաժողով, Հաճընին նվիրված նոր փաստագրական ֆիլմի ցուցադրում, շնորհալի հաճընցիների մասնակցությամբ ցուցահանդեսի եւ Նոր Հաճըն քաղաքում ծառատունկի կազմակերպում, մեծարման ցերեկույթ-միջոցառում, Հաճընի բարբառի, մանրապատումների, ավանդույթների հրատարակում, ցեղասպանությունից մազապուրծ հաճընցիների՝ Պետրոս Գրիգորի Թուրսարգսյանի «Իմ կյանքը» վեպի եւ Կիլիկիայի 1600 որբերից մեկի՝ Երվանդ Հակոբի Փոստալջյանի ճակատագրի մասին պատմող փաստագրական գրքերի հրատարակումներ եւ այլն:

«Հաճըն» հայրենակցական միությունը հավատում է, որ նմանատիպ միջոցառում-ծրագրերը կդառնան հայապահպանության եւ ազգային գաղափարներն արժեւորելու ու տարածելու խթան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել