Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ՝ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵ՞Ր

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

Դիահերձարանի պատասխանատուները վստահեցնում են, որ բարձր վճարների պատճառը լրացուցիչ ծառայություններն են, ոչ թե բժշկի քմահաճույքը:

\"\"
Դիահերձարանն էլ պետք է մի քանի սենյականոց լինի:

Այսօր դիահերձարանների բիզնեսը բավականին եկամտաբեր է, այդ պատճառով էլ գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ձգտում են իրենց դիահերձարանն ունենալ: Սակայն դրան զուգահեռ, բուժհիմնարկները չեն պահպանում օրենքով նախատեսված այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են դիահերձարան աշխատեցնելու համար:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի (8-րդ հիվանդանոց) դիահերձարանը 5 ամսից ավելի չէր գործում: Այն վերաբացվել է գրեթե 1 ամիս առաջ: Դիահերձարանի փակ լինելը բոլորովին էլ վերանորոգման կամ պահանջարկ չունենալու հետեւանք չէր, այլ՝ մասնագետ չունենալու: Տարիներ առաջ աշխատող պաթոլոգ անատոմը մահացել է, եւ նրան ոչ ոք չէր գալիս փոխարինելու: Սակայն հիվանդանոցի ղեկավարությունը վերջերս վերաբացել է դիահերձարանը՝ աշխատանքի ընդունելով բժշկական համալսարանի ասպիրանտ, պաթոլոգ անատոմ Վարդան Դաբաղյանին:
Չնայած դիահերձարանի շենքային պայմանները բոլորովին չեն փոխվել, սակայն այստեղ մատուցվող ծառայությունների գները անհամեմատ բարձրացել են: Եթե նախկինում մեկ դիակի հերձումը հարազատների վրա նստում էր առավելագույնը 40 հազար դրամ, ապա այժմ նվազագույնը 65 հազար դրամ են պահանջում՝ մահացածի դին մշակված վիճակում հարազատներին հանձնելու համար: Ընդ որում, այս գինը վերջնական չէ, այն անընդհատ աճում է՝ կախված մատուցած ծառայություններից: Նկատենք, որ, կառավարության որոշմամբ, մեկ դիակի հերձումը 12 500 դրամ է, եւ այդ գումարը հատկացվում է պետբյուջեից, այսինքն՝ դիահերձումը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում: Մասնավոր հիվանդանոցները կարող են այդ գումարի վրա ավելացնել իրենց ուզած գինը, սակայն դրա համար անպայման պետք է ՀԴՄ կտրոն տրամադրվի: Իսկ թիվ 8 հիվանդանոցը դեռ մասնավորեցված չէ:
Բացի այդ, այս դիահերձարանը, այլ հիվանդանոցների դիահերձարանների համեմատությամբ, իր չափերով փոքր է: Դրա համար էլ քիչ թվով դիակներ է կարողանում մշակել: Մեր տեղեկություններով, այստեղ եթե միանգամից 3 դիակ բերեն, մասնագետը չի կարողանա դրանք տեղավորել: Սա ճշտելու համար երեկ մենք այցելել էինք թիվ 8 հիվանդանոցի դիահերձարան, սակայն հաստատության դռները փակ էին: Պարզվեց, որ դրանք բացվում են այն ժամանակ, երբ դիակ են բերում: Նշենք, որ այս դիահերձարանի տեղն էլ այնքան հարմար չէ, այն գտնվում է հիվանդանոցի ծննդատան անմիջապես հարեւանությամբ, իսկ «անատոմիկումի» դռների մոտ 5-6 աղբաման է շարված:
Քանի որ պաթանատոմը տեղում չէր, մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ հիվանդանոցի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանից: Նրա ներկայացմամբ, իրենց դիահերձարանում բոլորովին էլ բարձր գներով չեն սպասարկում: Ինչ վերաբերում է դիահերձարանի պայմաններին, ապա, ըստ նրա, իրենց «անատոմիկը» բոլորովին էլ չի տարբերվում այլ հիվանդանոցների «անատոմիկներից»:
Պաթանատոմ Վարդան Դաբաղյանն էլ, մեր այն հարցին, թե ինչո՞ւ են մի դիահերձման դեպքում 78 հազար դրամ պահանջում մահացածի հարազատներից, իսկ մյուսի դեպքում՝ 65 հազար դրամ եւ այդ բոլոր վճարումների դիմաց ոչ մի կտրոն չի տրամադրվում, պատասխանեց. «Մեկ մարդու դիահերձումը 12 500 դրամ է, ինչն իսկապես տրամադրում է պետությունը: Սակայն, դրանից բացի, կան ծառայություններ, որոնք լրացուցիչ գումար արժեն. ասենք՝ դիմահարդարում, մատնահարդարում, վարսահարդարում եւ այլն: Լինում է նաեւ, որ ինչ-որ մեկը պահանջում է, որ դիակը 5-10 օր մնա դիահերձարանում, սովորական պայմաններում, այսինքն՝ առանց մշակման, դիակը չի կարող այդքան ժամանակ մնալ, պետք է բալզամով մշակվի: Բացի այդ, ենթադրենք մեկը պահանջում է, որ սառույց էլ իրենց տրամադրենք, այսինքն՝ դագաղի մեջ դիակի հետ տրամադրվի նաեւ չոր սառույց, դա նույնպես գումար արժե: Մեզ այդ սառույցը բերում են, մահացածի հարազատներն էլ այս ապրանքը բերողին վճարում են: Որեւէ հիվանդությունից մահացածի կամ ինչ-որ այլ պատճառով դիակը երկար պահելու համար նաեւ դեղեր էլ ենք սրսկում, որը նույնպես գումար արժե: Մենք այդ ամենի հետ այնքան էլ կապ չունենք, ուղղակի լավություն ենք անում մահացածի հարազատներին: Չեմ կարող մատնահարդարի, դիմահարդարի, վարսահարդարի, սառույց բերողի փոխարեն ՀԴՄ տրամադրել: Ինձ դրանից գումար չի հասնում: Ես գրանցված աշխատավարձ եմ ստանում»:
Ինչ վերաբերում է դիահերձարանի շենքի չափերը նախատեսվածից փոքր լինելուն, ապա, ըստ Վ. Դաբաղյանի, շենքը բոլորովին էլ փոքր չէ, այն կազմված է նախասրահներից, արխիվի բաժնից եւ բժիշկի սենյակից, իսկ լաբորատորիան գտնվում է հիվանդանոցի շենքի առաջին հարկում. «Շատ հիվանդանոցներում լաբորատորիան էլ է դիահերձարանի շենքի մեջ մտնում: Մենք նախատեսում ենք այդ շենքը մեծացնել: Դիմացի աղբամանների տեղն էլ փոխել»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել