Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Ալեյան. «Հայաստանում մարզվելն ինձ շատ բան տվեց»

Սեպտեմբեր 23,2010 00:00

Անթալիայում տարբեր երկրների դրոշների ներքո հանդես են գալիս հայազգի ծանրորդներ:
Նրանցից է Ուրուգվայի միակ ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Ալեն Ալեյանը:

25-ամյա այս երիտասարդը աշխարհի առաջնությանը մասնակցում է սեփական միջոցներով: Բայց նա մեր ուշադրությանն արժանացավ ավելի շատ նրա համար, որ նպատակին հասնելու ճանապարհի վերջին հատվածն անցել է Հայաստանում: Ալենը օգոստոսի 10-ից մարզվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ: Իսկ Ալենը հայրենիքում հայտնվել է այսպես: Ուրուգվայը, լինելով IWF-ի անդամ պետություն, 12 տարի շարունակ իր ներկայացուցիչը չի ունեցել աշխարհի առաջնություններում: Եվ ահա Ալենը, որ այդ երկրի լավագույն ծանրորդն է, իր նախաձեռնությամբ եւ ծնողների հորդորով՝ Պանամերիկյան խաղերին հաջող մասնակցելուց հետո որոշել է ուժերը փորձել նաեւ աշխարհի առաջնությունում: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան էլ, ընդառաջ գնալով մարզիկի ցանկությանը, միջնորդել է, որպեսզի Ալենը նախապատրաստվի Հայաստանում:
Խոսելով Ալենի մարզական տվյալների եւ հնարավորությունների մասին՝ Փաշիկ Ալավերդյանն «Առավոտին» ասաց. «Ծանրամարտն Ուրուգվայում հենակետային մարզաձեւ չէ, ու այնտեղ մարզաձեւին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Բայց Ալենը սիրահարված է ծանրամարտին ու ինչի էլ հասել է, ավելի շատ՝ սեփական կամքի ու ցանկության շնորհիվ: Ճիշտ է, նա աշխարհի առաջնությունում բարձր տեղերի չի կարող հավակնել (նա ընդգրկված է «D» խմբում), բայց կարեւորը նպատակին հասնելու ձգտումն է: Պանամերիկյան խաղերում երիտասարդը պոկել է 116, հրել՝ 153 կգ: Իսկ Հայաստանում մարզվելիս ցույց է տվել 122+150 կգ արդյունք: Կարող էինք ավելիին էլ հասնել, սակայն նա Հայաստան եկավ մեջքի մկանի վնասվածքով, ինչն էլ խանգարում է ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնելուն»:
Իսկ ինքը՝ Ալեն Ալեյանը, երախտագիտությամբ է արտահայտվում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հասցեին՝ իրեն հայրենիքում մարզվելու հնարավորություն տալու համար. «Ես այստեղ ինձ համար անհայտ շատ բան սովորեցի՝ սկսած մարզումների մեթոդիկայից, վերջացրած ծանրաբեռնվածությունը ճիշտ կարգավորելով: Շատ կուզեմ, որ հետագայում էլ մարզվելու հնարավորություն ունենամ Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930