Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՔԼԻՆԹՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Սեպտեմբեր 24,2010 00:00

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի՝ ռուսախոս իսրայելցիների հասցեին արած ձեւակերպումները: BBC-ի մատուցմամբ, դեռ երեքշաբթի օրը «Քլինթոնի գլոբալ նախաձեռնություն» հիմնադրամի ամենամյա համաժողովի ժամանակ նախկին նախագահը հայտարարել էր, թե՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության գլխավոր խոչընդոտը Իսրայելում հաստատված ռուսաստանցիներն են: Քլինթոնի ասելով, իսրայելական բանակում աճում է ռուսախոս ընտանիքներից եւ օկուպացված տարածքներում վերաբնակեցված հրեա ընտանիքներից սերված զինծառայողների թիվը: Հենց նրանք են, Քլինթոնի կարծիքով, Մերձավոր Արեւելքում երկու պետությունների ստեղծման սկզբունքների ամենահամառ ընդդիմախոսները:

«Այդ մարդիկ բնակություն են հաստատել Իսրայելում: Դա նրանց երկիրն է, նրանք իրենց ապագան կապում են այդ երկրի հետ ու չեն կարող թույլ տալ իրենց պատկերացնել, որ ինչ-որ մեկ ուրիշը եւս այդ հողի վրա իրավունքներ ունի: Դա արդեն շատ դժվարին խնդիր է»,- հայտարարել է Քլինթոնը՝ հավելելով, թե խոսքը միանգամայն այլ Իսրայելի մասին է, որի բնակիչների 16 տոկոսը խոսում է ռուսերեն: Քլինթոնը կարծիք էր հայտնել նաեւ, թե նույն հողում երկու պետությունների ստեղծման գաղափարի ամենամեծ աջակիցները բնիկ՝ այդ երկրում ծնված իսրայելցիներն են, որոնք «պատկերացնում են պաղեստինցիների հետ իրենց ընդհանուր ապագան, քանի որ իրերը դիտարկում են պատմական համատեքստում»:

Միացյալ Նահանգների նախկին նախագահի այդ հայտարարությանը վարչապետ Նեթանյահուն երեկ խստորեն է արձագանքել՝ ափսոսանք հայտնելով Քլինթոնի այդ խոսքերի առնչությամբ: «Որպես Իսրայելի վաղեմի բարեկամ, Բիլ Քլինթոնը գիտե, որ նախկին Խորհրդային Միությունից ներգաղթածները մեծ ներդրում են ունեցել Իսրայելի ռազմական ուժերի եւ պետության զարգացման ու ամրապնդման գործում»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել