Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԻՄ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԿԱ»

Սեպտեմբեր 24,2010 00:00

Արամ Իսաբեկյանը մեկնաբանում է իր արվեստը

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ճանաչված նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսը: Այն ընդգրկում է հեղինակի ստեղծագործական ողջ ժամանակաշրջանը՝ սկսած 16 տարեկանում արված նկարներից, վերջացրած մերօրյա ստեղծագործություններով: Ամեն շրջանի ստեղծագործություն իր ժամանակի կնիքն ու տրամադրություններն է կրում. հեղինակի խոսքով՝ դրանցում իր կենսագրությունն է՝ երկրի կենսագրության մեջ: Միֆականն ու այլաբանությունն էլ իրենց բացատրությունն ունեն, բնականաբար ոչ բառային՝ պետք է ուղղակի դիտել, հասկանալու եւ ընկալելու համար: «Իմ նկարչության մեջ ամեն ինչ էլ կա, միֆերի պատճառները եւս հայտնի են… Ինչպես բոլորի, այնպես էլ իմ կյանքում վատ բաներ էլ են եղել, օրինակ՝ արվեստանոցս վառեցին, մեկ տարի հետո կրկին հրդեհ եղավ, ահագին ժամանակ չէի կարողանում յուղաներկով աշխատել: Այդ շրջանում նոր տեխնիկա հնարեցի, եւ թղթի վրա պաստելներով շարքը ծնվեց… Իմ կոմպոզիցիաների մեծ մասում այլաբանություն կա, վերցնենք թեկուզ վերջին՝ «Սումգայիթ» աշխատանքը… Հրեշ է պատկերված կացիններով, բայց աշխատել եմ այնպես անել, որ նկարը զզվանք չառաջացնի, ոչ էլ գրոտեսկային լինի…»,- իր ստեղծագործություններն է մեկնաբանում նկարիչը:

Նա ներկայումս բնակվում է Աշտարակում, այգի ունի, որը եւս իր ստեղծագործությունն է համարում: Նաեւ 15 նկար ունի, որոնք կազմում են «Իմ այգին» շարքը: Ասում է՝ անգամ իր նատյուրմորտներն իմաստ ունեն, եւ ոչ մի վրձնահարված ինքնանպատակ չէ:

«Առավոտի» հարցին՝ հե՞շտ է լինել նկարիչ Իսաբեկյանի որդի նկարիչ Իսաբեկյան, մեր զրուցակիցը պատասխանում է. «Եվ դժվար էր, եւ հեշտ: Ես նկարիչների ընտանիքում եմ ծնվել, մայրս էլ նկարիչ էր: Հայրս իմ դասախոսն էլ է եղել, մենք միշտ ստեղծագործական վեճեր ենք ունեցել, իմ նկարչությունը նման չի եղել իր նկարչությանը՝ տեխնիկայով, ոճով եւ այլնով: Մյուս կողմից էլ հորս հետ հեշտ էր եւ հետաքրքիր, որովհետեւ նա մեր դարի ամենախելոք մարդկանցից էր, նկարչության մեջ աստվածային շնորհքի տեր: Այն ճաշակը, պահանջկոտությունը, որ նա ուներ իր նկատմամբ, ինձ էլ էր փոխանցվում: Նա նկար չունի, որ մի 40 անգամ փոխած չլինի»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մասնավոր ցուցասրահների սակավությանը, շուկայի բացակայությանը: Նկարիչը փաստեց, որ շատ շնորհալի արվեստագետներ ստիպված են հեռանալ Հայաստանից, վիճակը հատկապես վատ է գեղանկարիչների առումով, որովհետեւ քանդակագործներն ու դիզայներները գոնե ինչ-ինչ պատվերներ ստանում են: Մեր հարցին՝ «կուլ կգնա՞» սպառողի ճաշակին, Ա. Իսաբեկյանը պատասխանում է, որ երբեք նման բան չի արել, անգամ խորհրդային տարիներին, երբ պետական պատվեր է ստացել հանքափորներ եւ թունելագործներ նկարելու՝ հրաժարվել է, ուղղակի չի ստացվել, չի կարողացել: «Ես չեմ կարող պատվերով նկարել: Ովքեր էլ որ անում են, չեմ մեղադրում, մարդիկ պետք է առաջին հերթին հաց վաստակեն: Ժամանակին շատ նկարիչներ Հենրիկ Իգիթյանի պատվերով նկարներ էին նկարում, նա ինձ էլ է առաջարկել, բայց հրաժարվել եմ, այն դեպքում, երբ ուրիշները երազում էին նրա հետ աշխատել: Մյուս կողմից էլ չեմ գտնում, թե այն մարդիկ, ովքեր լսել են Իգիթյանին, տուժել են: Մի քանի տարի առաջ էլ Ֆրանսիայում մի սոլիդ ցուցասրահ առաջարկեց՝ ֆրանսիացի նկարիչներից մեկի ոճով «ծովափնյա» նկարներ նկարել, խոստացավ մեծ գումարներ, դարձյալ հրաժարվեցի: Պիտի հոգուցս բխի, ձեռքս այդ պահին այդպես գնա»,- նշում է Ա. Իսաբեկյանը: Քանի որ նկարչի ստեղծագործության մեջ կանայք մի տեսակ շեշտադրված են, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դեր ունեն նրանք արվեստագետի կյանքում: «Կանայք պետք է իսկական տղամարդու կուռքը լինեն, կանանց պետք է տղամարդը սիրի: Քիչ առաջ հարցազրույց էի տալիս Սարյանի մասին, մեկ էլ հիշեցի, որ նա մերկ կին չի նկարել: Դա շատ զարմանալի էր, այդքա՜ն առաքինի մա՞րդ: Իմ նկարչության մեջ կինը միշտ կա եւ կլինի, որովհետեւ հետաքրքիր էակ է»,- կարծում է նկարիչը: Պատմում է, որ ինքնանկարներ արել է հիմնականում երիտասարդ տարիքում: Ասում է, նկարիչներին չպետք է մեղադրել ինքնահիացման միտումով. «Ուղղակի ինքնանկարը նկարչի համար սովորելու ընթացք է: Քեզանից ավելի էժան ու հասանելի բնորդ ո՞վ պետք է լինի, ես էլ եմ այդպես տեխնիկաներ սովորել»: Արվեստի բուհ ղեկավարելը եւ զուգահեռ ստեղծագործելը, պարոն Իսաբեկյանի խոսքով, հեշտ չէ, բայց հպարտ է, որ արդեն 15 տարի ղեկավարում է մի կրթօջախ, որը, իր ձեւակերպմամբ, փակման եզրին էր եւ հիմա նորմալ հունով է ընթանում՝ իր եւ համախոհների շնորհիվ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930