Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Փյունիկի» մարզավիճակը մարզիչներին գոհացնում է

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Հայկական ֆուտբոլում թիմերի անհաջողության սեզոնները տարօրինակ տրամաբանությամբ են միմյանց հաջորդում: Նախ «Միկան» էր խոր ճգնաժամի մեջ՝ եթե ոչ անհասկանալի, ապա գոնե՝ անտեսանելի պատճառներով, հետո մի կարճ շրջան «Փյունիկը» չէր կարողանում ինչ-ինչ արգելքներ հաղթահարել, հիմա էլ եկել է «Ուլիսի» հերթը: Սեւադա Արզումանյանի թիմը նախ «Փյունիկին» 5:1 հաշվով պարտվեց, հետո անարդյունավետ ոչ-ոքի խաղաց մրցաշարային աղյուսակի ստորին մասում տեղավորված «Կիլիկիայի» հետ, 20-րդ տուրում մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց աղյուսակում «Կիլիկիայից» առավել վատ վիճակում գտնվող «Շիրակից», իսկ արդեն 21-րդ տուրում զիջեց «Միկային» 1:2 հաշվով: «Ուլիսի» պարագայում էլ, ինչպես եւ «Միկայի», անտեսանելի են այն գործոնները, որոնց պատճառով թիմի խաղը նման անկում ապրեց: Սակայն փաստ է, որ 3 շրջաններում ձեռք բերած առավելությունը Սեւադա Արզումանյանի սաները էապես նվազեցրին իրենց հետապնդող գլխավոր մրցակցի՝ «Միկայի» դեմ խաղում: Իսկ առջեւում դեռ մի ամբողջ շրջան է՝ 7 տուր:

Ավելի քիչ է միավորային տարբերությունը «Գանձասարի» ու «Իմպուլսի» միջեւ՝ ընդամենը 4, սակայն այս թիմերի պարագայում դա մեծ դերակատարություն չի կատարում, մանավանդ՝ 21-րդ տուրում գրանցված ոչ-ոքի՝ 1:1-ից հետո:

Երկարատեւ ընդմիջումից հետո Գյումրիի «Շիրակը» միավոր վաստակեց առաջնությունում: Տեւական ճգնաժամից կամաց-կամաց դուրս եկող գյումրեցիների համար այս միավորը օդի ու ջրի արժեք ուներ, ընդ որում՝ ոչ թե մրցաշարային աղյուսակի տրամաբանությունից ելնելով, այլ՝ պարտվողի հոգեբանությունը կոտրելու տեսանկյունից: Եվ այս առումով հատկապես կարեւոր էր, որ «Շիրակը» առաջին միավորը վերականգնողական շրջանում կորզեց առաջատար «Բանանցից»: Ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտված հանդիպումը, իհարկե, շիրակցիների գործը առաջնության 4-րդ շրջանում որեւէ կերպ չի թեթեւացնի, փոխարենը՝ էապես բարդացնում է «Բանանցի» գործը: Այս սայթաքումը «Բանանցի» ու նրան հետապնդող «Փյունիկի» միջեւ միավորային տարբերությունը հասցրեց 3-ի, ինչն արդեն վտանգավոր է առաջատարի եւ հուսադրող՝ «Փյունիկի» համար: Մանավանդ որ, վերջինս առաջնության 3-րդ շրջանի վերջնամասում խիստ գոլառատ ֆուտբոլ է ցուցադրում՝ մեկը մյուսի ետեւից խոշոր հաշվով հաղթանակներ տոնելով: 21-րդ տուրում «Փյունիկի» մրցակիցը «Կիլիկիան» էր, որը 5 անպատասխան գնդակ ընդունեց չեմպիոնից սեփական դարպասը: Նման գոլային տեղատարափից հետո «Կիլիկիայի» գլխավոր մարզչին մնում էր միայն փաստել, որ «Փյունիկի» մարզավիճակը իրեն՝ որպես հայ մարզչի, գոհացնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930