Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ՝ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Հիվանդանոցի ներսում գործող խաղալիքների խանութը երեխաներին սթրեսի է ենթարկում

Հայտնի է, որ հիվանդանոցների դեղատներում նույնիսկ ամենաէժան դեղը վաճառում են շուկայականից ավելի թանկ: Այս դեպքում հասկանում ենք, որ բիզնես է, հիվանդանոցներում դեղի պահանջարկը մեծ է, ուստի ստեղծում են առաջարկ՝ իրենց ուզած գներով: Նույն կերպ բուժհաստատություններում տեղադրում են սուրճ եփող ապարատներ, պատճենահանող սարքեր, որտեղ 1 էջը պատճենահանելն արժե ոչ թե 10-20 դրամ, այլ՝ 50 դրամ: Այս ամենը նորմալ է եւ բիզնեսի կանոնների մեջ: Սակայն կան բաներ, որոնք բուժհաստատություններում զուտ փող աշխատելու համար տեղադրելն անընդունելի է ու անթույլատրելի: Խոսքը՝ հիվանդանոցի ներսում խաղալիքների վաճառքի կետերի մասին է: «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում են մանուկներն ու դեռահասները, հասկանալի նպատակներով տեղադրված են նման վաճառքի կետեր ու խաղային ապարատներ: Ինչպես ճշտեցինք հիվանդանոցից, այդ կետերը Բաբլոյաններին չեն պատկանում, պարզապես մի անհատ ձեռներեց, գիտակցելով, որ հիվանդ երեխաների հաշվին կարելի է լավ գումար վաստակել, վարձակալել է հիվանդանոցի առաջին հարկի տարածքն ու իր համար բիզնես է անում:

Երբ կրկեսում կամ թատերական մանկական ներկայացումներից առաջ մուտքի մոտ հավաքվում են փուչիկ, «տզզիկ-մզզիկ» ու տարբեր խաղալիքներ վաճառողներն ու երեխաներին գայթակղելով՝ համոզում ծնողներին գնել իրենց վաճառած մի քանի անգամ թանկ ապրանքները, ծնողները կարող են բարկանալով, համոզելով կամ վատագույն դեպքում ապտակելով իրենց երեխաներին՝ չգնել այդ թանկ ու անպետք ապրանքները: Որքան էլ որ դա անհարմար իրավիճակ է, հնարավոր է ինչ-որ կերպ խուսափել այդ տհաճ իրադրությունից: Սակայն հիվանդանոցներում վիրահատված, կաթիլայինով կազդուրվող, ջերմող երեխաներ են, եւ անմարդկային է նրանց համոզել ուշադրություն չդարձնել բացեիբաց ցուցադրվող խաղալիքներին, չտարվել վաճառողուհու ներկայացրած տեսակ-տեսակ մեքենաներով կամ գոնե մի քանի 100 դրամ չնետել խաղային ապարատի մեջ՝ հույսով, որ 1 փափուկ խաղալիք կշահես: Եթե գոնե այդ բիզնեսը կազմակերպվեր հիվանդանոցի շենքից դուրս, թեկուզ բակում՝ ով հնարավորություն կունենար իր փոքրիկի համար այդքան թանկ խաղալիք գնել՝ թող գներ: Սակայն հիվանդանոցի տարածքում, որտեղ երեխաները զբոսնում են, օդափոխվում են՝ խաղալիքների բիզնեսը շատ ծնողների իսկապես անելանելի վիճակի մեջ է գցում: Ի վերջո, հիվանդանոցում տարբեր սոցիալական խմբերի երեխաներ են բուժվում, սա զվարճանքների տեղ չէ, որտեղ ծնողները պատրաստ են իրենց երեխաներին բավարարելու համար մի քիչ գումար ծախսել: Եվ հետո, հիվանդանոցում շատ մանկատան երեխաներ կան, որոնք հենց հիվանդանոցի տնօրինության խնամքի տակ են, եւ, բնականաբար, հիվանդանոցի աշխատակազմը չի կարող հոգ տանել նաեւ այդ երեխաներին խաղալիքներով ապահովելու մասին: Իսկ մանկատան երեխաների սթրեսն ու հոգեկան ճնշվածությունն այնքան մեծ է, որ անհնար է բացատրել, թե ինչ ապրումների մեջ են նրանք ընկնում՝ խաղալիքների այդ խանութին նայելով: Մի քանի օր առաջ նման մի դեպքի ականատես եղանք: Մանկատան 5-6 տարեկան երեխաներից մեկը, որը բարձր ջերմությամբ, փսխումով տեղափոխել էր հիվանդանոց եւ բուժում էր ստանում, խաղալիքների խանութի մոտ մի քանի րոպե կանգնելուց ու երազանքով նայելուց հետո արցունքները թափելով նորից վազեց հիվանդասենյակ:

Վատառողջ երեխաներին ժամանակ առ ժամանակ զբոսանք է պետք եւ 24 ժամ նրանք չեն կարող հիվանդասենյակում մնալ, նույնիսկ բժիշկներն էին հորդորում, որ հատկապես ախտահանող նյութերով սենյակը մաքրելուց հետո երեխաներին ծնողները հանեն զբոսանքի ու սենյակը լավ օդափոխեն: Այս դեպքում, ստացվում է, որ ինչ-որ մի անհատ ձեռնարկատիրոջ գրպանի պատճառով այդ հիվանդանոցում բուժվող երեխաները դատապարտված են հիվանդասենյակից դուրս չգալու:

Այս առնչությամբ երբ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ, խանութի պատասխանատուներից մեկը հորդորեց, որ իրենց հանգիստ թողնենք ու խանութի մասին չանդրադառնանք. «Ես հիմա ժամանակ չունեմ ձեզ հետ խոսելու, բայց խորհուրդ կտամ էս մասին չգրեք, մեզ հետ գործ չունեք»:

Նշենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնը մասնավոր ընկերություն է եւ կարող է իր տարածքը վարձակալության հանձնել, սակայն այստեղ խոսքը ինչ-որ խանութի, օբյեկտի մասին չէ: Եթե հիվանդանոցի տիրոջը հետաքրքրում է միայն վարձը հավաքելը, չի բացառվում, որ շուտով հիվանդանոցի առաջին հարկում բացվեն «քյաբաբնոցներ», «շաուրմայանոցներ», գիշերային ակումբներ ու զվարճանքի այնպիսի կետեր, որոնք կխաթարեն հիվանդների հանգիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930