Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքեր կառուցելով չեք զարգանա

Սեպտեմբեր 30,2010 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի գնահատմամբ. «ՀՀ կառավարության պարտքը տնտեսվարողներին ԱԱՀ-ի գերավճարների մասով զավեշտալի մեծ չափերի է հասնում: Գործադիրի հետ հանդիպումներում քննարկում ենք այս հարցը, փորձում հասկանալ՝ ինչու է այդպես ստացվում»:
Երեկվա ասուլիսում  նա նաեւ նշեց. «Կառավարությունը ապախրախուսում է արտահանումը. փոխանակ արտահանմանը վնասելուն՝ պետք է ոլորտը սատարելու ավելի շատ ջանքեր գործադրենք»: Ըստ նրա՝ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գերավճարների կուտակման խնդիրը: Պարոն Տոլոսան նաեւ նկատեց. «Հայաստանը չի կարող աճել միայն երկրի ներսում ապրանքները վաճառելով ու շենքեր կառուցելով»: ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է հնացած շարժիչով աշխատել. «Նոր շարժիչը խիստ անհրաժեշտ է, բայց Հայաստանը հինը դեռ չի փոխել, թեեւ նկատելի է, որ նոր շարժիչի մասերը կամաց-կամաց ձեւավորվում են: Այլ հարց է, թե շարժիչը պատրաստվում է արա՞գ, թե՞ դանդաղ, բայց կասկածներ չկան, որ ՀՀ կառավարությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում»:
Տոլոսայի խոսքով՝ ԱՄՀ-ն վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը՝ այս տարի այն կլինի 4%-ի սահմաններում, իսկ հաջորդ տարի կհասնի մինչեւ 4,5 %-ի: Ցուցանիշների վերանայումը, ըստ նրա, պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված մեծ անկմամբ: ԱՄՀ-ի կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ նվազելու է նաեւ գնաճը՝ այն կազմելու է 7%՝ օգոստոսին գրանցված 9,6%-ի փոխարեն: Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, այն, հիմնադրամի կանխատեսմամբ, կհասնի 4,75%-ի, 2012թ. համար էլ դեֆիցիտը նախատեսել են ՀՆԱ-ի 3%-ի չափով: Պարոն Տոլոսան նշեց, որ նոյեմբերին ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի մոտ $56 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել