Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԼԻՆԵՆ

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Ուլան-Բատորում անցկացված բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանը մասնակից չի ունեցել:

Փաստը մեզ տարօրինակ թվաց, քանի որ մեր արդեն ճանաչված եւ միջազգային ռինգում առաջին հաջող քայլերն անող բռնցքամարտիկների մեջ քիչ չեն նրանք, ովքեր սովորում են այս կամ այն բուհում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում պատասխանեցին, որ ուսանող բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունը ֆեդերացիայի այս տարվա պլանների մեջ ընդգրկված չի եղել եւ խորհուրդ տվեցին դիմել ուսանողական մարզական ֆեդերացիա: Հետեւելով խորհրդին՝ զրուցեցինք Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ:

– Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս է կարգավորվում Հայաստանի ուսանող մարզիկների մասնակցությունը՝ այս կամ այն ուսանողական աշխարհի առաջնությանը:

– Մեր ֆեդերացիան պետբյուջեից ֆինանսավորվում է միայն Միջազգային ուսանողական մարզական ֆեդերացիայի հովանու ներքո՝ երկու տարին մեկ անցկացվող համաշխարհային ունիվերսիադաներին մասնակցելու ժամանակ: Առանձին մարզաձեւերի ուսանողների աշխարհի առաջնությունները կազմակերպվում են միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ եւ դրա բուն իրականացումը դրված է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի վրա: Հետեւաբար, մեր այն ազգային ֆեդերացիաները, որոնք ունեն միջոցներ, պետք է մրցումների մասնակցության իրենց տարեկան ծրագրերում ընդգրկեն նաեւ ուսանողների աշխարհի առաջնություններին մասնակցելը՝ հատկապես որ՝ մեր հավաքականների անդամների գերակշռող մասը ուսանողներ են:

– Առանց ձեր ֆեդերացիայի մասնակցությա՞ն:

– Ընդհակառակը՝ մեզ հետ միասին: Եթե նրանք այդ մրցումներին մասնակցելը մտցնեն իրենց տարեկան պլանների մեջ, մենք էլ նրանց հետ միասին այդ ուսանող մարզիկներին կնախապատրաստենք տվյալ առաջնությանը մասնակցելու համար, ինչպես այս տարի համատեղ արեցինք ծանրամարտի ֆեդերացիայի հետ:

– Իսկ ո՞րն է ուսանողական մարզական ֆեդերացիայի դերը մարզիկներին նախապատրաստելու գործում:

– Սկսած բուն մարզումների կազմակերպմանը հնարավորության սահմաններում աջակցելուց, մինչեւ Միջազգային ուսանողական մարզական ֆեդերացիա՝ մասնակցության հայտերը եւ նրա միջոցով դրանք տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիա ներկայացնելը:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ մեր ֆեդերացիաները պատշաճ կարեւորություն չեն տալիս ուսանողների աշխարհի առաջնություններին:

– Այդ հարցն իրենց պետք է ուղղեք: Բայց կարծում եմ՝ ֆինանսն է գլխավոր պատճառներից մեկը: Օրինակ, ուսանողական աշխարհի առաջնությունները նշանակվում են մեզանից շատ հեռու գտնվող երկրներում, ինչը մեծ փողերի հետ է կապված: Թեեւ, եթե ավելի լուրջ նայենք խնդրին, անգամ այդ պարագայում ծախսերն իրենց լիովին կարդարացնեն: Չգիտես ինչո՞ւ, մեր ֆեդերացիաները գերադասում են տարվա մեջ մի քանի անգամ ազգային, երիտասարդական հավաքականը կամ դրա անդամներից մի քանիսին գործուղել այս կամ այն երկիր՝ միջազգային մրցաշարի, բայց անտեսում են ուսանող մարզիկների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես եկողների առնվազն 60-70 տոկոսն իրենց երկրների օլիմպիական, ազգային եւ տարիքային տարբեր խմբերի հավաքականների անդամներ են ու ապագայում մեր մարզիկների պոտենցիալ մրցակիցներ: Եվ եթե անգամ ուսանողների աշխարհի առաջնության մեդալները մեզ համար այն գնահատումը չունեն, դրանց մասնակցելն արդեն իսկ փորձի կուտակման անփոխարինելի դպրոց է:

– Մեր բոլո՞ր ֆեդերացիաներին նկատի ունեք:

– Առաջին հերթին անհատական մարզաձեւերի: Եթե թիմային մարզաձեւերի ֆեդերացիաների համար ծախսերը կարող են ուժից վեր լինել, նույնը չէ անհատականների համար: Առավել եւս, որ, բարեբախտաբար, վերջին տարիներին այդ ֆեդերացիաներն սկսել են գլխավորել մարդիկ, ովքեր ֆինանսների պակաս հաստատ չեն զգում: Պարզապես, ֆեդերացիաներում նրանց շրջապատող մարդիկ պետք է մրցումների ճիշտ ընտրություն կատարեն:

– Ամեն ինչ պարզ է ու, կարծում ենք, լուծելի: Բայց խնդիրը լուծման կարիք ունի: Որեւէ ելք տեսնո՞ւմ եք:

– Պետք է լրջորեն զբաղվել այդ հարցով եւ կարծում եմ, որ մոտ ապագայում խնդիրը պետք է քննարկվի բարձր մակարդակներով: Որպեսզի պետականորեն հայթայթվեն միջոցներ, իհարկե, հաշվի առնելով պետության հնարավորությունները: Իսկ եթե դա առայժմ հնարավոր չէ, գտնվեն հարցի լուծման այլընտրանքային ուղիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել