Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԼԵՀԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Վերջինս որոշել է Հայաստանում էլ ներկայացնել իր երկրի երեւելիներին

Մշակույթի ոլորտը ղեկավարող որոշ չինովնիկներ հաճախ արտահայտվում են, թե հպարտ են արվեստի տարբեր ասպարեզներն ընդգրկող հանրապետական եւ միջազգային փառատոների առատությամբ, մոռանալով, որ Երեւանը մեծությամբ ոչ Նյու Յորք է եւ ոչ էլ Մոսկվա: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետների մեծ մասը քանիցս նեղսրտել է փառատոների քանակից: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իգոր Յավրյանը, օրինակ, կատակում է այս առիթով, ասելով՝ տարին ունի 4 եղանակ, ո՞վ է ասել, որ միայն աշնանն ու գարնանը պետք է փառատոներ անցկացվեն: Փառատոների «ծովից» խոսող պրոֆեսորը, այնուհանդերձ, տեղեկացրեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 27-ին մեկնարկող Շոպենի անվան դաշնակահարների հանրապետական մրցույթ-փառատոնը եզակի է: Միջոցառման ողջ ընթացքում մեր կոնսերվատորիայի դասախոսները, այդ թվում՝ Զեմֆիրա Բարսեղյանը, Կարինե Օհանյանը, Արուս Աճեմյանը, երգչուհի Արծվիկ Դեմուրճյանը, Խաչատրյանի անվան տրիոն եւ այլք հանդես կգան Շոպենի երկերի կատարումներով: Մրցույթը, որին հայտ է ներկայացրել 12 դաշնակահար, կանցկացվի երկու փուլով՝ նոյեմբերի 5-ին եւ 8-ին՝ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանի պետական ազգային պատկերասրահում: Վիճակահանությունը նոյեմբերի 4-ին է, Կամերային երաժշտության տանը: Ժյուրիի աշխատանքները կղեկավարի Զեմֆիրա Բարսեղյանը, մասնակցությամբ Կարինե Օհանյանի, Անահիտ Ներսիսյանի, Արմինե Գրիգորյանի եւ Արմեն Բաբախանյանի: Մրցույթ-փառատոնի փակումն էլ կկայանա նոյեմբերի 11-ին: Մրցույթի մեկնարկի օրը Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) ընկերակցությամբ հանդես կգան մեր կոնսերվատորիայի դասախոսները, որոնք ժյուրիում են՝ պրոֆեսոր Զեմֆիրա Բարսեղյանը եւ դոցենտ Արմեն Բաբախանյանը:

Ի. Յավրյանը հայտնեց, որ մրցույթ-փառատոնի գաղափարը պատկանում է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Քանի որ 1927թ.-ից Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ է անցկացվում Վարշավայում, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ փառատոնային համերգներին ընդգրկված չեն լեհ դաշնակահարներ, եւ ընդհանրապես հնարավոր չէ՞ր անցկացնել ոչ թե հանրապետական, այլ միջազգային մրցույթ-փառատոն: Մեր զրուցակիցը նշեց, որ ամեն ինչ համաձայնեցված է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ, ու պարզապես ավելորդ կլիներ վարշավյան հռչակավոր մրցույթի առկայության պարագայում մեկ այլ նույնանուն մրցույթ հիմնել: Պրոֆեսորը համակարծիք եղավ մեզ հետ այն հարցում, որ ժամանակն է արտերկրում գործող հայկական դեսպանատներն էլ «մշակույթով» վարակվեն՝ մեր երկրում իտալական եւ լեհական դեսպանատներից: Հիշեցնենք, որ «Առավոտը» քանիցս անդրադարձել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպված իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտորների օպերաների բեմադրություններին, երեկոներին ու տարբեր միջոցառումներին: Հավանաբար հիմա էլ Լեհաստանի դեսպանատունն է առաքելություն ստանձնել ներկայացնել իր երկրի երեւելիներին, այս դեպքում՝ վիրտուոզ դաշնակահար ու կոմպոզիտոր Շոպենի անվան մրցույթ-փառատոնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել