Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց ԱԺ նոր դահլիճը

Հոկտեմբեր 23,2010 00:00

Կառույցը շքեղ է, բայց լրագրողների համար,  առաջին տպավորությամբ, անհարմար

Երեկ բացվեց Ազգային ժողովի նոր, հիմնավոր վերափոխված նիստերի դահլիճը: Հանդիսությանը ներկա էին հանրապետության նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարությունը՝ ամբողջ կազմով, մարզպետները, այլ հյուրեր, լրատվամիջոցների ղեկավարներ: Դահլիճն անճանաչելիորեն էր փոխվել, ոչ մի հետք անցյալից: 480 միլիոն դրամով վերափոխված դահլիճը բավականին ճոխ եւ հարուստ տպավորություն էր թողնում: Մի շարք բաներ էականորեն էին փոխված: Եթե նախկին դահլիճում տարիներ շարունակ նախագահությունում հատուկ տեղ էր նախատեսված երկրի նախագահի համար, եւ այդ տեղն անձեռնմխելի էր, նոր դահլիճում երկրի նախագահի համար աթոռ նախատեսված չէր: Բոլոր պատգամավորների սեղաններին համակարգիչներ էին դրված, պատկերը՝ խորհրդարանի շենքի ճակատային մասն էր, ոչ մի պատգամավոր համակարգիչը չէր էլ համարձակվում աշխատեցնել, միակ համարձակը ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանն էր, որը պոկերի մի խաղ բացեց էկրանին եւ անմիջապես էլ փակեց: Պատգամավորներն առայժմ իրենց կաշկանդված էին զգում նոր դահլիճում:
 Ի վերջո, նշված ժամին դահլիճ մտան Ամենայն հայոց կաթողիկոսը, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Դահլիճը ոտքի կանգնեց, ապա բոլորը նստեցին, եւ որոշ պաուզայից հետո հնչեց երկրի օրհներգը: Նորից ոտքի կանգնեցին: Նստեցին: Ոչ մի խոսք: Մեկ էլ դահլիճի երեք կետերում տեղադրված էկրաններից երեւաց մի շինհրապարակ, ավելի ուշ պարզ դարձավ, որ դա դահլիճի շինարարական աշխատանքների լուսաբանումն է՝ կադրերը մոնտաժված էին երաժշտության տակ, առանց մեկնաբանող խոսքի: Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ Հովիկ Աբրահամյանը եւ ընթերցեց իր բացման խոսքը: Նա, մասնավորապես, նշեց, որ դահլիճի օվալաձեւ կառուցվածքը խորհուրդ ունի. այն Ազգային ժողովի նիստերի՝ կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում, եւ այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Նա հիշեցրեց, որ կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեեւ այն շատ ավելի հին է եւ հատուկ է եղել նաեւ հայ իրականությանը. «Ըստ ավանդույթի՝ Արթուր թագավորն այդ ձեւով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր եւ պատասխանատու են ընդունված որոշումների համար»: ԱԺ նախագահը հիշեցրեց նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի հետեւյալ դրույթը. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով»: Ասաց, թե դահլիճի արտաքին տեսքի փոփոխությունը ունի նաեւ «բովանդակային փոփոխությունների ներուժ»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը օրհնեց դահլիճը եւ ներկաներին:
Երկրի նախագահը խոսեց կարճ, հատու եւ ասաց, թե՝ «յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը՝ մենք եւս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված եւ կշռադատված այդ ընտրությունը»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շեշտեց. «Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլեւ կարեւորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում»:
Մի քիչ էլ մեր՝ լրագրողներիս մասին: Տպավորությունն այնպիսին էր, որ նոր դահլիճի նախագծողներն ամեն ինչ արել են լրագրողներին աշխատանքային պայմաններից զրկելու համար: Նախ, օթյակ կոչվածը վատ օդափոխվող, ճնշող, առանց ձայնագրման եւ նկարահանման հնարավորությունների մի նեղ անցք էր հիշեցնում: Ճիշտ է, բացի օթյակներից եւս երկու սենյակ է հատկացված նույն հարկաբաժնում՝ աշխատելու համար, բայց դա էլ նշանակում է, որ ստիպված ես հեռուստացույցով նայել այն, ինչ կմատուցի խորհրդարանի օպերատորը, իսկ ամբողջ դահլիճը՝ պատգամավորների կողմից ուրիշի կոճակը սեղմելու, տեղ-տեղ քնելու, իրար հետ վիճելու բոլոր հմայքներով, այսուհետ լրագրողների համար անտեսանելի կլինի: Ստիպված ենք լինելու դահլիճից դուրս պատգամավոր որսալ, որը եւս գրեթե անհնարին է, որովհետեւ մինչեւ լրագրողները իրենց հատկացված բարձունքներից իջնեն ներքեւ, պատգամավորները, հնարավոր է, «թռած» կլինեն:

Շնորհավորելով պատգամավորներին նոր դահլիճի առթիվ, կարծում ենք, որ իմաստ կունենար, որ ԱԺ նախագահը եւ աշխատակազմի ղեկավարը հանդիպեին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների հետ՝ որոշ հարցեր «աշխատանքային ռեժիմով» քննարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել