Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԱՑԻ ՊՈՆՉԵ ՍԱՆՉԵՍԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ Է

Նոյեմբեր 09,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ որ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի Իսպանիայի քաղաքացի Խոսե Պոնչե Սանչեսի նկատմամբ:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 3-ին Իտալիայի ոստիկանության գործընկերների միջոցով օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ՀՀ ոստիկանությունում, որ նոյեմբերի 2-ին Իսպանիա-Մոսկվա-Երեւան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Իսպանիայի քաղաքացի, մաֆիայի 39-ամյա պարագլուխ Խոսե Պոնչե Սանչեսը: Նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց եւ թաքցնելով ճամպրուկի մեջ՝ մաքսանենգ ճանապարհով նոյեմբերի 5-ին տեղափոխեր Իսպանիա:
Մեր տեղեկություններով, թմրանյութը Իսպանիայից տարվելու էր Ավստրալիա՝ Սիդնեյ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները պարզում են նաեւ, որ Սանչեսը այդ ժամանակամիջոցում բնակվել է «Անի Պլազա» հյուրանոցում:
Կեղծ ալիբի (այլուրեքություն) ստեղծելու մտադրությամբ՝ Սանչեսը «Զվարթնոցից» տոմս էր գնել՝ Հայաստանից մեկնելու համար: Սակայն ոստիկանները չհայտնվեցին «կեղծ հետքի» վրա, օպերատիվ խումբը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը Սանչեսին պիտի «դիմավորեր» օդանավակայանում, մյուս մասը՝ «Անիի» մոտ հետեւում էր օտարերկրացի հանցավոր խմբավորման պարագլխին:
Նոյեմբերի 5-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի՝ մարզահամերգային համալիրի մոտից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման ենթարկվեց Խ. Սանչեսը՝ իր ճամպրուկով: Ճամպրուկի միջից հայտնաբերվեց եւ առգրավվեց մոտ 1կգ սպիտակ գույնի «մետամֆիտամին» թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված:
Այդ փոշեզանգվածը միջազգային գներով արժե 100-150 հազար դոլար: Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Սանչեսը, մեր տեղեկություններով, ոստիկանությունից տեղափոխվել է Երեւանի ձերբակալվածների պահման վայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել