Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԳԻԶԻՐՅԱՆՆ ԱԶԱՏՎՈ՞ՒՄ Է ՆԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՑ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի գլխին մութ ամպեր են կուտակվել

Վերջերս Շիրակի մարզի գրեթե բոլոր բուժհիմնարկներում խոսակցության հիմնական թեման այն է, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը սեփական դիմումի համաձայն պաշտոնանկ լինելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել մարզի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին: Նրան 3 տարի առաջ մայրաքաղաքից Շիրակի մարզ էր հրավիրել նախկին մարզպետ Լիդա Նանյանը: Թե որո՞նք են առողջապահության վարչության պետից ազատվելու պատճառները, այս մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Շատերը պնդում են, որ թե՛ այս եւ թե՛ օրերս առողջապահության նախարարության միանգամից 3 բարձրաստիճան պաշտոնյայի համակարգից հեռանալը ուղղված է վարչապետի հեղինակությունը բարձրացնելուն: Այսինքն՝ ստացվում է, որ Շիրակի մարզի առողջապահության վարչության պետին էլ զոհաբերում են հանուն վարչապետի: Որ Սամվել Ղազարյանի ու Աշոտ Գիզիրյանի ջրերը մի առվով չեն հոսում, սա ակնհայտ էր Գիզիրյանի մարզպետ նշանակվելու առաջին իսկ օրվանից: Քրեակատարողական վարչության նախկին պետը Շիրակի մարզպետարան ոտք դնելուն պես, փորձեր է արել պաշտոնանկ անել 2 քաղծառայողի՝ կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին եւ առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին: Բայց քանի որ սա մեծ աղմուկ էր բարձրացնելու, ու լրագրողները մեկ անգամ եւս փաստելու էին, որ այս երկրում օրենքները ձեւական են, որ Մանվել Բադալյանի գլխավորած խորհուրդը գործնականում ոչինչ էլ չի անում քաղծառայողների իրավունքները պաշտպանելու համար, մարզպետը մի կերպ կարողացավ հանդուրժել առողջապահության վարչության պետին: Թեեւ նշենք, որ պարոն Գիզիրյանը առիթը բաց չէր թողնում խորհրդակցությունների ժամանակ, լրագրողների ներկայությամբ նրան կոպտելու: Մեր աղբյուրների հավաստմամբ, մարզպետը շատ դժգոհ է Սամվել Ղազարյանի աշխատաոճից, եւ այս պահին արժանի կադր է փնտրում: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, մարզպետը գրեթե ամեն օր բողոքներ է ստացել մարզի հիվանդանոցներից, ամբուլատորիաներից, որն էլ նրան դրդել է գնալ այս քայլին: Նշենք, որ այս պահին համատարած ստուգումներ են կատարվում մարզի պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում, դրանք մասնավորապես սկսվել են Իտալական պոլիկլինիկայից, որտեղ կոլեկտիվի անդամներից մեկը տնօրենի ապօրինությունների դեմ մարզպետին բողոք է հղել: Այնուհետեւ, ըստ իրազեկ աղբյուրների, այդ նույն պոլիկլինիկայում ստուգումներ է անցկացրել Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ մարզի ամբուլատորիաներում այս պահին ստուգումներ է իրականացնում առողջապահական գործակալությունը: Մենք առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են ճիշտ իր պաշտոնանկ լինելու մասին խոսակցությունները: Նշենք, որ պարոն Ղազարյանն արդեն իսկ աշխատանքի չի ներկայանում, վերջինս մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը: Ավելին, նրա պատասխանից ակնհայտ դարձավ, որ մարզպետի ծրագրերում իսկապես կա նրանից ազատվելու խնդիր: «Ես դեռ չգիտեմ»,- պատասխանեց Սամվել Ղազարյանը: Իսկ մեր այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ նա մեկնելու է ԱՄՆ, պաշտոնյան ասաց. «Այո, էդպիսի բան կա, իսկ իմ պլանները հայտնի կդառնան մեկ շաբաթից»: Ըստ մեր տեղեկությունների, Սամվել Ղազարյանը green card ունի, նրա դուստրն էլ ապրում է ԱՄՆ-ում, բացի այդ, նա մի շատ եկամտաբեր բիզնես ունի մայրաքաղաքում:

Նրա կոլեգաների ներկայացմամբ, Սամվել Ղազարյանը մեծ շրջապատ ունեցող մարդ է, սակայն նա չկարողացավ կամ էլ չցանկացավ իր թափով ծանոթություններն օգտագործել ի նպաստ Շիրակի մարզի: Իսկ որ Շիրակի մարզի առողջապահությունը թաղված է կոռուպցիայի մեջ, բարձրորակ բուժսպասարկման մասին խոսք լինել չի կարող, գյումրեցիների մեծ մասը փորձում է փրկություն գտնել մայրաքաղաքում, այս մասին կարող է հաստատել յուրաքանչյուր երկրորդ շիրակցին: Նշենք, որ առողջապահական ոլորտի բնութագիրը լավագույնս տալիս է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն իր դեմ կատարված մահափորձից հետո, ամեն անգամ արտասահմանում բուժվելուց ու վերադառնալուց հետո հայտարարում է. «Խայտառակ վիճակում է մեր՝ հատկապես Գյումրիի բժշկությունը»: Ո՞վ կհաջորդի Սամվել Ղազարյանին, այժմ երկու թեկնածուի անուն է շոշափվում. մեկը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության առողջապահության բաժնի պետ Եղիշե Խաչատրյանն է, մյուսը՝ Արթիկի դատական բժիշկ Աշոտ Շահբազյանը: Նա, ի դեպ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մոտ ընկերն է եղել, այժմ էլ Արթիկի ՀՀԿ գրասենյակի պատասխանատուն է: Նշենք, որ գյումրեցիները Գիզիրյանի մտադրությունը կողջունեն միայն այն դեպքում, եթե նա իրոք որոշել է կադրային փոփոխությամբ փրկել ձեռքից գնացող ոլորտը եւ ամենեւին նպատակ չունի Ղազարյանին Շահբազյանով փոխարինել՝ ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում պահանջվող ձայներն ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել