Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակներ՝ պլյուս խնդիրներ

Նոյեմբեր 18,2010 00:00

\"\"Երեկ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Ուսանող 2010» համերգ-մրցանակաբաշխությունը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը  շնորհավորելով ուսանողներին տոնի կապակցությամբ, նշեց, որ մեր օրերի ուսանողը հաջողակ է, քանի որ ապրում է անկախության պայմաններում:
Ուսանողական խորհրդի կողմից մրցանակներ հանձնվեցին ԵՊՀ ֆակուլտետային մրցույթներում հաղթած 23 ուսանողի, որոնք ճանաչվեցին «Ուսանող 2010»: Մեդալներ  շնորհվեցին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական մրցանակին արժանացած՝ 7, Բուլղարիայում կայացած մաթեմատիկայի ամենամյա օլիմպիադայում մեդալներ նվաճած, գերազանց առաջադիմություն ունեցող եւ բանակ զորակոչվող ուսանողների: Մրցույթում ընդգրկված էին նաեւ  ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, ՏՏ կրթական ուսումնական կենտրոնի սաները:
Թե ինչ խնդիրներ ունի հայ ուսանողը՝ պարզեցինք հարցման միջոցով: Ուսանողներից շատերի  կարծիքով՝ հիմնականը դասախոս-ուսանող հարաբերություններն են:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Պետրոս Օհանյանը նշում է, որ ավագ սերնդի դասախոսների հետ բախումներից երբեմն խուսափելն անհնար է լինում. «Նրանք երբեմն ալարում են այնպես բացատրել առարկան, որ ուսանողի համար ավելի հասկանալի լինի: Արդյունքում չես կարողանում սիրել առարկան, չես նստում դասի, կիսամյակի վերջում էլ դասախոսը պահանջում է գիտելիք, որը բավարար չափով չի տվել»: Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Բալեյանը ուսանող-դասախոս խնդրի լուծումը տեսնում է կրթության որակի  բարելավման մեջ. «Ինձ թվում է՝ դա կարող է լուծել ուսանողի բոլոր խնդիրները՝ վերջ դնել կաշառակերությանը»:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նույն  խնդրի վերաբերյալ ասաց. «Դասախոս-ուսանող հարաբերությունները բազմաբնույթ են, դրանք ձեւավորվում են ավանդույթների հիման վրա: Այս հարցում ե՛ւ ուսանողը, ե՛ւ դասախոսը շատ անելիք ունեն: Մենք չունենք գործընկերային հարաբերությունների ձեւավորման մշակույթ՝ ուսանողների հետ: Դեռեւս այն աստիճանի վրա ենք, որ դասախոսը դիտարկվում է ուսանողի համար նույն մոդելով, ինչպես ուսուցիչը՝ աշակերտի համար: Այսինքն՝ դասախոսը դիտարկվում է միայն սովորեցնողի դերում, իսկ ուսանողը նույն կարծրատիպի համաձայն՝  դասերը սովորողի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել