Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԸ ՄԵՆԱ՞Կ Է ՄՆԱՑԵԼ

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"ՀՔԾ-ն կզբաղվի Էջմիածնում տեղի ունեցած ինքնասպանության փորձով

Նոյեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած «ինքնասպանության փորձը», որին մամուլում քանիցս անդրադարձ է եղել, կարող է ճակատագրական դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի համար: «Առավոտը» նոյեմբերի 23-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել 1955թ. ծնված Գեւորգ Այվազյանը՝ «Ճուտ Գեւորգ» մականունով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել): Հիշեցնենք նաեւ, որ Գեւորգ Այվազյանն աշխատում էր գեներալ Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում, որին էլ բացառիկ իրավունք է վերապահվել շահել Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած բոլոր մրցույթները եւ տարատեսակ աշխատանքներ իրականացնել: Էջմիածնի քաղաքապետն էլ գեներալի որդին է՝ Կարեն Գրիգորյանը: Նազիկ Ամիրյանն արդեն մեկ տարի է՝ ղեկավարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի մասնաճյուղը: Ըստ շրջանառվող լուրերի, «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ում Գեւորգը ֆինանսական հարցերով է զբաղվել եւ չարաշահումներ է թույլ տվել, ինչը հայտնաբերել է սեփականատերը, եւ Գեւորգը ինքնասպանության փորձ է արել: Մեկ այլ վարկածի համաձայն, վիճաբանություն է եղել «Ճուտ Գեւորգի» եւ ընկերության ղեկավարների միջեւ, ինչ-որ հարցի շուրջ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել, մեծ վեճ է ծավալվել, եւ վիճաբանության ընթացքում կրակել են Գեւորգի վրա, եւ լուրջ կասկածներ կան, որ դա ինքնասպանություն չէր: Համենայնդեպս, նման եզրահանգման տեղիք է տալիս նաեւ հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել: Քրօրենսգրքի 110 հոդվածը սահմանված է այսպես՝ ինքնասպանության հասցնել, իսկ 110 հոդվածի առաջին մասը՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ նույն օրը, այսինքն՝ նոյեմբերի 19-ին, ժամը 21:30-ին, ոստիկանության բաժանմունք են ներկայացել Գեւորգի երկու որդիները եւ ներկայացրել իրենց հորը պատկանող «Բերետա» ատրճանակն ու հայտնել, որ հայրն ինքնասպանություն գործելու նպատակով ավտոմեքենայի սրահում այդ ատրճանակով կրակել է իր գլխին: Դեպքից հետո ոստիկանները գտել էին Գեւորգի «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան եւ մեքենայի սրահից հայտնաբերել էին հրազենի գնդակը: Ատրճանակն ու գնդակը ուղարկվել են փորձաքննության:
Այս գործը, մեր տեղեկություններով, չի վստահվել տեղի իրավապահներին: Հարցն այժմ մայրաքաղաքի իրավապահների քննության վարույթում է: Իսկ քննության ընթացքում բավականին հետաքրքիր բացահայտումներ են եղել: Մասնավորաբար, գործի շրջանակներում ստուգումներ են իրականացվել նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալիճ» հանգստի գոտում: Ընթացք է տրվել 2009 թվականի օգոստոսի 24-ին հանգստի տնից անհետացած՝ 1959 թվականին ծնված մայոր Հակոբ Սաֆարյանի գործին: Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած շրջանում ղեկավարել է նրա աշխատակազմը: Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Այս առիթով այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Սաֆարյանին սպանել են ծեծելով: Առեղծվածային հանգամանքներում իր անհետանալուց առաջ նա վերջին մեկ տարին ապրել եւ աշխատել է գեներալին պատկանող հանգստյան տանը: Դեպքի առիթով Էջմիածնի իրավապահներն, իհարկե, քրգործ հարուցել էին, քննությունն էլ ընթանում է: Սակայն Էջմիածնում խոսակցություններ են շրջանառվում, որ երեւանցի իրավապահները բավականին մարտական են տրամադրված. կա վերեւների թույլտվությունը այս գործերը մինչեւ վերջ բացահայտելու: Մեր աղբյուրը չի բացառում նաեւ, որ այս երկու գործերը միավորվեն եւ հանձնվեն Հատուկ քննչական ծառայությանը:
Ըստ մեր աղբյուրի, այս ամենի տակից դուրս գալու համար գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս, սակայն, հիասթափեցրել է գեներալին՝ ասելով, որ ինքն իրավապահների գործողությունները չի կարող ուղղորդել:
Թե ինչով կավարտվի այս «խաչակրաց արշավանքը»՝ ժամանակը ցույց կտա, բայց որ այդ ընթացքում հանցագործություններ կբացահայտվեն, եւ հուսով ենք, որ մեղավորներն արդար պատիժ կստանան՝ ՀՀ օրենքների սահմաններում, արդեն լավ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել