Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատություն Կարինե Խոդիկյանին

Դեկտեմբեր 07,2010 00:00

Վերջերս կարդացի Կարինե Խոդիկյանի մտքերը Նիկոլ Փաշինյանի լրագրողական ազատությունների, քաղաքացիական պարտքի, մեր պայծառ ապագայի հույսի ու էլի նման բաների մասին: Հավանաբար պահի հուզականությունը թույլ չի տալիս տիկին Խոդիկյանին տեսնել մի քանի պարզ ճշմարտություն: Օրինակ, ինչո՞ւ ես չեմ միանում Նիկոլ Փաշինյանի ազատության համար ստորագրահավաքին: Այն, որ Փաշինյանը եւ մնացածները դատապարտված են քաղաքական հայացքների համար եւ պետք է ազատ արձակվեն, այն որ մարտի մեկից հետո դատապարտվել են միայն ընդդիմության կողմնակիցները, մինչդեռ մարտի մեկի համար պատասխանատու են թե իշխանությունը, թե ընդդիմությունը, այն որ մեր հանրային կարծիքը չի վստահում արդարադատության ինստիտուտին, հետեւաբար որեւէ վճիռ մարտի մեկի գործով նման մթնոլորտում միայն անվստահությունն է խորացնելու, ես կասկած չունեմ: Բայց բոլոր այդ ստորագրահավաքները, մնացած ակցիաները քաղաքական են, հստակ քաղաքական նպատակներով եւ PR էլեմենտներով եւ որեւէ կապ չունեն լրագրության, նրա ազատությունների հետ, այնպես, ինչպես լրագրության հետ արդեն շատ վաղուց կապ չունի Նիկոլ Փաշինյանը, որը իր գլխավորած թերթը դարձրել է գործիք՝ քաղաքական մրցակիցներին բարոյապես ոչնչացնելու եւ սեփական թիմի քարոզարշավը անելու պարզ մտադրությամբ: Մեր հանրային կյանքը միշտ տուժել է ջրբաժաններից: Այսօր էլ Դուք փորձում եք գիծ քաշել Նիկոլի համար ստորագրություն դնողների եւ չդնողների միջեւ: Չդնողները «ծառայամիտ» են, իսկ դնողները՝ Չե Գեւարայի հարավկովկասյան հետնորդները: Տիկին Խոդիկյան, Նիկոլի համար ցույց անող խմբագիրներից եւ լրագրողներից շատերին գիտեմ. մեկը նեղված է իշխանությունից, մյուսը՝ առավոտյան իշխանության տարբեր օղակներից փող է վերցնում, ցերեկը գոռում է՝ ազատություն Նիկոլին, երեկոյան բարոյական լոլոներ գրում իր թերթում: Ուզում եմ ասել, որ էդ մարդիկ, եթե Նիկոլի նկարով տատու էլ անեն, նույնն են մնալու: Այնտեղ կան նաեւ շատ պարկեշտ լրագրողներ եւ խմբագիրներ: Ուզում եմ ասել, որ այդ ջրբաժանը գուցե Ձեր ճաշակի մեջ է, բայց ոչ իրականության:
Ես ասացի, որ Նիկոլին եւ մնացածներին դատապարտել են քաղաքական հայացքների համար, եւ նրանց պետք է ազատել: Բայց Նիկոլի անհանդուրժողականությունը, ավտորիտարիզմը, սեփական թիմը եւ իդեալը ամեն գնով արդարացնելու մոլուցքը տեսնելու համար մեծ դրամատուրգ կարծում եմ պետք չէ լինել, պետք է ընդամենը դուրս գալ ազատամիտ մտավորականի կլիշեից: Իմիջիայլոց, մեր ակադեմիկոսները, ստեղծագործական միությունների ղեկավարները անսպասելիորեն միացան Նիկոլ Փաշինյանի ազատության արշավին: Տիկին Խոդիկյան, Դուք հավատո՞ւմ եք, որ նրանց մոտ հանկարծ արթնացել է քաղաքացիական պարտքի զգացումը: Ես չեմ հավատում: Իսկ թե հանուն ինչի՞ է նման «անտես ու հզոր ձեռքը» Նիկոլ Փաշինյանին համամտավորական ծառայություն մատուցում, կցանկանայի, որ Դուք ասեիք: Դուք ճիշտ եք ակնարկում, որ մենք՝ հեռուստատեսային լրագրողներս, ոչ միշտ ենք ազատ ու անկաշկանդ, սակայն գոնե մեր հիշողությունը դեռ ազատ է: Օրինակ, Դուք քննադատում եք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, շատ ճիշտ գնահատականներ եք տալիս վատ երեւույթներին, բայց որքան հիշում եմ, Դուք Քոչարյանի ժամանակ մշակույթի փոխնախարար եք եղել, այսինքն՝ Քոչարյանի թիմի անդամ եւ ուղղակի պատասխանատվություն եք կրել իշխանության մշակութային քաղաքականության համար: Չեմ կարող հասկանալ՝ ի՞նչն է Ձեզ ստիպել այդքան անարդարություններ կուլ տալ եւ ռեժիմի համար աշխատել: Մարտի մեկի դեպքերից առաջ, շատ պետական պաշտոնյաներ հայտարարություն ընդունեցին անարդարությունների դեմ՝ պաշտոնի գնով: Որքան հիշում եմ, Ձեր ստորագրությունը չկար: Մարտի մեկից հետո էլ Դուք հրաժարական չտվեցիք: Գուցե դաշնակցության եւ ՕԵԿ-ի նման ներսից էիք ցանկանում ռեժիմը քանդել: Ժողովրդավարության եւ ազատությունների նկատմամբ Ձեր սերը տարօրինակորեն համընկավ Ձեր պաշտոնանկության հետ: Սիրելի տիկին Խոդիկյան, ազատություն Նիկոլ Փաշինյանին եւ ազատություն իրերն իրենց անունով անվանելու մեր իրավունքին:

Ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր դեպքերում պատրաստ ենք հրապարակել հակառակ տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել