Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏ՝ ԿՈՆՅԱԿԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Սպառողների համար արտադրվում են ոչ միայն մենթոլի, այլեւ կոնյակի, վանիլի եւ շոկոլադի համերով սիգարետներ

1994-ից 2009թ. ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ծխախոտի արտադրության համար «Ֆիլիպ Մորիս International» ընկերությունը $250 միլիոն է ներդրել: Ուկրաինական ծխախոտի շուկայում այս ընկերությունը շարունակում է մնալ առաջատար դիրքերում՝ զբաղեցնելով շուկայի ավելի քան 30% բաժնեմասը: Դեկտեմբերի 20-23-ը ընկերության հրավերով Ուկրաինայի Խարկով քաղաք մեկնած հայ լրագրողներին այս մասին ասաց Խարկովի ծխախոտի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Աննա Շչիրայան: Նրա խոսքով, չնայած շուկայում իրենց ընկերության արտադրանքի մեծ պահանջարկին, ճգնաժամի հետեւանքով նախորդ տարի Ուկրաինայում իրենց ընկերությունը ծխախոտի արտադրության ծավալների զգալի նվազում է արձանագրել. «Անցած տարի արտադրվել է 39 միլիարդ ծխախոտ, այս ցուցանիշը գրեթե մոտենում է 2006-ի ցուցանիշին, մինչդեռ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում արտադրվում էր 44 միլիարդ ծխախոտ»: Արտադրանքի ծավալների նվազումը տիկին Շչիրայան պայմանավորում է նաեւ վերջին երկու տարվա ընթացքում ծխախոտի ակցիզների ռեկորդային թանկացումներով: Ըստ նրա՝ վերջին շրջանում Ուկրաինայում ակցիզային հարկը 6 անգամ բարձրացել է, ինչն էլ ստիպել է ընկերությանը որոշակիորեն բարձրացնել նաեւ ծխախոտի վաճառքի գինը. «Սա էլ նպաստեց ծխախոտի շուկայում նոր կեղծիքների առաջացմանը, այսպես ասած՝ «սեւ» շուկա գոյացավ: Մաքսանենգ ճանապարհներով կեղծված ծխախոտն ավելացավ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան շուկաներում»: Նա դժվարացավ ասել, թե ծխախոտի անօրինական շուկան Ուկրաինայում քանի տոկոս է կազմում, որովհետեւ, ըստ նրա, դրա վերաբերյալ չկա վիճակագրություն: Ուկրաինայում արտադրվող ծխախոտը ոչ միայն ուկրաինական շուկան է ապահովում, այլեւ արտահանվում է Մոլդովա, Վրաստան եւ Հայաստան: Խարկովի գործարանի տնօրեն Բեղզատ Տյուրեգյունն էլ ասաց, որ իրենք չեն քարոզում ծխելը. «Մեր գործառույթը քարոզելը չէ, այլ բարձրորակ ծխախոտ առաջարկել այն չափահաս մարդկանց, ովքեր որոշել են ծխել: Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, բոլորն էլ գիտեն, որ ծխախոտը վնասակար է առողջությանը»: Նրա խոսքով, ծխախոտի բարձր որակն ապահովելու համար ֆաբրիկան գործի է դրել գերժամանակակից տեխնիկաները:

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Ֆիլիպ Մորիս»-Ուկրաինան ունի 1300 աշխատակից, իսկ միայն Խարկովի գործարանի աշխատակիցների թիվը հասնում է 900-ի: Այստեղ աշխատում է նաեւ 60 հաշմանդամ: Լրագրողներին հնարավորություն տրվեց նաեւ հետեւել ծխախոտի արտադրման ընթացքին՝ սկսած թութունի մշակումից, դրա չորացման գործընթացից մինչեւ ծխախոտի ստեղծման փուլը: Արտադրամասերում, թութունի հոտից բացի, կարելի էր զգալ նաեւ, օրինակ, վանիլի կամ շոկոլադի ու կոնյակի հոտեր: Ծխախոտն այստեղ արտադրվում է ըստ սպառողի ճաշակի՝ տարբեր համերով: Պարզվում է, որ ծխախոտի հումքին, թութունից բացի, որոշակի քանակությամբ տարբեր բույր ունեցող օշարակներ են խառնում, իհարկե՝ դա նախ եւ առաջ կախված է ծխախոտի տեսակից: Ծխախոտի հումքն էլ աշխարհի տարբեր երկրներից է հասնում Ուկրաինա: Նախքան Խարկովից ծխախոտը կհասնի Հայաստան, այն նախ արտադրամասում «հարդարվում» է հայկական ակցիզային դրոշմանիշերով:

Ֆաբրիկայի պատասխանատուները վստահեցրին, որ արտադրության բոլոր փուլերում արտադրանքը 15 րոպեն մեկ լաբորատոր փորձարկման է ենթարկվում: Վերջին տարիներին նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ էլ ֆաբրիկայի յուրաքանչյուր մեքենա յուրաքանչյուր մեկ րոպեում 10.000 ծխախոտի գլանակ է արտադրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել