Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻՆ ՇԱՏ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, ՄԻՐԳ ԵՎ ՉԻՐ ՏՎԵՔ

Փետրվար 25,2011 00:00

Որպեսզի նա առողջ մեծանա

\"\"

Երեխայի օրգանիզմի ֆիզիկական ու մտավոր զարգացումը, նյութափոխանակության բնականոն ընթացքը, իմունային, հորմոնային եւ այլ համակարգերի նորմալ գործունեությունը մեծամասամբ կախված է նրա ընդունած սննդի որակից եւ քանակից: Երեխան պետք է ամեն օր ընդունի սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպով եւ վիտամիններով հարուստ սնունդ: ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մանուկների եւ դեռահասների բաժնի աշխատակիցներն այս առնչությամբ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, թե 5-17 տարեկան երեխաներին հատկապես ինչպիսի սնունդ է անհրաժեշտ ընդունել, որպեսզի նրանց ֆիզիկական եւ մտավոր զարգացումը բնականոն եւ առանց շեղումների լինի: Այս մասնագետները հաշվի են առել նաեւ մեր տարածաշրջանի բնակլիմայական պայմանները: Նրանք համոզված են, որ ցածր եւ միջին դասարանների աշակերտների՝ կեսօրին ընդունած սննդի էներգետիկ արժեքը կազմում է 1 օրվա ընթացքում նրանց ընդունած սննդի 35%-ը, ուստի այս տարիքի երեխաների ցերեկվա կերակրի վրա պետք է առավել ուշադրություն դարձնել: Նշենք, որ 14 տարեկանից բարձր տարիքի երեխաներին ճիշտ կերակրելու համար արդեն նշանակություն ունի նրանց սեռը: Օրինակ՝ աղջիկ երեխաները պետք է ավելի շատ հացամթերք ուտեն, քան տղաները: Չնայած տղա երեխաները ձու ավելի շատ են ուտում, քան աղջիկները, սակայն, ըստ ճիշտ սնվելու սննդակարգի, երեխաները 5-17 տարեկանում պետք է օրական ուտեն 1-ից ոչ ավելի ձու: Մսի եւ ձկնամթերքի օգտագործումը բոլոր տարիքի երեխաների համար պարտադիր է: Մսի օգտագործման քանակությունը պետք է ավելացնել երեխայի տարիքին համընթաց. 5-6 տարեկան երեխայի օրգանիզմը կարիք ունի օրական 120 գրամ մսի, 7-10 տարեկանինը՝ 140 գրամ, իսկ արդեն 14-17 տարեկանում՝ 220 գրամ: Սննդակարգում ձկան քանակությունը նույնպես պետք է ավելացնել երեխայի տարիքին համընթաց, բայց ոչ այնքան, որքան միսը. մինչեւ 13 տարեկան երեխան պետք է ուտի 40-60 գրամ ձկնամթերք, իսկ 14-17 տարեկանում՝ արդեն 60-70 գրամ: 5-13 տարեկան երեխաներին օրական պետք է տալ մոտ 500 գրամ կաթ, իսկ քանի որ շատ երեխաներ կաթ չեն սիրում, ապա նրանց պետք է տալ դրան փոխարինող սննդամթերքներ, օրինակ՝ կաթնաշոռ, թթվասեր, պանիր, բայց ոչ 500 գրամ, այլ յուրաքանչյուրից 10-50 գրամի չափով: Կաթնաշոռի, թթվասերի եւ պանրի օգտագործումը կարելի է նաեւ համադրել օրական 500 գրամ կաթի հետ:

Շատ անապահով ընտանիքներում երեխաներին կերակրում են մակարոնով եւ տարբեր փլավներով, սակայն մասնագետները հավաստիացնում են, որ այս սննդատեսակի օգտագործումն այնքան էլ օգտակար չէ դպրոցահասակ երեխաների համար: Նրանք օրական կարող են ուտել ընդամենը 10-35 գրամ տարբեր փլավներ: Լոբազգիներ նույնպես պետք չէ շատ օգտագործել: Անկախ ընտանիքի սոցիալական վիճակից, ծնողները երեխաներին կարտոֆիլ շատ են տալիս, որոշներն էլ խուսափում են, սակայն 5-17 տարեկան երեխաներին ուղղակի անհրաժեշտ է կարտոֆիլը. 5-10 տարեկանում՝ օրական 100-200 գրամ, արդեն 17 տարեկանում՝ 300 գրամ: Ի տարբերություն մեծերի, երեխաների համար ավելի օգտակար է կենդանական ճարպը, քան բուսականը, չնայած դրա օգտագործումն էլ է կարեւոր, ուստի բոլոր երեխաների սիրած տապակած կարտոֆիլը ծնողներն ավելի լավ է կարագով տապակեն:

Ընդհանրապես երեխաները կարիք ունեն եւ նրանց համար շատ օգտակար են բանջարեղենները, մրգերը, չրերը եւ հատապտուղները եւ դրանց օգտագործումը ինչքան հնարավոր է պետք է հաճախակի դարձնել: Բավականին տարածված այն կարծիքին հակառակ, որ երեխաներին պարտադիր է թեյը, փաստորեն այնքան էլ ճիշտ չէ, ցանկալի է, որ նրանք օրական ըմպեն ընդամենը 1 բաժակ թեյ, այն էլ քաղցր: Նախընտրելի է նաեւ, որ թեյի հետ երեխան խմորեղեն ուտի:

Այլ սննդատեսակների օգտագործման ժամանակ էլ պետք է հաշվի առնել դրանց էներգետիկ արժեքը: 5-6 տարեկան երեխան օրական կարող է եւ պետք է ընդունի 1940-2075 կիլոկալորիականությամբ սնունդ, 7-10 տարեկանը՝ 2295-2425, 11-13 տարեկանը՝ 2870-3105, 14-17 տարեկանը՝ 3130-3400:

Նշենք, որ առաջիկայում կառավարությունը պետք է 1-4-րդ դասարանների երեխաների համար դպրոցական սնունդ հատկացնի եւ հենց այս պահանջներից ելնելով է երեխաներին սնունդ մատակարարվելու: Առայժմ այս տարիքի երեխաներին սնունդ է մատակարարում «Պարենի համաշխարհային ծրագիրը», այն էլ մի քանի դպրոցներում, սակայն 2 տարի հետո այն իրականացվելու է պետական մակարդակով: Ծրագրի նպատակն այն է, որ երեխաները երկար ժամանակ՝ առավոտյան 08:30-ից մինչեւ ժամը 13-14-ը քաղցած չմնան եւ ավելի կենտրոնացած լինեն ուսման վրա:

Սա «կխփի» շատ դպրոցներում գործող բուֆետների գործին, սակայն մի կողմից էլ ավելի լավ՝ երեխաները կսկսեն սնվել նորմալ եւ ապահովագրված կլինեն բուֆետներում վաճառվող անհայտ ծագման սննդից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել