Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գազատար խողովակից արտահոսք կա

Մարտ 17,2011 00:00

\"\"Արդեն 7 տարի է՝ գազատար խողովակի հարեւանությամբ ապրող բնակիչները գազի հոտից խեղդվում են:

Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 2-րդ տան բնակիչ Լյուսյա Վարդանյանն արդեն 7 տարի դժգոհում է, որ իր տան դիմացի գազի խողովակին ամրացրած փականից գազի արտահոսք կա, սակայն գազի սպասարկման տեղամասային բաժանմունքի տեսուչները նրա բողոքներին արձագանքում են միայն փականը փոքր-ինչ ձգելով: «Ամեն անգամ, երբ իրենց դիմում եմ, գալիս են փականը ձգում են ու վերջ, բայց, ախր, ամեն անգամ նորից արտահոսք է լինում: Մեր տան դռան դիմաց է ընկնում այդ փականը, հենց դուռը բացում ենք, խեղդվում ենք: Արդեն հոտառություն չունենք, սովորել ենք գազի հոտին եւ սովորական է դարձել այդ հոտը: Մի օր էլ թունավորվելու ենք կամ հրդեհ է բռնկվելու, անպայման պետք է դեպք պատահի, որ խնդիրը լուծե՞ն»,- «Առավոտի» հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց տիկին Լյուսյան:
Բագրատունյաց 2-րդ նրբանցքում գազի խողովակները, այլ թաղամասերի համեմատությամբ, բավականին ցածր են տեղադրված ու երբ այդ փողոցով բեռնատար է անցնում, անպայման հպվում է խողովակներին, ինչի հետեւանքով փականից գազի արտահոսքն ավելանում է: Լ. Վարդանյանի խոսքերով. «Եթե սովորական ժամանակ միայն հոտն ենք առնում, ապա մեքենայի՝ խողովակին հպվելուց կամ հարվածելուց հետո արդեն գազի փսոց ենք լսում: Դա էլ նրանց համար բավական չէ: Գազի տեսուչներն ինձ ասում են, որ շատ էլ նորմալ բարձրության վրա են խողովակները, հնարավոր չէ նման բան լինի: Ասում են, որ իբրեւ թե նախկինում մեր պատը չի եղել, դրա համար են այդպես անցկացրել խողովակները, բայց երկար տարիներ այստեղ ապրում ենք եւ այդ պատը միշտ էլ եղել է, խողովակներն են ավելացել: Այն ժամանակ, որ անցկացնում էին գազի խողովակները, խելքս չկտրեց, որ նման խնդիրներ են առաջանալու, բայց արդեն չենք կարողանում դիմանալ»:
Այս առնչությամբ դիմեցինք նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որտեղից պատասխանեցին, որ պետք է տեղում ուսումնասիրություններ կատարեն, որից հետո միայն կարող են պարզաբանումներ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել