Լրահոս
Օրվա լրահոսը

«Էշ ջան, սատկիլ մի, գարուն կգա»

Մարտ 17,2011 00:00

Նոր տարին Վանաձորի «Խնձորուտ» թաղամասի բնակիչները դիմավորել են առանց խմելու ջրի

\"\"Վանաձորի Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցի շուրջ 10-15 տուն նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից զրկված է խմելու ջրից:
Կիսաքանդ փողոցի ձյունն ու սառույցը հաղթահարելով, արդեն քանի ամիս է՝ բնակիչներն օրական 10-20 անգամ կտրում են շուրջ 200 մետր ճանապարհը՝ անտառի փեշի տակից հոսող ջուրը տուն հասցնելու համար: Հավաքած ջուրն էլ օգտագործում են կենցաղում ու անձնական հիգիենայի համար:
Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից փողոցի ջրատար խողովակը փոխարինվել է նորով, որը, սակայն, մի քանի օր աշխատելուց հետո այժմ ջրով չի ապահովում բնակիչներին:
Սարգսյանների 4 հոգուց բաղկացած ընտանիքը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից զրկված է խմելու ջրից: «Հին ջրագիծը կա, այժմ էլ ջուրը միջով նորմալ գնում է: Հիմա բերել են, պլաստմասսայե խողովակներ քաշել, չգիտեմ էլ ինչու: Նորմալ ջուր ունեինք, թե ինչի փոխեցին, չեմ հասկանում»,-նեղսրտում է Համեստ Սարգսյանը:
Ձմռանը տաքանալու համար ընտանիքը ջեռուցման կաթսայի փոխարեն այժմ փայտով է տաքանում. կաթսան ջրով է աշխատում, իսկ ջուրը չկա: «Մեր տան բաքսին անջատել ենք ջուր չլինելու պատճառով, հայաթի խնձորենին ենք կտրել, որ տաքանանք: Ձմեռվա կեսին եկան, ջուրն անջատեցին՝ չմտածելով, որ ստեղ մարդիկ են ապրում: Տանս ծեր ունեմ, հղի հարս, քանի անգամ ջուր կրելուց վեր ենք ընկել, Աստված չանի՝ վատ բան լինի, իրա՞նք են պատասխան տալու»,- շարունակում է բողոքել տիկին Համեստը:
\"\"Բեգլարյանների 4 հոգանոց ընտանիքն էլ այս տարվա հունվարի 20-ից ջուր չունի: «Նոր խողովակները մի որոշ ժամանակ աշխատեցին, հետո դադարեց ջրի մատակարարումը: Հավանաբար խցանումներ են առաջացել»,- բացատրում է Արտավազդ Բեգլարյանը: Նա մի քանի անգամ գնացել է «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ, ասել են, որ ձյունը հալչելուն պես մասնագետներին կուղարկեն, կվերացնեն թերությունները: Սակայն՝ ապարդյուն: «Մարդկանց մարդու տեղ չեն դնում, քանի ամիս է՝ ջուր ենք կրում, արհամարհական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ: Հարցը ջուր կրելը չէ, այլ այն, որ եկան, առանց մտածելու, որ այստեղ մարդիկ են ապրում, էս տներում ժողովուրդ կա, փոխեցին նորմալ ջրագիծը»,- շարունակում է Արտավազդ Բեգլարյանը:
«Զանավեսկա ունեմ լվալու, սպիտակեղեն: Բերած ջուրն էլ որ մի քիչ մնում ա, տակը սաղ կեղտ ա երեւում, խմում ես, բան չես հասկանում, մենակ ուռչում ես,- բողոքում է թաղամասի մեկ այլ բնակչուհի՝ Գայանե Աղամալյանը,- գնում ենք գյուղ, էնտեղ լողանում, բայց էլ չենք կարում, սենց ո՞նց կլինի, իբր ամեն ինչ թամամ էր, էս էլ ավելացավ»:
Արտավազդ Բեգլարյանն ու մյուս բնակիչները փաստում են, որ խողովակները բերել-հասցրել են տարածք, իսկ միացումը բնակիչներն են արել: «Բերեցին-հասցրին խողովակները, միացումներն էլ թողին ժողովրդի ուսերին: 30.000 դրամ եմ ծախսել միացումներն անելու համար: Արեցի, բայց ուր է՝ ջուր չկա»,- ասում է Արտավազդ Բեգլարյանը:
Բնակիչն ասում է, որ ցանկության դեպքում մասնագետները կարող են հին աշխատող գծից ջուրը նորից տուն հասցնել:
Բնակչուհի Համեստն էլ ավելացնում է. «Գնացի, ասացին էսքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք, էսա մայիս ա գալու, ջրերը կքչքչան, ձեր ջուրը կգա: Ես էլ ասի, էնա ասա՝ էշ ջան, սատկիլ մի, գարուն կգա»: Համեստը որոշել է օրերը տաքանալուն պես փորել հողն ու իր տան հին ջրագիծը վերականգնել: «Ասում ա՝ քեզ դատի կտամ, կպատժեմ, որ տենց բան անես: Բա հիմա ես ո՞ւմ դատի տամ, ո՞ւմ պատժեմ, որ 3 ամիս ա ջուր եմ կրում ու էգուց կարող ա կոնդանամ»,- ասում է ընտանիքի մայրը:

Հ. Գ. Նյութը պատրաստելուց հետո բնակիչներից տեղեկացանք, որ վերջապես «ջրերը տվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել