Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԻՑ ՆՊԱՍՏ, ԱՌԱՆՑ ՏՈՆԵՐԻ

Մարտ 17,2011 00:00

Բազմազավակ ընտանիքը ապրում է դժվարին սոցիալական պայմաններում

\"\"

Կապանի բնակիչ, բազմազավակ մայր Անահիտը Մարտի 8-ը դիմավորեց սովորականի պես: Շքեղ նվերների կամ թանկարժեք ծաղկեփնջերի չէր էլ սպասում Անահիտը՝ ընտանիքի սոցիալական պայմաններից ելնելով: Ինչպես շատ կանայք՝ նա էլ իր ցանկություններն ունի, բայց ամենամեծ ցանկությունը նույնիսկ կանանց մեծարման այս միամսյակում իր տեղը չի զիջում տոնական ցանկություններին: Միակ ուզածը բազմազավակ ընտանիքի հորը՝ իր ամուսնուն, մշտական աշխատանքով ապահոված տեսնելն է, որպեսզի մեծ ընտանիքը փոքրիշատե բարեկեցիկ կյանքով ապրի:
Վեց երեխաների մայր՝ 38-ամյա Անահիտ Վանյանն իր բազմազավակ ընտանիքի հետ ապրում է Կապանի Երկաթուղայինների փողոցում: Տարիներ շարունակ այստեղ գոյատեւում են ամսական 52 հազար դրամ նպաստով եւ շատ հաճախ զարմանում են, թե այդքան չնչին գումարով տարիներ ի վեր սոցիալական դժվարին պայմաններում ինչպես է կարողացել հոգալ մեծ ընտանիքի կարիքները: Անահիտն ու ամուսինը չեն աշխատում, երբեմն-երբեմն ամուսնուն հաջողվում է մեկ կամ երկու ամիս ժամանակավոր մի գործ գտնել, սակայն միշտ չէ, որ կատարած աշխատանքի դիմաց վարձատրվում է: Վերջերս նա թռչնաֆաբրիկայում էր աշխատում, սակայն ինչպես շատ այլ աշխատավայր-աշխատատեղեր, այս մեկն էլ փակվեց եւ 6 երեխաների հայրը կրկին անգործ մնաց, աշխատած գումարի մի մասն էլ չստացավ: Ընտանիքը սպասում է աշխատավարձին, որպեսզի խանութում գոյացած պարտքը մարի, իսկ մինչ այդ ստիպված են լինում ամեն օր խանութից պարեն վերցնել ու ավելացնել պարտքը, միաժամանակ հետաձգելով պարտքի մարման օրը:
Ոչ միայն սնունդը, այլ նաեւ հագուստը այս ընտանիքը պարտքով է ձեռք բերում, եւ ամսվա վերջին նպաստով փորձում պարտքի գոնե մի փոքր մասը մարել: «Մինչեւ էս մի երեխայի համար կոշիկ եմ առնում, էն մյուսինն ա ճղվում, չեմ հասցնում էս մեկի պարտքը տամ, գնում էն մյուսի համար եմ պարտքով նոր հագուստ առնում: Ծանոթ մարդիկ են ընդառաջում, պարտքով տալիս, բայց ես էլ ամաչում եմ իրենց մոտ գնամ: Փորձում եմ երեխեքիս ինչքան հնարավոր է ապահովեմ իրենց ուզածով: Ճիշտ է, ամեն ինչ չի հաջողվում, բայց ամենաանհրաժեշտ բաները գոնե պիտի առնեմ: Չեմ կարող նրանց զրկել շատ բաներից: Հոգուս վրա ծանր է նստում, երբ իրենք մի բան են ուզում, բայց ի վիճակի չեմ լինում նրանց ցանկությունն անեմ, ծնողի համար դա շատ ցավագին ա»,- ասում է ընտանիքի մայրը:
Զրուցակցիս խոսքով, իրենք ոչ մեկին չեն դիմում, յոլա են գնում եւ ընտանիքը պահելու հույսը միայն իրենց վրա դնում: Սակայն տարեցտարի, երեխաների մեծանալուն զուգահեռ, ավելի է ծանրանում ընտանիքի բեռը: Վանյանների ընտանիքում 4 աղջիկ եւ 2 տղա կա, երեխաներից մեկն ուսանող է, 4-ը՝ դպրոցահասակ, իսկ ամենափոքրը՝ մանկապարտեզահասակ: Անուշիկը դպրոց է հաճախում, միշտ ցանկացել է պարերի եւ մարմնամարզության պարապմունքների հաճախել, առայժմ ծնողների հնարավորությունները չեն ներում նրա ցանկությունները կատարել, բայց խոստացել են եւ հավատում է, որ շուտով կհաջողվի եւ ինքն էլ շատ երեխաների պես կմասնակցի պարապմունքների: Անուշիկը ծննդյան 8-ամյակին դպրոցական պայուսակ էր ցանկացել, հինը քրքրված էր եւ դրանով ամաչում էր դպրոց հաճախել: Աղջնակի ցանկությունը Անուշ տատը կատարեց եւ հիմա Անուշիկը նոր պայուսակ ունի:
Բազմազավակ մոր միակ ցանկությունն ու հույսն այն է, որ իր ամուսինը մշտական աշխատանք ու հաստատուն աշխատավարձ ունենա: Տիկին Անահիտն ասում է, որ պետությունից ընտանիքի կարիքներին համապատասխան աջակցություն չի ստանում: Վեց երեխա ունեցող ընտանիքն այսօրվա գնաճային պայմաններում ընդամենը 52 հազար դրամ նպաստ է ստանում: «Էդ գումարը ոչ տան վարձերին ա հերիք անում, ոչ երեխեքի գրքերի փողերին, ոչ հագուստին: Հարուստ բարեկամ չունենք, որ օգնեն մեզ, հողամաս ունենք, բայց դե կոմբինատը ահագին տեղ վերցրել ա, մի կուճի կտոր ա մնացած մեզ: Տարեցտարի հետ ենք գնում, առաջ էսպես չի եղել: Էս տարի խայտառակ վիճակ ա, գներն ահավոր բարձրացել են, չենք հասցնում: Պետությունն ասում ա՝ երեխա բերեք, բազմացրեք հայ ազգը, բայց բերածին ինչպես պետք ա չի օգնում: Թող գան տեսնեն ինչպես ենք ապրում, հետո ասեն՝ բազմացրեք ազգը: Դե բերողին թող օգնեն, որ կողքինը տեսնի օգնում են՝ ինքն էլ բերի: Չեն բերում, մեկ կամ երկու երեխայով սահմանափակվում են հայերը: Չգիտեմ, ինչքան էսպես կշարունակվի, բայց դե կարող ա մի լույս բացվի հանկարծ, նորմալ աշխատենք, կարողանանք երեխեքիս ուզածներն անենք»,- եզրափակում է իր զրույցը վեց երեխաների մայր Անահիտ Վանյանը եւ փորձում, այնուամենայնիվ, լավատեսորեն նայել կյանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել