Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հիասթափեցնել

Մարտ 24,2011 00:00

\"\"Երիտասարդ վոկալիստները՝ առանց նախագահի մրցանակի

«Առավոտը» (19.03.11թ.) անդրադարձել էր ՀՀ նախագահի դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում երիտասարդական ամենամյա մրցապայքարին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երիտասարդ վոկալիստների պայքարում հանձնախումբը՝ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանի գլխավորությամբ, որոշել է թափուր թողնել մրցանակային տեղը՝ որեւէ երիտասարդ երգչի չշնորհելով հեղինակավոր այս մրցանակը: 
Հանձնախումբը, իհարկե, իրավասու է որոշումներ կայացնել, գնահատականներ տալ, սակայն տարօրինակն այն է, որ իսկապես տաղանդավոր երիտասարդ կատարողների մեջ, որոնք արժանի են խրախուսման, մասնագետները (օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյան, կոնցերտմայստեր Օլգա Խաչիկյան, պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյան, դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) 6 մասնակցից գոնե մեկին արժանի չեն համարել ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Սա այն դեպքում, երբ հայկական վոկալ դպրոցը հայտնի է աշխարհում: Շատերն են խոսում այն հարուստ ավանդույթների մասին, որոնք ձեւավորվել են մեզ մոտ եւ որոնց շնորհիվ հայ երգիչ-երգչուհիները միջազգային մրցույթներում ոչ միայն արժանանում են մրցանակների, այլեւ զարդարում հեղինակավոր օպերային թատրոնների ու դահլիճների բեմերը:
ՀՀ նախագահի այս մրցանակը նախեւառաջ խրախուսանք է, միջոց՝ քաջալերելու մեր երիտասարդներին, նրանց ինքնավստահություն ներշնչելու, արդեն ակնհայտ  շնորհները խթանելու: Ուրեմն հանձնախմբում չգտնվե՞ց գոնե մեկը, ով պրոֆեսիոնալ մտահոգություն հանդես բերեր եւ տեսներ իսկապես գոնե մեկ շնորհալիի: Ժամանակին համաշխարհային հռչակ վայելող Գոհար Գասպարյանն ու Գոհար Գալաչյանը, Վահան Միրաքյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանն ու մյուս անվանիները՝ ղեկավարելով նման հանձնախմբեր, որոշումներ էին կայացնում, այս պարագայում, սակայն, այլ մոտեցումների հետ գործ ունենք՝ հավանաբար հանձնախմբին «վերեւից» հանձնարարված է «անցկացնել» կամ ցանկալի թեկնածուին, կամ մրցանակ չշնորհել ոչ ոքի:
Փաստենք, որ մրցույթի մասնակիցների մեջ կային հենց այնպիսիք, ովքեր հասցրել են հիացնել ոչ  միայն հայաստանցի, այլեւ օտարերկրացի հանդիսականին: Եզրափակիչ փուլ անցած 6 երիտասարդներից որեւէ մեկի անունը հատուկ  չենք առանձնացնում՝ հանձնախումբը հրաշալի  գիտի՝ ով ով է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել