Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղմասից մինչեւ քծնանք

Մարտ 25,2011 00:00

«Առավոտի» երեկվա համարում «Կինոդիտում, ծեծկռտուք, քաղմաս» հրապարակմամբ անդրադարձել էինք չորեքշաբթի օրը «Նարեկացի» արվեստի միությունում երիտասարդ կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Հասցեն՝ Հայաստան» եւ «Դհարմայի անիվը՝ Թեղուտ» վավերագրական կինոնկարների ցուցադրութանը, դրան հաջորդած լեզվակռվին, որի արդյունքում կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը եւ սցենարիստ Գոռ Առաքելյանը հայտնվել էին քաղմասում: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին պատմող 36 րոպեանոց «Հասցեն՝ Հայաստան» ֆիլմը հենց սկզբից տարօրինակ ճակատագրի էր արժանացել: Այն նկարահանող «Հայկ» կինոստուդիան չէր ընդունել ռեժիսորի առաջարկած հեղինակային օրինակը, եւ արդեն նկարահանված նյութի հիման վրա մոնտաժել էր առանձին տարբերակ՝ «Թիմը» խորագրով (26 րոպե): Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարիստի հետ քաղմասում հայտնվելու պատճառը քննարկման ժամանակ Մ. Սարիբեկյանի հարցն էր, թե ինչո՞ւ պետբյուջեի միջոցներով նկարահանված «Թիմը» ֆիլմը մինչ այսօր ոչ մի տեղ չի ցուցադրվել. «Ֆիլմի վրա փող է ծախսվել, պետք է ցուցադրվի, Ռուբեն Կեւորկով հասկացողությանը դուք չե՞ք ասել, ինչի ֆիլմը չեք ցուցադրում…»:

Երեկ կապվեցինք «Հայկ» կինոստուդիայի ղեկավար Ռուբեն Գեւորգյանցի հետ, նախ իմանալու, թե որքա՞ն գումար են տրամադրել նշված ֆիլմը նկարահանելու համար եւ ինչո՞ւ 2009 թվականին նկարահանված աշխատանքը մինչ օրս չի ցուցադրվել որեւէ տեղ: Վերջինս առաջին անգամ էր լսում «Հասցեն՝ Հայաստան» ֆիլմի մասին: Ավելի ուշ, երբ հասկացավ, որ խոսքը «Թիմը» վերնագրով ֆիլմի մասին է, չցուցադրվելու մասով այսպես արձագանքեց. «Որտե՞ղ ցուցադրենք»: Ավելի ուշ նշեց, որ ֆիլմը ֆինանսավորվում եւ նկարահանվում է պատմության համար, ոչ թե ցուցադրվելու:

Երեկ ռեժիսոր Դավիթ Ստեփանյանից փորձեցինք իմանալ, թե ի՞նչ զարգացումներ եղան քաղմասում. «Ինչքանով կողքից լսել եմ՝ ամեն ինչ նորմալ էր»: Երբ նյութը պատրաստ էր, խմբագրություն զանգեց Ռ. Գեւորգյանցը եւ խնդրեց հրապարակել իր կարծիքը կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի մասին. «Քաղմասը իսկը Մանվել Սարիբեկյանի տեղն է»: Սրան ի պատասխան էլ, Սարիբեկյանը նախ ասաց, որ միջադեպի պատճառը երիտասարդ հեղինակների ոչ պրոֆեսիոնալ կամ արվեստի մարդկանց ոչ վայել պահվածքն է եղել, առողջ քննարկում ծավալելու կուլտուրայի բացակայությունը. «Այդ երիտասարդներից մեկը «տղայավարի» արձագանքեց իմ հարցին, ընդ որում՝ այդ տղայի տարիքն այնքան է, որքան ես կինոյում եմ: Մի քանի անվայել խոսքի ու քաշքշուկի պատճառով հայտնվեցինք ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում, հետո ամեն ինչ հարթվեց, մեզ բաց թողեցին: Նշեմ, որ վերջին 20 տարիների կինոյի աքսակալ-չինովնիկ-օլիգարխիկ բրոքեր Ռուբեն Կեւորկովը կարող է իրեն թույլ տալ նման ձեւով արտահայտվել իմ հասցեին, որովհետեւ ինքս եւ ինձ հետ համակարծիք մի քանի կինեմատոգրաֆիստներ արդեն տեւական ժամանակ տարբեր ատյաններում բարձրաձայնում ենք, որ նման մեխանիզմի պայմաններում չի կարող լինել կինոյի զարգացում, երբ պետական աջակցությունը կինոարտադրությանը՝ իրականացվում է Կեւորկովների կողմից ստեղծված մոդելով… Կեւորկովը սկսած «Հայֆիլմ» կինոստուդիայի, Կինոմիության ունեցվածքի օտարումներից, վերջացրած վավերագրական ֆիլմերի ճակատագրում իր անձնական մասնակցությունն ունենալուց, շարունակում է վնասներ բերել հայ կինոյին: Բոլոր ժամանակների իշխանություններին քծնող, հետո նրանց որպես նախկիններ փնովելու Կեւորկովի տակտիկան հաստատ լավ վերջաբան չի ունենա»:

Հ. Գ. «Դասեր քաղելով» տեղի ունեցածից, «Նարեկացի» արվեստի միությունը որոշեց, որ այսուհետեւ ֆիլմերի դիտումից հետո այլեւս քննարկումներ չեն լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031