Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՖԻՑԻՏ ՉԵՂԱՎ՝ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԵՂԱՎ

Ապրիլ 26,2011 00:00

\"\"«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի համասեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը սպառողներին խոստացել էր, որ Զատիկի տոներին ձվի դեֆիցիտ չի լինի, քանի որ ձու են ներկրել նաեւ Ուկրաինայից: Գործարարը, ինչպես որ խոստացել էր, ձվի պակաս չեղավ, սակայն սպառողներն այս անգամ էլ խաբվածի կարգավիճակում հայտնվեցին. տոն օրերին Լուսակերտի թարմ ձվերի հետ սպառողների վրա «սաղացվեցին» նաեւ ուկրաինական ժամկետանց ձվերը: Սուրբ Զատիկի տոներին ընդառաջ, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած ձվերի հետ միասին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի մի շարք խանութներ էին առաքվել նաեւ ուկրաինական ձվեր, որի միայն մակնշումից պարզ երեւում է, որ ձուն ժամկետանց է: Ուկրաինական սպիտակ ձվերի վրա կարմիրով հստակ գրված է 31. 03.11: Այսինքն՝ սա ոչ թե արտադրության ժամկետն է, այլ պիտանելիության համար նախատեսված վերջին օրը:
Որոշ խանութներում, որտեղ վաճառվում էին այս ձվերը, վաճառողները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենց չեն զգուշացրել, որ այդ ձվերը ժամկետանց են կամ էլ ուկրաինական. «Հո հատ-հատ չե՞նք նայելու: Առաքիչները բերում են արկղերով, մենք էլ ընդունում ենք: Մտքներովս էլ չի անցել, որ ժամկետանց են, բացի այդ, մենք գիտեինք, թե էդ ամբողջ արկղում միայն Լուսակերտի ձվեր են: Ներկրված ուկրաինական ձուն առանձին արկղով չէին բերում, այլ Լուսակերտի հետ խառը՝ նույն արկղով»:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս տարվա մարտին հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկային» տուգանեց 100 միլիոն դրամով: Սակայն տուգանվելուց հետո էլ այս ընկերությունը շարունակում է շուկայում անարդար գործել եւ սպառողների առողջության հաշվին շահույթներ ստանալ:
Ձվի դեֆիցիտի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության պատասխանատուները մի շարք միջոցառումներ էին ձեռնարկել. կազմակերպվել է ձվի ներկրում Ուկրաինայից եւ արգելվել ձվի արտահանումը Հայաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել