Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Մայիս 25,2011 00:00

\"\"Վաստակավոր մանկավարժը պնդում է, որ քաղաքական հայացքների համար իր դեմ քայլեր են արվում, բայց առաջին հերթին եւ հիմնականում՝  երեխաներն են տուժում:

Ետխորհրդային Հայաստանի համար ամենածանր տարիներին, երբ երկիրը հայտնվել էր սոցիալ-տնտեսական ճգնաժամի ճիրաններում, իսկ դպրոցներում՝ ցրտի պատճառով կրճատվում էին դասաժամերը, 1991 թվականին Էջմիածնում նոր ուսումնական հաստատություն բացվեց. իր տեսակի մեջ միակ Ներսիսյան վարժարանը:
Ի տարբերություն հանրակրթական մյուս դպրոցների, այստեղ ուսուցումը սկսում էր միջին դպրոցից, իսկ դասավանդվող առարկաների քանակը մի քանի անգամ ավելի էր միջնակարգ դպրոցների առարկաներից:
Ներսիսյան վարժարանն իր 20-ամյա գործունեության ընթացքում ի մի բերեց Էջմիածնի եւ հարակից գյուղերի օժտված երեխաներին՝ լրացուցիչ գիտելիքներով նրանց որակյալ ուսուցումը կազմակերպելու համար: «Ամեն տարի մեր շրջանավարտների 97-98 տոկոսը համալրում է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ուսումը չէին շարունակում միայն նրանք, ովքեր ամուսնանում կամ երկրից դուրս էին գալիս: Մեր վարժարանի սաներից շատերն այժմ կարեւոր պաշտոններ են վարում տարբեր հաստատություններում»,-ներկայացրեց կրթօջախի հիմնադիր եւ նախկին տնօրեն Համլետ Նահատակյանը:
Այսօր, 20 տարի անց, նախկին է ոչ միայն տնօրենը, այլեւ՝ վարժարանը: Ավագ դպրոցների գործելուն պես՝ կրթօջախը զրկվեց վարժարանի կարգավիճակից եւ համալրեց հիմնական դպրոցների շարքը: Հիմնադրի կարծիքով՝ կրթօջախին կարգավիճակից զրկելը պայմանավորված է իր քաղաքական հայացքներով: Համլետ Նահատակյանը արցախյան պատերազմին զինվորագրված Էջմիածնի առաջին կամավորական խմբի ղեկավարն էր, 1990-95 թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ ու համակիր, ՀՀՇ կուսակցության անդամ:
Ընդդիմադիր հայացքներով նախկին տնօրենը հակված է մտածել, որ Ներսիսյան վարժարանի շուրջ զարգացումները իր քաղաքական դիրքորոշմամբ են պայմանավորված, քանի որ, բացառությամբ իր հիմնադրած վարժարանի, հանրապետության, այդ թվում՝ Արմավիր քաղաքում գործող այլ վարժարաններ չվերաձեւակերպվեցին: «Որ հաշվի չառան պատերազմում ունեցած ներդրումս, մի կերպ հասկանում եմ, բայց որ անտեսեցին երեխաների առաջադիմության բարձր ցուցանիշները, դա չեմ հասկանում: Եթե ուսումնական հաստատությունը բարձր ինտելեկտով ու համակողմանի հետաքրքրություններով օժտված երեխաներ է կրթում, որոնք դպրոցական բուն ծրագրից բացի եւս 16 լրացուցիչ առարկա են սովորում, այդ թվում՝ մի քանի օտար լեզուներ, ինչպե՞ս կարելի է վերցնել ու առանց լուրջ հիմնավորման փոխել կարգավիճակը: Չէ՞ որ տասնյակ տարիների տքնաջան աշխատանք ենք տարել, որ նման արդյունք ունենանք»,- նկատեց Համլետ Նահատակյանը:
ՀՀՇ-ական մանկավարժին տարիներ առաջ էլ դասաժամերից զրկեցին եւ ուղարկեցին վաստակած հանգստի: Դա հաջորդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի շրջանում Նահատակյանի դրսեւորած ակտիվությանը: Վերջինս հատկապես աչքի ընկավ քարոզարշավի էջմիածինյան հատվածում ելույթով, որից օրեր անց ճաշակեց դրա դառը պտուղները: «Չեմ հասկանում, ի՞նչ կարեւոր է՝ ինչ կուսակցության անդամ եմ, կամ՝ ինչ գաղափարախոսության կրող: Ես առաջին հերթին հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ եմ, եւ երբեք դասը քաղաքականության հետ չեմ շփոթում: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ո՞նց կարող եմ կերպար վերլուծելու ժամանակ քաղաքական դասեր տալ: Եթե նման գործերով զբաղվեինք, տարիներ շարունակ առաջադիմության նման բարձր ցուցանիշ չէինք ունենա»,- ասաց քաղաքական հայացքների զոհ մանկավարժը, որի սաները «թշնամուդ լեզուն պետք է իմանաս» տրամաբանությամբ լավ սերտել են նաեւ թուրքերենը:
«Այլախոհ» ուսուցիչը չէր համակերպվում գործազուրկի իր կարգավիճակի հետ: Հիմա այս անհանգստությանը ավելացել է նաեւ իր հիմնադրած վարժարանին կարգավիճակից զրկելու մտահոգությունը:
Նաեւ չի թաքցնում, որ ավագ դպրոցների ստեղծման գործում իր բազմամյա ու արդարացված փորձն էլ կիրառվեց: Միայն թե, զարմանում է, որ 1998 թվականին, երբ առաջին անգամ կրթական իր ստեղծած համակարգում ներդրեց առարկայական հոսքային ուսուցումը, ԿԳ նախարարությանն այնքան էլ դուր չեկավ, նույնիսկ կանչել՝ հիմնավորում էին պահանջել: «Բայց հիմա իրենք են կիրառում եւ վատ չէ»,- ասաց:
Հ. Գ. Համլետ Նահատակյանը հպարտորեն է նշում, որ գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն ու Գագիկ Մելքոնյանը իր կամավորական խմբում են եղել: Հարցին, թե վարժարանը նախկին կարգավիճակին վերադարձնելու հարցում ինչո՞ւ չի դիմում իր գեներալների օգնությանը, ասաց՝ նրանց չեմ ուզում խառնել այս գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել