Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ

Հունիս 25,2011 00:00

Իսկ իրականում՝ լրիվ հակառակն է

\"\"

Կրթական համակարգում վերջին տարիներին որդեգրված արագ փոփոխությունների քաղաքականությունը, ինչը նպատակամղված է խորհրդային տարիներից գործող եւ փայլուն գիտնականների համաստեղություն դաստիարակած կրթահամակարգի արդիականացմանը, կարծես թե հասել է վերջնական հանգրվանի՝ առնվազն փոփոխությունների արմատական մասի առումով: Խոսքն այստեղ չի գնում ընթացակարգայինների մասին, որոնք կարող են իրականացվել աշխատանքային կարգով:
Մի կողմ թողնելով բոլոր քննարկումները, որոնք վերաբերում են նման արմատական փոփոխությունների հիմնավորվածությանը, ցանկանում ենք հանրության ուշադրությանը եւ քննարկմանը ներկայացնել մեր մտահոգությունը՝ մի հարցի վերաբերյալ:
Ժամանակին բոլոր բուհերի ուսումնական պլանների հանրապետական բաղադրիչում, բացի առկա «ռուսաց լեզու» եւ «օտար լեզու» դասընթացներից, ԱԺ որոշմամբ ներառվեցին «հայոց լեզու» եւ «հայ ժողովրդի պատմություն» առարկաները: Դեմ լինելով հանդերձ՝ կարելի էր ըմբռնումով մոտենալ եւ, նույնիսկ, ուժերի լարումով հիմնավորել այդ որոշման անհրաժեշտությունը: Բնականորեն, որպես հետեւանք, կրճատվեցին մասնագիտական դասընթացներին հատկացվող ժամաքանակները: Այս մոտեցումը խորհրդային տարիներից հայտնի «նախ քաղաքացի, ապա մասնագետ» սկզբունքի նորագույն դրսեւորումներից էր: Այսօր արդեն մենք ապրում ենք այլ իրողությունում: Խոսքը տասներկուամյա կրթական համակարգի մասին է: Մեր խորին համոզմամբ, ինֆորմացիայի օրավուր աճող ծավալներին համեմատական հանրակրթական դպրոցներում ուսումնառության տարիների քանակի մեխանիկական ավելացմանը պետք է նախորդեր դասավանդվող առարկայացանկերի եւ ծրագրերի արմատական վերանայումը՝ «բուհ+դպրոց» միասնական անխզելի համակարգում, այն էլ ծրագրերի բյուրեղացմամբ եւ արդիականացմամբ՝ համահունչ համաշխարհային զարգացումներին: Կրթահամակարգի ակտիվ փոփոխությունների ժամանակահատվածում չարված այդ քայլը դարձել է օրվա հրամայականը՝ միջազգային մակարդակով մրցունակ երիտասարդ սերունդ ունենալու ցանկության առկայության պայմաններում:
Համաձայն կանոնակարգի՝ ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է, որը պետք է նախապատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն: Ենթադրվում է, որ բուհը աշխատանքային շուկայի բաղադրիչներից մեկն է: Հետեւաբար, եթե մենք պահպանում ենք բուհում հանրակրթության բաղադրիչի մաս կազմող «հայոց լեզու», «հայ ժողովրդի պատմություն», «ռուսաց լեզու» եւ «օտար լեզու» առարկաները, ապա արհեստական տարբերակում ենք մտցնում աշխատաշուկայի մեկ բաղադրիչի (բուհի) եւ մնացածների միջեւ՝ դրանով իսկ նվաստացնելով կրթության դերը մարդկային գործունեության այլ ոլորտներում:
Իրականությունը, սակայն, ավելի գորշ է, քան կարելի է պատկերացնել: Ոչ միայն դպրոցի, այլ նույնիսկ բուհերի շրջանավարտների շրջանում զգալի տոկոս են կազմում տարրական գրագիտություն չունեցողները:
Ասվածը կարող է վկայել միայն մեկ բան: Ինչպես ցույց տվեց կրթահամակարգի բարեփոխումների ողջ ընթացքը, այս կամ այն առարկային հատկացված ժամաքանակը քիչ է որոշում մնացորդային գիտելիքի ծավալը: Առաջնային է մատուցվող կրթության որակը եւ կրթված մասնագետի պահանջարկը՝ կենսապահովման տանելի պայմանների երաշխավորվածությամբ: Ցավոք, պետք է խոստովանել, որ օրըստօրե կորցնում ենք մեր մրցունակությունը, մեծ դժվարությամբ ձեռք բերած մասնագիտական ուրույն դեմքը՝ իր երբեմնի բարձր որակով ու մակարդակով: Անտարակույս, դա այլեւս աղետալի եւ կործանարար է, ինչը հարկադրում է գիտակրթական ոլորտի բարեփոխումները շարունակել հայ ազգի հեռահար նպատակներին համապատասխան:
Ամփոփենք: Հաշվի առնելով այժմ արդեն հանրապետությունում գործող տասներկուամյա կրթահամակարգի առկայությունը՝ անհրաժեշտ է բոլոր ոչ մասնագիտական դասընթացները տեղափոխել ավագ դպրոց՝ դիտելով դրանք հանրակրթական մակարդակով պարտադիր ՀՀ տարածքում: Կարծում ենք՝ այս քայլը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի բուհում լիակատար եւ ամբողջական մասնագիտական արդիական կրթություն տալու համար:

Լ. ԱՍԼԱՆՅԱՆ
ֆիզմաթ. գիտ. դոկտոր,
պրոֆեսոր
Հ. ԿԱՐԱՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հ. Գ. Որպեսզի մեր պնդումը լեզուների մասով թյուրըմբռնումների տեղիք չտա, տանք որոշ պարզաբանումներ: Լեզվական գործառույթներից զատ, հայոց լեզուն մեզ համար ունի ազգապահպան նշանակություն: Մեծաքանակ կամ արագ բազմացող ազգերի ազգապահպանության համար բավարար է հենց քանակը եւ լեզուն այդ առումով նրանց համար վճռորոշ չէ: Հետեւաբար, եթե իրոք ուզում ենք ՀՀ պետության ազգային բնույթը պահպանել, ապա պետք է հայոց լեզվին ցուցաբերել ոչ ձեւական հատուկ վերաբերմունք: Որպեսզի լեզուն իրականացնի նաեւ ազգապահպան գործառույթ, այն պետք է զարգանա ժամանակին համահունչ: Այդ նպատակով բնավ բավարար չէ հայոց լեզուն հռչակել պետական լեզու կամ էլ լեզվի մասին օրենքով հարկադրել մեր ժողովրդի համեմատաբար կրթված մասին դարձյալ կրկնելու նույն լեզուն: Լավագույն դեպքում այդ քայլը ավելի հանգեցնում է կիրթ մարդու լեզվական հմտությունների զարգացմանը, սակայն ի հաշիվ մասնագիտականի: Ստացվում է, խոսելով մեր մայրենի լեզվով 1 կամ երկու տարեկանից եւ 12 տարի էլ ուսանելով դպրոցում, ի զորու չենք լինում յուրացնել այն: Առաջանում է բնականոն հարց: Ի՞նչ, հայե՞րս ենք այդքան բութ, թե՞ հայոց լեզուն է խրթին: Դժվար է այստեղ բացատրություն գտնել: Ուստի մեր լեզվի զարգացման համար ավելի կառուցողական միջոցառումներ են պետք: Նախ, հայոց լեզուն պետք է դառնա հիմնական աշխատանքային լեզուն ՀՀ-ի տարածքում՝ ընդլայնվող ոլորտով: Չնայած իր համեմատաբար բարձր հղկվածությանն ու մեծածավալ բառապաշարին, հայոց լեզուն դեռեւս բավարար չափով հարմարեցված չէ գիտական ու տեխնիկական ոլորտներին: Այս բացը լրացնելը կապված է զգալի աշխատանքների հետ եւ կպահանջվի տասնյակ տարիներ: Անհրաժեշտ քայլերի թվում կարելի է նշել հետեւյալը՝ գրել ու թարգմանել բազմաթիվ դասագրքեր ու մենագրություններ, ավելացնել հայալեզու գիտական ամսագրերը: Առայժմ ավելի շատ հակառակ միտումն է դիտվում: Արդեն որոշ ամսագրերի եւ գիտաժողովների աշխատանքային լեզուն միայն անգլերենն է: Դրա անհրաժեշտությունը, հարկավ, հասկանալի է, բայց ոչ մեր լեզվի արժեզրկման գնով, քանզի կան առավել հարմար միջոցներ: Ասվածով սահմանափակվենք, քանի որ հայոց լեզվի հարցը ավելի խոր եւ լուրջ պետական ու մասնագիտական քննարկում է պահանջում:
Անգլերենը ներկայումս միտում ունի վերածվելու աշխատանքային լեզվի եւ նաեւ երիտասարդության կյանքի նպատակի: Որքան էլ աչք փակենք, միեւնույն է, զգալի է այն ուսանողների քանակը, ովքեր մասնագիտական արդի ծրագրերի շնորհիվ հույսը կորցնում ու բուհն օգտագործում են անգլերեն սովորելու եւ արտագաղթելու համար: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել