Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆԸ «ԿԲԱՐԵԼԱՎՎԻ»

Հուլիս 02,2011 00:00

Հակազգային արձանագրությունների հետեւանքները

\"\"

Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ: Այս փաստը բուռն քննարկումների առարկա է դարձել սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» էջում: Ճանաչված լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, օրինակ, գրել է. «Օրենք խախտելը արեւածաղկի սերմ չրթելու նման դյուրին գործ է դարձել մեր երկրում: Բայց այդ ամենից զատ՝ ազգային ինքնագիտակցության եւ արժանապատվության իսպառ բացակայությունն է»:
 Արման Եղոյանն էլ հեգնում է. «Դե, Նժդեհի ուսմունքը ռուսերենով ավելի ընկալելի կլինի երեխաների համար, դրա համար էլ նժդեհականները Սյունիքում բացում են ռուսական դպրոց, օյ, կներեք՝ գիմնազիա»:
 Նշենք, որ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն երեկ պատգամավորական հարցում է հղել ՀՀ վարչապետին՝ Կապանի թիվ 13 դպրոցի մասնաշենքերից մեկում ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, խնդրեմ՝ զգուշացեք: Մեր պետության համար վտանգավոր չափերի հասնող արտագաղթի պայմաններում մարզպետները շատ լուրջ են ընդունում Ձեր կատակները եւ արտագաղթողների հոսքը կանխելուն միտված գործունեություն ծավալելու փոխարեն, արտագաղթողի՝ լեզվի չիմացության խոչընդոտը հաղթահարելու նպատակով մարզում ռուսալեզու գիմնազիա ստեղծելու մասին արձանագրություն են ստորագրում: Մինչդեռ «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ նման ուսումնական հաստատություն կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ՝ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ 10-օրյա ժամկետում 1. տեղեկացնել, թե «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված վերոնշյալ պահանջները որքանո՞վ են կատարվել հիշյալ արձանագրությունը ստորագրելիս, 2. տրամադրել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրության համար հիմք հանդիսացած կառավարության որոշումը, 3. հայտնել, թե ի՞նչ առնչություն ունի ստորագրված փաստաթուղթը Միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենքի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել