Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները փախան

Հուլիս 22,2011 00:00

Հայերն իրենց ցույց տվեցին

Բլոգեր եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, լրագրողներ Հայկ Խալաթյանը եւ Եկատերինա Դերժենկոն նոր են եկել Պյատիգորսկից: Նրանք այնտեղ մասնակցում էին «Մաշուկ» 2011թ. Հյուսիսկովկասյան երիտասարդական ֆորումին: Այնտեղ նրանք հյուրի կարգավիճակով էին: «Ֆորումի նպատակները երիտասարդներին միավորելն է, տարբեր ծրագրեր ներկայացնելը եւ նրանց միջեւ փորձի փոխանակում իրականացնելը, նաեւ թուլացնել տարածաշրջանում ժողովրդների միջեւ եղած լարվածությունը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասաց հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանը: Ֆորումին մասնակցելու առաջարկություն են ստացել Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Համաժողովի հյուրերից էր նաեւ ադրբեջանական պատվիրակությունը, որը, ըստ լրագրող Հայկ Խալաթյանի, չդիմացավ ճամբարային պայմաններին եւ հեռացավ՝ պատճառաբանելով, որ գործ ունի: Ադրբեջանի այս պահվածքը ֆորումի մասնակից ազգերի մեջ բացասական վերաբերմունք էր առաջացրել, այս մասին Տիգրան Քոչարյանը հետաքրքիր մանրամասներ պատմեց, բայց խնդրեց չհրապարակել՝ ադրբեջանական լրատվամիջոցները «ուշիուշով» հետեւում են հայկական մամուլին: Փոխարենը՝ եռանդամ հայ պատվիրակությունը կարողացավ ամեն ձեւով իրեն դրսեւորել: «Կազմակերպեցինք Հայաստանի երեկո եւ երկու շնորհանդես արեցինք, մեկը պատմում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա պատմության, մշակույթի, պատերազմի եւ հետպատերազմյան շրջանի, մյուսը՝ սփյուռքի մասին, քանի որ այնտեղ շատ սփյուռքահայեր կային»,- պատմում է Տիգրան Քոչարյանը: Նա ասում է՝ իրենք շատ լավ հասկանալով, որ ֆորումի մասնակից հյուսիսկովկասյան շատ երկրների ժողովուրդներ պայքարի, ուժի սիրահար են, նրանց ներկայացրին աշխարհահռչակ հայ մարզիկների անցած ուղին՝ դրանով շարժելով այդ ազգերի համակրանքը մեր նկատմամբ: «Սփյուռքի մեր հայրենակիցները սկզբից մի քիչ վախենում էին, միգուցե ժամանակին ուրիշ հայեր են գնացել: Բայց երբ տեսան, որ երեք հոգի 2000-ի մեջ հպարտ քայլում են եւ իրենց երկրի պատմությունը պատմում, բոլոր միջոցառումներին մասնակցում, նրանք էլ սկսեցին հպարտ զգալ»,- ասում է Տ. Քոչարյանը: Հյուսիսկովկասյան տարածաշրջանում շատ հայեր կան, ըստ պարոն Քոչարյանի, նրանցից շատերն են ուզում կապը միշտ պահել հայրենիքի հետ. «Կարծում եմ՝ սփյուռքի նախարարությունը պետք է այս ուղղությամբ լավ աշխատի, ավելի ուշադիր լինի»,- ասում է բլոգերը, ում Պյատիգորսկի հայերը պատմել էին՝ սփյուռքի նախարարությունից եկել էին, այնտեղ ելույթ էին ունեցել հայերեն, բայց նրանց չէին հասկացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել