Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ եռաչափ անիմացիայով

Սեպտեմբեր 10,2011 00:00

Տարածաշրջանում՝ առաջին անգամ

\"\"

Այս տարի Ազատության հրապարակում կայացավ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համերգը: Օգտագործելով նորագույն տեխնիկական հնարավորությունները, եռաչափ անիմացիոն աշխատանքի՝ 3D Mapping-ի միջոցով, կազմակերպիչները զարմացրին հայ հանդիսատեսին: Մեր տարածաշրջանում 3D Mapping-ն առաջին անգամ այդ համերգի ընթացքում օգտագործվեց: Օպերայի շենքի ճակատին պրոյեկցված եռաչափ աշխատանքի միջոցով ներկայացվեց մեր երկրի, Կիլիկիայի պատմությունը, աշխարհի արարման, Նոյյան տապանի թեման: Օպերայի եւ բալետի շենքին հարող հրապարակում հին հունական ոճի ամֆիթատրոն էր կառուցվել, ճաշակով էր արված նաեւ լուսավորությունը եւ տպավորիչ՝ հայոց այբուբենի հայտնությունը շինության վրա:
180 հոգանոց «Գոհար» երաժշտախումբը, որը լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի հովանավարությամբ է գործում, արդեն 10 տարի աշխարհի տարբեր բեմերից՝ Կարնեգի Հոլից մինչեւ Կրեմլի Մեծ դահլիճ, տարածել է հայ երգն ու երաժշտությունը: «Գոհարը» համերգներով հանդես է եկել Լիբանանում, Կիպրոսում, Սիրիայում, Ստամբուլում, ԱՄՆ-ի 6 քաղաքներում եւ այլուր:
«Գոհար» երաժշտախմբի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Դոմինո պրոդաքշնի» համահիմնադիրներ Արամ Հարությունյանը եւ Աշոտ Առաքելյանը օրերս «Առավոտի» խմբագրությունում էին եւ խոսեցին երաժշտախմբի հետագա ծրագրերի մասին: Ա. Առաքելյանի փոխանցմամբ, «Գոհարի» հետ «Դոմինո պրոդաքշնը» համագործակցում է արդեն մի քանի տարի, իսկ «Հայասա» ընկերությունը զբաղվում է երաժշտախմբի արտասահմանյան համերգներով: Մեր զրուցակցի փոխանցմամբ, հայաստանյան համերգին պատրաստվել էին 1 տարի, այժմ համերգի նկարահանված տարբերակի մոնտաժն են իրականացնում: Շուտով պատրաստ կլինի նաեւ DVD տարբերակը, որը կտարածվի ողջ աշխարհում:
«Գոհարի» բոլոր համերգները վերածվել են DVD-ների, որոնք յուրատեսակ երաժշտական այբբենարան են: Երգերն ունեն հայերեն եւ լատինատառ հայերեն ենթագրեր, այսինքն՝ հայերեն այբուբենը չիմացողը կարող է սովորել հայերենը եւ երգել: Ա. Առաքելյանի խոսքով, հայաստանյան համերգը դիտել է 80 մլն հանդիսատես՝ այդ թվում ադրբեջանցիները: Իրենց հեռուստաընկերության եթերում այն ցուցադրելու համար նրանց են դիմել «Միր» հեռուստաընկերության մոսկովյան գրասենյակից, նաեւ հետաքրքրվել են գերմանական CDF-ից ու CNN-ից: Վերջիններս դիմել են «Դոմինո» կազմակերպությանը, որպեսզի իրենց որոշ ծրագրերում օգտագործեն համերգի կադրերը: «Դոմինոյի» համահիմնադիր Ա. Առաքելյանը նշում է, որ Օպերայի շենքը գեղեցիկ է իր ճարտարապետությամբ, միեւնույն ժամանակ՝ բարդ ճարտարապետական կոնստրուկցիա ունի: Եթե 3D Mapping-ի համար օգտագործում են 4 պրոյեկտոր, ապա այս դեպքում ցանկալի արդյունք ստանալու համար օգտագործել են 12-ը:
Ա. Հարությունյանի խոսքով, «Ի տարբերություն այլ երեւանյան համերգների, երբ հանդիսատեսը կարող է, դիցուք, արեւածաղիկ չրթել, մեր պարագայում ամֆիթատրոնը տրամադրում էր բարձր մթնոլորտ»:
Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ «Գոհարն» այժմ նախապատրաստվում է 2012–ին Արգենտինայում կայանալիք մեծ համերգին, իսկ 2013-ին հանդես կգա Փարիզում եւ եվրոպական այլ քաղաքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել