Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները գերազա՞նց են աշխատել

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 83-րդ կիլոմետրի փլուզված վայրում հոկտեմբերի աշխատանքները շարունակվում են: Դժվար է 250 մ երկարությամբ տարածքում, հողի տակ գտնել 5 անհետ կորածներին. աշխատանքները կատարվում են թեք տարածքում, եւ հողի հեռացրած շերտի փոխարեն վերեւից կարող է հոսել այլ հողակույտ: Գտնվել էր անհետ կորած, Արճիսի բնակիչ Նորիկ Միրզոյանին պատկանող «Վազ-2106» ավտոմեքենան: Այն ջարդված էր, հողի մեջ խրված եւ հողով լցված: Կռունկով մեքենան հանելու բոլոր փորձերը ապարդյուն անցան: Որքան էլ կռունկը ճոպանով ձգում էր, միեւնույն է` վերեւից հողի շերտն ավելի էր ճնշում: Դեպքի վայրում էր Նորիկի եղբայր Ժորան, ով փորձում էր եղբոր որոնման գործը կազմակերպել: Այդտեղ էր նաեւ Ռուսաստանից ժամանած Նորիկի որդին, ով զայրացած էր, որ հայրը ժամանակին իրեն չի լսել եւ Ռուսաստան չի տեղափոխվել: Անհետ կորած Նորիկի թոռը` 15-ամյա Նորիկ Միրզոյանը, պատմեց, որ այդ չարաբաստիկ օրը պապի հետ ավտոմեքենայով այգիներից տուն էին վերադառնում: Այդ ժամանակ ձորից հանում էին սեպտեմբերի 28-ին վթարված վրացական բեռնատարը, պապը մոտեցել է, փորձել օգտակար լինել, ու հողը փլվել է: Թոռը պատմում է, որ 10 մ միասին են վազել, սակայն այլեւս չի տեսել պապին: Իսկ անհետ կորած Մեխակ Սորսումատյանի քրոջ ամուսինը դժգոհեց, որ որոնողական աշխատանքները շատ դանդաղ են կատարվում. «Գնալու եմ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի առաջ, ի նշան բողոքի, նստեմ»,- ասաց նա եւ հրաժարվեց հայտնել իր անունը: Երեկ դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գետնի վրա աշխատող տեխնիկային օգնում էր ռազմական մեկ ինքնաթիռ, ակտիվ նկարահանումներ էին անում վրացական «Մաեստրո», «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը: Նախարար Երիցյանին հարցրինք, թե արդյոք իր նախարարության աշխատակիցները թերացում չունե՞ն, որ սեպտեմբերի 30-ի փլուզումից հետո 2 օր անց նույն վայրում նոր փլուզում է եղել, եւ ո՞վ է ղեկավարել առաջին՝ զոհեր չբերած, փոքր փլուզումից հետո ձորում հայտնված մեքենան հանելու գործը, որի պատճառով եղել է մեքենաների կուտակում եւ մեծ փլուզում: Նախարարն ասաց, որ սեպտեմբերի 30-ի փոքր սողանքի մասին իրենք տեղյակ են եղել, որ այդ սողանքային գոտին իրենց կողմից հաշվառված էր, իսկ կոնտեյների ձորից հանելու գործողության ժամանակ ամեն ծառայություն իր գործն է արել: Նախարարը տեղյակ չէր, թե կոնտեյները հանելու համար բեռնատար կռունկը ով էր բերել: Արմեն Երիցյանը փրկարարների աշխատանքը գերազանց գնահատեց, մինչդեռ անհետ կորածների հարազատները հուսահատությունից սեղմել էին բռունցքները: Ոչ ոք բարձրաձայն չէր ասում, բայց հողի տակ գտնվողներին ողջ փրկելու շանսերը չնչին են:                                                                                                                                                                                                               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել